
Այսօր կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կասյան փողոցը Վազգեն 1–ին կաթողիկոսի անվամբ կոչելու առաջարկը։ Այն ընդունվել է միաձայն՝ 45 կողմ: Ավագանու նիստում նաև խոսել են մայրաքաղաքում շինարարական նորմերը խստացումների մասին, անդրադարձել են նաև վթարային շենքերի խնդիրներին։ Անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին առնչվող խնդիրներին։
Քաղաքային իշխանությունները պատմամշակութային հուշարձանների հետ կապված խնդիրները լուծելու առումով ավելի խիստ մոտեցում են որդեգրել։ Համենայնդեպս՝ այսպես վստահեցնում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով պատմամշակութային հուշարձաններին կից կամ հարակից տարածքներում կատարված կամ կատարվող կառուցապատումներին։ Անթույլատրելի են այդ հուշարձանների տեսքի աղավաղումն ու խաթարումը։ Ավինյանը վստահեցնում է, որ այդ առումով կոորդինացված և ինտենսիվ աշխատանք է տարվում ԿԳՄՍ նախարարության հետ․
«Միգուցե ինչ-որ իրավական ճանապարհներով կարող են հիմնավորվել, որ, այնուամենայնիվ, սեփականատերերն իրենք են և այդտեղ որոշակի իրավունքներ ունեն, չունեն։ Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ ոչ մի իրավունք իրենք չունեն այդ շենքերի նկատմամբ։ Մենք էլ քանդելու ենք։ Այսօր չլինի, վաղն ենք քանդելու»։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի այն շենքերին, որոնք պատմամշակութային հուշարձաններ չեն, բայց ծանրաբեռնված են կցակառույցներով ու մանսարդներով, կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն նման փորձերը կանխելու համար։
Ավագանու նիստում խոսվեց նաև մայրաքաղաքում ընթացող շինարարության պատճառած անհարմարությունների մասին։ Հայտնի է, որ Երևանի մթնոլորտում փոշու մակարդակը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Քաղաքապետարանը որոշել է խստացնել շինարարության համար սահմանված նորմերը, շինհրապարակների կահավորմանը ներկայացվող պահանջները։
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը կարծում է, որ նախևառաջ գործող նորմերը պետք է խստորեն պահպանվեն․
«Արդեն իսկ ունենք ընդունված բազմաթիվ նորմեր, բայց տեսնում ենք, որ դրանք չեն իրականացվում և վերահսկողությունը շատ վատ է իրականացվում։ Կարծում եմ մեզ մոտ շատ ավելի լուրջ խնդիր է դրված՝ եղածը վերահսկել և միջոցներ ձեռնարկել։ Թե չէ կարող ենք անվերջ ավելացնել, խստացնել նորմերը տնտեսվարողների համար, բայց, եթե չենք ապահովում այդ նորմերը, մի տեսակ արդար չի ստացվում»։
Ցանկացած ահազանգ արագ արձագանք է ստանում և կանխարգելիչ քայլեր են արվում, վստահեցնում է քաղաքաշինության և հողի վերահոսկողության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը։ Նա պնդում է, որ անհնար է յուրաքանչյուր շինարարության քաղաքապետարանի մեկ աշխատակցի կցել․
«Կարևորը արագ ու ճիշտ արձագանքելն է և դրանով նաև մյուս կառուցապատողներին բերել, այսպես ասած, այդ նույն տրամաբանության մեջ, որ հասկանան՝ դա անընդունելի է և դա վերահսկվում է համայնքի կողմից»։
Ավագանու որոշ անդամներ վթարային շենքերի խնդիրը բարձրաձայնեցին, նշելով, որ որոշ դեպքերում վթարային շենքերի բնակիչները շատ լուրջ անվտանգային խնդրի առջև են կանգնած, բայց անտեսված են մայրաքաղաքային իշխանությունների կողմից։
Փոխքաղաքապետ Ավինյանըչի կիսում գործընկերների այդ դիտարկումը։ Նա թվարկում է այն վթարային շենքերը, որոնց խնդիրներին անձամբ է ծանոթացել, որոշակի քայլեր են ձեռնարկվել։
«Արցախի փողոցի վթարային շենքեր ես անձամբ այցելել եմ, Արզումանյան փողոցի վթարային շենքերի բնակիչների հետ պարբերաբար շփումներ ունենք և այդտեղ գործընթաց կա։ Եթե խնդիր կա, որը իրականում մարդկանց անվտանգությանն է վերաբերում, ես ուղղակի կոչ եմ անում՝ մեզ տեղեկացնել և ես վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը անմիջապես կսկսի միջոցներ ձեռնարկել, որ խնդիրը լուծվի»։
Քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը տեղեկացրեց, որ մայրաքաղաքի փոփոխված բյուջով 550 մլն դրամ է հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով բնակարանների գնման վկայականներ ձեռք բերելու համար։




