
Երկարատև քննարկումներից հետո հաստատվել է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը։ Այն մինչև 2035թ ընդհանրական աշխատանքներ իրականացնելուն ուղղված փաստաթուղթ է։ Հայաստանի տնտեսության համար կարևոր այս ոլորտի ներկայացուցիչները, սակայն, 2021–ից սկսած բազում խնդիրներ ունեն։ Դրանք սրվեցին հատկապես անցյալ տարի, երբ դրամը մոտ 20 տոկոսով արժևորվեց։ Ընկերությունները աջակցություն են ակնկալում, բայց կառավարությունը ֆինանսական աջակցության մեխանիզմեր չի քննարկվում։ Փոխարենը այլ մեխանիզմներ արդեն գործարկվում են։ Որո՞նք են դրանք, ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը։
2022–ին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 10 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը։ Առաջին եռամսյակի տվյալներով, սակայն, հազար խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում հանքարդյունաբերական ձեռնարկությունները զիջել են դիրքերը, բացառությամբ ԶՊՄԿ–ի։ Ոլորտում առկա խնդիրները հիմնականում արտարժութային ռիսկերով են պայմանավորված։ Հանքարդյունահանողները կենտրոնական բանկից են աջակցություն ակնկալում, բայց գլխավոր դրամատունը գնաճի զսպմանն ուղղված միջոցառումներ է իրականացնում։ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը հստակեցնում է՝ Կենտրոնական բանկը չի կարող փոխարժեքի վրա արհեստական ազդեցություն ունենալ։
«Եթե մենք ուղղակի ֆինանսի հարցն ենք դիտակում՝ որպես աջակցություն, այս պահին նման գործիք չենք քննարկում։ 2022–ի սեպտեմբերից արտահանման տուրքը հանվեց, սա ոլորտի համար կարևոր է»,– նշում է փոխնախարարը։
Երբ 44–օրյա պատերազմից հետո թշնամուն անցավ Քարավաճառը, խնդիրներ առաջացան նաև Սոթքի հանքավայրում։ Այն շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հայտարարեց, որ դադարեցենում է աշխատանքները։ Այժմ Սոթքում հանքավայրը շահագործվում է ստորգետնյա եղանակով։
Այս պահին Հայաստանում ոլորտից ամենամեծ արդյունքն ակնկալվում է Ամուսլարի հանքավայրի շահագործումից։ Այս պահին հանքավայրում ինժեներական աշխատանքներ են ընթանում։ «Լիդիան Արմենիա»–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասում է՝ հեշտ չէր երկարատև դադարից հետո վերսկսել աշխատանքները․
«Բազմաթիվ աշխատանքներ են ենթադրվում և արվում են։ 2018թ 70–80 տոկոսը աշխատանքների իրականացվել էր։ Այժմ գնահատումներ են արվում՝ արդյո՞ք այդ հանգույցները կարող են շարունակել շինարարությունը, թե ոչ։ Նախատեսում ենք այս տարի սկսել, 2024–ին կունենանք մեր առաջին ոսկին»։
Փետրվարի վերջին կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը ՀՀ–ինն է։ Կառավարությունը դրա դիմաց չի վճարելու ոչինչ։ Փոխարենը գործարքն ապահովագրելու է որոշակի ռիսկերից։ Այս մասին հայտարարվեց համաձայնագրի ստորագրման ժամանակ։ Սակայն Հայկ Ալոյանը հստակեցնում է՝ պետությունից յուրահատուկ ռիսկերի ապահովագրում չեն ակնկալում․
«Ունենանք գործընկերային հարաբերություն։ Ընկերությունը շարունակի իր գործունեությունը, ապահովված լինի ոչ թե ֆինանսական, այլ ավելի «սոֆթ» ռիսկերից՝ այն ռիսկերից, որոնք կառաջանան գործունեության ընթացքում, բայց ոչ բիզնեսին վերաբերող։ Դա դեռ քննարկման առարկա է, վերջնական փաստաթուղթ չունենք»։
Խնդրահարույց, բայց տնտեսության համար կարևոր այս ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ամեն ինչ անում են ընդերքի ռացիոնալ օգտագործման համար։ Այսպիսով՝ հանքարդյունաբերության ռազմավարությունը հաստատված է։ Դա մի փաստաթուղթ է, որն ուղղված է մինչև 2035թ ընդհանրական աշխատանքներ իրականացնելուն։ Բայց այս փաստաթուղթը քաղհասարակության ներկայացուցիչների կողմից միանշանակ չի ընդունվում։ ՏԿԵ փոխնախարարը վստահեցնում է, որ այժմ էլ պատրաստ են փաստաթղթի հետ կապված նոր քննարկումների։




