

Արսեն Բաբաջանյան՝ ժամանակակից ակադեմիական երաժշտությունն ու ստեղծարարությունը
Գերմանիայում բնակվող հայ երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հետ հանդիպման բուն առիթը հանդիսացավ վերջերս կայացած Մանսուրյանի անունը կրող ժամանակակից կոմպոզիտորների մրցույթում երկրորդ մրցանակի արժանանալը:
Կոմպոզիտորը պարբերաբար հայրենիք այցելելով՝ միշտ հանդես է գալիս նոր երաժշտական նախագծերով, համերգային նախաձեռնություններով և նոր ստեղծագործությունների կատարումներով թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում:
«Անշուշտ, Գերմանիայում ապրելով՝ ինքնաբերաբար հայտնվում ես երաժշտական ստեղծագործական ընթացքների մեջ, առնչվում թե՛ տարբեր սերունդների կոմպոզիտորների, թե՛ տարաբնույթ համույթների, երգչախմբերի և մենակատարների հետ, ինչը խթանում է սեփական ստեղծարարությունը և մշտապես պահում որոշակի ստեղծագործական վիճակի մեջ»,-պատմում է Արսեն Բաբաջանյանը:
Վերը նշածը պարտադրում է ժամանակակից կոմպոզիտորին ճկունություն ցուցաբերել երաժշտության արտահայտչամիջոցների ընտրության առումով, և Արսեն Բաբաջանյանը համարձակորեն կիրառում է ամենատարբեր մոտեցումներ ու մեթոդներ:
Այսպիսիք են 8 սաքսոֆոնի համար գրված պիեսի մայիսյան պրեմիերան, ինչպես նաև՝ «Էսքիզներ Կատարինայի համար» դաշնամուրային պիեսների 2 տետրերը:
Բացի այդ նա աշխատում է հոգևոր երաժշտության ոլորտում, ինչպես նաև՝ ժամանակակից գործիքային երաժշտության ասպարեզում՝ Հայաստանում ներկայանալով «Քրոսռոուդզ» փառատոնի շրջանակում:
Այդ փառատոնը պարբերաբար անցկացվում է Հայաստանում ամենատարբեր համերգային հարթակներում՝ ներկայացնելով աշխարհի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Արսեն Բաբաջանյանն այդ փառատոնի ամենաակտիվ մասնակիցներից է և համարում է, որ նման ձևաչափն իրական կամուրջ է հանդիսանում տարբեր երկրների մշակութային երկխոսության համար, քանի որ համաշխարհայինի հետ համազոր կերպով ներկայացված է նաև մերօրյա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հաջորդ ժանրային տիրույթը, որի շրջանակում կոմպոզիտորը ստեղծագործում է էլեկտրոնային, համակարգչային երաժշտությունն է: Այս ոլորտը առավել մեծ ազատության և ինքնադրսևորումների հնարավորություն է հանդիսանում, քանի որ ստեղծագործողը կապված չէ կատարողի, ժամանակի և տարածության հետ:
Այս աշխատանքը կատարվում է անձնական ստուդիայում, և Արսեն Բաբաջանյանը պարբերաբար հանդես է գալիս համացանցային հրապարակումներով՝ առավել ակտուալ և անհրաժեշտ համարելով ժամանակակից ստեղծագործողի համար ներկայացված լինելը ինտերնետային ամենատարբեր հարթակներում, ինչը ստեղծում է լայն հնարավորություն առնչությունների և համագործակցությունների համար:
Հաջորդ յուրօրինակ ոլորտը, որում աշխատում է կոմպոզիտորը, երաժշտական կոլաժն է: Այն համեմատելի է կերպարվեստում ընդունված տեսակների հետ և թույլ է տալիս օգտագործելով հայտնի կամ անհայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ համադրել իրար հետ, ենթարկել մշակման և ներկայացնել որպես հեղինակային արվեստ:
Այդպիսին է «Անհայտ զինվորին» նվիրված կոլաժը: Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտորի բազմաբնույթ նորարարական ստեղծագործությունները: