

«Ժամանակի վկան» հաղորդաշարը յուրահատուկ գիտահանրամատչելի հարթակ է, որտեղ բացի հայագիտական հստակ ուղղություններից, շարունակաբար լուսաբանվում են Հայաստանում և Արցախում տեղի ունեցող հանրապետական և միջազգային գիտաժողովները։ Այս կերպ, ես, որպես հաղորդաշարի հեղինակ, ձգտում եմ ակադեմիական բարձր և ոչ հանրամատչելի մակարդակներում քննարկման դրված թեմաները ներկայացնել մեր ունկնդիրներին։
Կարևոր է հասարակական տարբեր շերտերին հնարավորություն ընձեռել հայագիտության զարգացման միտումներին, արդի թեմաներին ու ձեռքբեումներին պարբերաբար տեղեկացված լինելու։ Այս առումով Հանրային ռադիոն քաղաքական բովանդակության և ամենօրյա լրատվական տեղեկատվության մատուցումից զատ, իրականացնում է նաև շատ կարևոր՝ գիտահանրամատչելի թեմաներով լուսաբանման գործառույթ։
Այս հաղորդաժամին կրկին լուսաբանելու ենք հանրապետական գիտաժողովում հնչած կարևոր և արդիական թեմա։
Արդեն երկրորդ տարին է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, «Թաթուլ Կրպեյան Խաղաղություն» հիմնադրամի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ ջանքերով տեղի է ունենում Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիքի» շքանշանակիր Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովը։
Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես գիտաժողովի հանդիսավոր մասը մեկնարկեց հերոսի ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին՝ Թաթուլ Կրպեյանի անվան Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող զբոսայգում տեղադրված նրա հուշարձանի մոտ։ Գիտաժողովի գիտական բաժինը տեղի ունեցավ ԵՊՀ Թաթուլ Կրպեյանի անվան լսարանում, որտեղ տեղադրված է նրա կիսանդրին։
Գիտաժողովին մասնակցած և զեկուցումներով հանդես եկած փորձառու և երիտասարդ գիտնականներին շնորհվեցին հավաստագրեր։
Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովի 2023 թ․ նստաշրջանին «44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանության ենթարկված արցախահայերի մշակութային իրավունքի իրացման հարցում ստեղծված բացասական հետևանքները և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն Արցախում» զեկույցով հանդես եկավ ԵՊՀ Մշակութաբանության բաժնի ասպիրանտ, դասախոս, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի գիտաշխատող Արմինե Տիգրանյանը։
Նրա հետ այսօր կփորձենք մշակութաբանական, միջազգային մշակութային, մարդասիրական և մարդու իրավունքների ձևակերպումներով, հիմնական ուղղություններով ամփոփ գնահատել 44-օրյա պատերազմից հետո հայկական զավթված տարածքներում ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը։
Ադրբեջանական հայատյաց քաղաքականության հիմքում Արցախի հայության էթնոսոցիալական միասնությունը խարխլելու գերնպատակն է։
Մշակութային իրավունքը միջազգային իրավունքի բաղադրիչ է։ Մշակույթի հասանելիությունը, պահպանումը, իրացումը, ստեղծումը մարդու իրավունքների չափանիշ են։
Բացատրենք նաև «մշակութային պրակտիկա» եզրույթով բնորոշվող մշակութային գործառույթը կամ մշակութային ինքնարտահայտման ձևերը։
Մշակութային իրավունքը սերտորեն կապված է մարդու իրավունքների և, մանավանդ, ինքնորոշման իրավունքի հետ։
Էթնիկ զտումն ու տեղահանությունը միջազգային իրավունքում հստակ բնորոշումներ ունեն։ Էթնիկ զտումը կամ բռնի տեղահանությունը նույնպես ցեղասպանություն է։
Իսկ թե 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման և բռնի տեղահանության քաղաքականությունը ի՞նչ ծանրագույն հետևանքներ ունեցավ զավթված հայկական տարածքների հայ բնակչության համար, ավելի մանրամասն կներկայացնի օրվա բանախոսը։
Պատմական հայրենիքից զրկվելով կամ հայրենազրկվելով՝ արցախցիները զրկվում են իրենց ինքնության իրավունքը իրացնելու հնարավորությունից։ Տեղահանությունը միջազգային իրավունքում բնորոշվում է նաև որպես ռազմական հանցագործություն։ Ռասայական խտրականությունն ադրբեջանական պետական քաղաքականության հիմնական բնութագիրչներից է։
Ամփոփելով հաղորդումը նշենք, որ մեր օրերում, մեր հայրենքի մաս պատմական Արցախում կատարված էթնիկ զտումներով, բռնի տեղահանություններով իրականացվել են ցեղասպանական գործողություններ, որոնց հետևանքով տեղի է ունեցել ոչ միայն ֆիզիկական բնաջնջում և հայրենազրկում, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության կտրուկ ընդհատում՝ հղի երկարաժամկետ ծանր հետևանքերով։