Խոշորացույց

Անհատապաշտների պետականությունը կամ ով է Հայը. «Խոշորացույց»

«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվում»,- գրել է 5-րդ դարի հայ խոշորագույն մտածողների մեկը` պատմահայր Մովսես Խորենացին։

Նրանից 1500 տարի հետո արդեն 20-րդ դարի հայ խոշորագույն մտածողներից մեկը` Կոստան Զարյանը փաստել է. «Հայ լինելը բարդ ու դժվարին բան է»

Ի՞նչ ենք ցույց տալիս 15 դար իրարից բաժանող այս խոսքերը մեր ինքնության, մեր ինքնաճանաչողության մասին։ Մեր լեգենդները, առասպելներն ու էպոսը ազդում ու ազդել են մեր գիտակցության վրա։

«Դրանք ստեղծվում են հավաքական ազգի կողմից և ունեն անտրոպոգեն` մարդաստեղծ նշանակություն»,- ասում է Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարանների դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա առաջարկում է ազգը հասկանալու համար նայել զինանշանի տոտեմներին։ Դրանց մեջ տիրապետողը արծիվն է, թուրքերի մոտ գայլն է, ռուսների մոտ` արջը։

Հայերի մոտ արծիվն է խորհրդանիշ, քանի որ խառնվածքի առումով կան ընդհանրություններ։ Արծիվն անհատ որսորդ է, ի տարբերություն գայլի, որը ոհմակով է գործում։ Մեր անհատապաշտությունը հենց մեր խորհրդանիշներում է արտահայտվում։

Պետությունը կորցրել ենք, քանի որ անհատապա՞շտ ենք, թե՞ դարեր շարունակ չունենալով պետականություն` խնդիրները լուծել ենք անհատական` ընտանիքի, համայնքի մակարդակում։ Երկուսն էլ ճիշտ են, ասում է Հովհաննես Հովհաննիսյանը։

Մեր փիլիսոփա զրուցակիցը ևս մի փաստ է արձանագրում։ Երկար ժամանակ չունենալով պետականություն, բայց լինելով օտարների տիրապետության տակ, մեր հոգեբանության մեջ ենթագիտակցական մակարդակում ձևավորվել է պետական-քաղաքական իշխանության նկատմամբ օտարոտի վերաբերմունք։

Կարճ ժամանակում երիտասարդ սերնդի մոտ պետք է արմատավորել այն գիտակցությունը, որ հենց սեփական պետությունն է մեր շահերի արտահայտիչը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ո՛վ է հայը. թեմայի շուրջ ենք խոսում Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարանների դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Back to top button