
ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ։ Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում բռնությունների վերսկսման վտանգը մեծացել է։ Հիշատակվում է Լաչինի միջանցքի՝ արդեն 7 ամիս փակ լինելը, ինչը, ըստ հեղինակների, հակասում է 2020 թ.-ի հրադադարի համաձայնագրի դրույթներին: Ի՞նչ ակնկալել այս քննարկումից կամ ինչ կարող են տալ այս լսումները։
Ի՞նչ է պետք է անել էթնիկ հայերի իրավունքները պատշաճ պաշտպանելու և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում ապահովելու համար։ ԱՄՆ կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին փորձելու են լուծումներ առաջարկել ԱՄՆ կոնգրեսականները։ Հանձնաժողովում մտահոգություն կա, որ տարածաշրջանում բռնության վերսկսման ռիսկերը մեծանում են, և պետք է քննարկվի խոցելի էթնիկ բնակչությանը շրջափակման և բանակցությունների ընթացքում պաշտպանելու անհրաժեշտ ջանքերի հարցը, ինչպես նաև պետք է հանձնարարականներ առաջարկվեն այս ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության համար: Հաղորդագրության մեջ շեշտվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների կողմից ջանքեր են գործադրվում մեղմելու նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգը։
ԱՄՆ հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը կարծում է, որ լսումներից արագ արդյունքներ չպետք է ակնկալել, բայց պետք է քաջալերել այն մարդկանց, որոնք աջակցություն են ցուցաբերում և հարցը բարձրացնում են ԱՄՆ կոնգրեսում․
«Ոչ մի բան որևէ երկրում արագ չի ստացվում։ Այն, որ լսումներ կկազմակերպվեն, արդեն շատ լավ լուր է։ Քաղաքական գործիչները կլսեն վերջին նորությունների մասին, կիմանան, թե ինչ է կատարվում, ինչ է անում Ադրբեջանը հայերի դեմ Հայաստանում ու Արցախում։ Նախաձեռնությունը արդյունք կունենա, բայց չեմ կարող ասել՝ երբ»։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ շրջանառության մեջ դրվեց հենց պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Նման նախաձեռնություն էր դրսևորել հայաշատ Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն: Նա կոչ էր արել, որ ԱՄՆ պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը։
Այս տարվա փետրվարին էլ արդեն Արցախի շրջափակման դեմ ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի նախագիծ ներկայացվեց։ Այն նպատակ ուներ մեծացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի՝ ամիսներ շարունակվող շրջափակմանը: ️Օրինագծի հեղինակներն էին Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը և Բրեդ Շերմանը։
Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատ ներկայացված այս տարվա ապրիլի 25–ի օրինագծում էլ հարցը հիշատակվում է Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագծի շրջանակում։
Այս նախաձեռնությունները, սակայն, շոշափելի արդյունքներ չեն տալիս։ Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ Բաքուն անտեսում է անգամ միջազգային դատական ատյանների վճիռները։
«Նկատի ունենալով վերջին շրջանի անարդյունավետ գործողությունները աշխարհի տարբեր երկրների միջամտության արդյունքում՝ ես, անկեղծ ասած, լուրջ ակնկալիքներ չունեմ։ Եթե եղել է Հաագայի դատարանի դատավճիռ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ և չի կատարվում, սա արդեն բերում է այն համոզման, որ աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում ՄԱԿ–ի զանազան միջամտություններ, որոշումներ, բանաձևեր չունեն նախկին ազդեցությունը, որ ունեին ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր»։
Արփի Վարդանյանի կարծիքով, սակայն, թեև ոչ շուտ, սակայն հույս կա, որ արդյունքներ կլինեն ԱՄՆ կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսված լսումներից։
«Ուզում ենք, որ բացվի Լաչինի միջանցքը, որ անվտանգ լինի մարդկանց ելումուտը, որ ԿԽՄԿ–ի առաջ բացվի ճանապարհը։ Դա պետք է լինի ընդմիշտ բացված ճանապարհ։ Չգիտեմ՝ ունե՞ն կոնգրեսականներ պատասխան, թե ինչ պետք է անել այդ ուղղությամբ»։
Ամերիկայի հայկական համագումարն այս ուղղությամբ, Վարդանյանի խոսքով, ամենօրյա աշխատանք է տանում հայ համայնքի, կոնգրեսականների ու հասարակական կազմակերպությունների շրջանում։




