
Ադրբեջանի զինված ուժերն այսօր կրկին թիրախավորել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը։ Հայաստանի ՊՆ-ն հայտնել է, որ տարբեր տրամաչափի զենքերից են կրակ բացել ադրբեջանցիները։ Երասխում այսօր փորձել են վերսկսել շինարարական աշխատանքները, ինչին Ադրբեջանը պատասխանել է վերամբարձ կռունկի թիրախավորմամբ։ Շինարարությունը կրկին դադարեցվել է։ Մինչ հերթական սադրիչ գործողությունը ադրբեջանցիները կրկին կեղծ տեղեկություններ են տարածել։
Հերթական ադրբեջանական սադրանքը՝ հունիսի 16-ի վաղ առավոտյան։ Սովորական ձեռագիր է Ադրբեջանի համար. նախ՝ ապատեղեկատվություն, ապա՝ կրակոցներ։
Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ թշնամին սկսել էր կրակել դեռ մի քանի օր առաջ։ Այդ ժամանակ շինհրապարակում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի էր վիրավորվել։ Հունիսի 15-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն էին շրջայց կատարել գործարանի տարածքում, որտեղ նրանց ցույց էին տվել ադրբեջանական կրակոցների հետքերը։ Դիվանագիտական շրջայցի հենց հաջորդ օրը, երբ Երասխում փորձել են վերսկսել շինարարությունը, Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել են շինհրապարակի ուղղությամբ։ Շինաշխատանքները կրկին դադարեցվել են։
Նախօրեին ադրբեջանցիները իրավիճակը սրել էին նաև Սյունիքում։ Վիրավորվել էր ԱԱԾ սահմանապահ ուժերի զինծառայող Արթուր Ասրոյանը։ Թշնամին Տեղ գյուղի ուղղությամբ ականանետ, իսկ Կապանի հայկական դիրքի վրա՝ ԱԹՍ էր կիրառել։



Ադրբեջանական վերջին սադրանքներին խորհրդարանում անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․
«Ակնհայտ է, որ այն ամենը, ինչ կատարվում է թե տեղեկատվական դաշտում, թե դրանից հետո արդեն հաջորդող իրական հողի վրա, իրավիճակը սրելու կամ ցույց տալու համար, որ հայկական կողմը ունի ապակառուցողական դիրքավորում և մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը։ Գոնե՝ այսպես է ներկայացվում»։
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ եռակողմ հանդիպմանն է անդրադարձել Երասխի և Տեղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներին.
«Դրանք, դատապարտող հստակ գնահատականի բացակայության, Ադրբեջանում պահվող անձանց չվերադարձնելու, ինչպես նաև նոյեմբերի 9-ի Հայտարարությունից բխող այլ պայմանավորվածությունները չկատարելու ուղղակի հետևանք են։ Ձեռքբերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումը թույլ կտար խուսափել նման դեպքերից։ Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի կառավարության նիստում նշել է, որ սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի, առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը․
«Միևնույն ժամանակ, որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական։ Այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում, և հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»։
Փաշինյանի խոսքով՝ հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը. ֆիքսել սահմանազատման հիմքը և ձառնամուխ լինել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։ Նա վերահաստատել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացաների ապաշրջափամանը Հայաստանը պատրաստ է։ Վարչապետը շեշտել է նաև, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Փաշինյանը նաև ակնկալում է, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն։
Նշենք նաև, որ Միացյալ Նահանգները դեռ շարունակում է մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էր նախօրեին հայտնել.
«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ հաղթահարելու մնացած տարաձայնությունները։ Ընդհանուր առմամբ, մենք հավատում ենք, որ կա խաղաղության համաձայնագիրը կնքելու հնարավորություն»։
Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնն անհամբեր սպասում է երկու կողմերի հետ հանդիպմանը, որը թույլ կտա առաջ շարժվել խաղաղության գործընթացում:




