Երաժշտական եռանկյունի

Ժիրայր Շահրիմանյան՝ հաջողության պարադիգմա․ «Երաժշտական եռանկյունի»

Ժամանակակից ակադեմիական երաժշտության ոլորտում գործող երիտասարդ կոմպոզիտորները մշտապես մեր հաղորդաշարի ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց իրենց ուսերի վրա է հայկական կոմպոզիտորական դպրոցի սերնդափոխության գործառույթը:

Ժիրայր Շահրիմանյանն առավել ակտիվ և արդյունավետ գործող կոմպոզիտորներից է, ում ստեղծագործությունները կատարվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում:

Մայիսի 17-ին կայացած նրա հոբելյանական համերգը, որը նվիրված էր ստեղծագործողի 35-ամյակին, բուն առիթը հանդիսացավ զրուցելու ոչ միայն իր անհատական հաջողությունների մասին, այլ նաև ժամանակակից կոմպոզիտորների առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին:

«Գուցե շատերին տարօրինակ թվա, որ 35 տարեկանում նախաձեռնեցի հոբելյանական համերգ, բայց այն ինձ համար առիթ էր ոչ միայն ստեղծագործական հաշվետվություն ներկայացնելու հանդիսատեսին, այլ ամբողջացնելու տարիներ տևած որոշակի ստեղծագործական ընթացք»,- ասում է կոմպոզիտորը:

Իսկապես, դեռևս 2022թ.-ի նոյեմբերից մինչև վերջին ժամանակները, կոմպոզիտորը արձանագրում է իր խոշոր ֆորմայի ստեղծագործությունների կատարումները և պրեմիերաները, որոնցից հատկանշական է 2-րդ սիմֆոնիայի կատարումը Գերմանիայում, ինչպես նաև դեկտեմբերին և հունվարին նրա երգչախմբային ստեղծագործությունների կատարումները Պորտուգալիայում:

Հարկ է նշել, որ համագործակցությունը պորտուգալական «Ցետոբրիգա» երգչախմբի հետ պատմություն ունի, և երգչախումբը անդրադառնում է մեր հայրենակցի ստեղծագործություններին պարբերաբար: Այնուհետև մարտի 16-ին կայանում է Ժիրայր Շահրիմանյանի 1-ին սիմֆոնիայի պրեմիերան, ինչին, մեկ ամիս անց, հաջորդում է կոմպոզիտորի երգեհոնային ստեղծագործության կատարումը Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող երգեհոնահար Կոնստանտին Վոլոստնովի կատարմամբ:

«Այս ամբողջ ընթացքի գագաթնակետը, անշուշտ, հոբելյանական համերգն էր, որին մասնակցեցին աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանը և թավջութակահար Դավիթ Մելքոնյանը: Ես նույնպես հանդես եկա իմ ստեղծագործությունների կատարումներով՝ որպես դաշնակահար»,-շարունակում է Ժիրայր Շահրիմանյանը:

Կոմպոզիտորը կարևորում է այն ընթացքները, որոնք նախաձեռնում է ՀՀ կոմպոզիտորների միությունը, ակտիվորեն մասնակցում կազմակերպության աշխատանքներին, ինչպես նաև հանդես գալիս որպես կոմպոզիտոր՝ Միության կազմակերպած փառատոներում և համերգներում:

Այստեղ հարկ է նշել, որ Կոմպոզիտորների միությունը աշխատում է ներկայացնել անցած ժամանակաշրջանների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև՝ համազոր կերպով ներկայացնել ժամանակակից հոսանքներն ու նրանց ներկայացուցիցչների՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները ամենատարբեր ժանրերում:

Հաղորդման ընթացքում հնչում են Ժիրայր Շահրիմանյանի երգչախմբային և սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Back to top button