
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական բանակցությունները Քիշնևում են հնգակողմ ձևաչափով ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցելու համար Մոլդովայի մայրաքաղաք են ժամանել աշխարհի 47 երկրների ղեկավարներ։ Եթե առաջին գագաթնաժողովի ժամանակ՝ 2022-ին Պրահայում հայ-ադրբեջանական հանդիպումը քառակողմ էր՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ապա այս անգամ ձևաչափը ընդլայնվել է, և միացել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Թե ինչ արդյունքներ կգրանցի այս հանդիպումը, դեռևս պարզ չէ, բայց հանդիպումից օրեր առաջ տեղեկություն շրջանառվեց, թե Քիշնևում ինչ-որ փաստաթղթի ստորագրումը չի բացառվում։
Քիշնևի հաստատված օրակարգի համաձայն՝ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հնգակողմ հանդիպմանը հատկացվել է 1.5 ժամ։ Հանդիպումը կարևոր է համարվում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովում, ինչը բացման արարողության ժամանակ հաստատել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Քիշնևից առաջ Բրյուսելում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումներից հետո նա արձագանրում է, որ գործընթացում որոշակի առաջընթաց կա։
Հայաստանի վարչապետը Մոլդովայի մայրաքաղաք է մեկնել դեռ երեկ։ Ինչ օրակարգով է Քիշնևին նախապատրաստվել պաշտոնական Երևանը, մանրամասնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Առանցքային կետերը մի քանիսն են։
«Բացառվում է 29 800 քառակուսի կիլոմետրից դուրս՝ ավելի կամ պակաս «խաղաղության պայմանագիր» կնքել»։
Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունն այլընտրանք չունի։ Սա պաշտոնական Երևանի պայմանական երկրորդ սկզբունքն է։
«Եթե այդ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը նույնիսկ Ադրբեջանի տեսակետից չի լուծվելու։ Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը վստահ եմ՝ թույլ չենք տա։ Բայց այլ տարբերակ ուղղակի Ադրբեջանին ձեռնտու չի լինելու, և ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցը իրենց համար շատ–շատ ավելի կարևոր է, քան մեր։ Եթե չնստի և չխոսի Արցախում բնակվող հայ բնակչության հետ, մեր այդ վերքը մի օր իր պտուղները տալու է»։
Երրորդ առանցքային սկզբունքը բխում է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կիրառման փորձից։ Այն հայկական կողմին հուշում է, որ պետք է պահանջել երաշխավորների ամուր մեխանիզմ, քանի որ այդ փաստաթղթում չկա որևէ կետ, որն Ադրբեջանը խախտած չլինի։
«Ֆիքսենք, ստորագրենք, որ եթե հանկարծակի այնտեղ որոշեցին էթնիկ զտումներ անել, սկսեցին կրակել, ապա ի՞նչ է անում մեր գործընկերը։ Կոչ է անում կողմերին զուսպ մնալ, հա՞, ինչը ծիծաղելի է և արդեն շատ, շատ զայրացնում է ոչ միայն ինձ, այլև բոլորիս։ Ի՞նչ են անելու, ձև են անելու, որ ոչ մի բան չի՞ կատարվում, թե՞ ասելու են եկեք այս մի ղեկավարին էլ փոխենք, մի հատ նոր գեներալ ուղարկենք։ Ոչ, ոչ։ Այդ մեխանիզմը արդեն փորձեցինք, ստորագրեցինք, հասկացանք, որ չի աշխատում»։
Այս պահի դրությամբ դեռ որևէ մեկը երաշխավորության ցանկություն չի հայտնել։ Հետագա քննարկումների հարց է, թե ինչ ձևաչափով պետք է լինի միջնորդությունը։ ԱԺ նախագահի անձնական կարծիքով՝ կազմակերպությունները, օրինակ ՀԱՊԿ–ը կամ ԵԱՀԿ ՄԽ–ն, տարաձայնությունները վկայակոչելով կամ պարտականություններն իրար վրա գցելով, պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն են ստանում։
Համաներման մասին խոսելով և այլ սպառնալից հայտարարություններ անելով՝ Ադրբեջանի նախագահը, Հայաստանի ԱԺ նախագահի գնահատմամբ, բանակցություններում սակարկությունների համար մթնոլորտ է ստեղծում։
Մինչև գագաթնաժողովի աշխատանքը և հնգակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հասցրել են կարճ առանձնազրույց ունենալ՝ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների՝ արարողակարգային լուսանկարումից առաջ։
Առնվազն մի քանի րոպե Մակրոնը լսում էր, թե ինչ է իրեն ասում Հայաստանի վարչապետը։
Հնգակողմ հանդիպման արդյունքը և դիվանագիտական ձևակերպումները կքննարկվեն ավելի ուշ։
Բայց ադրբեջանական կողմը շտապել էր հայտարարել, թե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հավանական է «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրումը։ Բանակցային մի քանի փուլերից հետո այդպես է վերանվանվել «Խաղաղության պայմանագիր» կոչվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Մինչդեռ պաշտոնական Երևանը գագաթնաժողովից առաջ մի քանի անգամ հայտարարել է, որ Քիշնևի բանակցությունների արդյունքում խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ, քանի որ համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Փաստաթուղթը, ըստ պաշտոնական Երևանի, պատրաստ կլինի ստորագրման այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները:
Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևը հանդիպել էին մայիսի 25-ին Մոսկվայում։ Վլադիմիր Պուտինի կազմակերպած եռակողմ հանդիպումը տևել էր մոտ 20 րոպե և ավարտվել՝ մոտ ապագայում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստ անցկացնելու պայմանավորվածությամբ։ Բանակցություններից հետո առաջին անգամ Մոսկվայում համատեղ հայտարարություն չտարածվեց։ Ուշագրավ է, որ
Եվրոպական հարթակում հանդիպման նախօրեին քաղաքական խորհրդատվություններ են կազմակերպվելՌուսաստանի և Ադրբեջանի միջև։ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները։
Իսկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակում կողմերի միջև բանակցությունները երկրորդն են։ Առաջին փորձը եղել է 2022–ի հոկտեմբերին Պրահայում։ Այն ժամանակ ձևաչափը քառակողմ էր, իսկ բանակցությունների արդյունքը Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման որոշումն էր։։




