
րցախում Քիշնևյան այսօրվա հնգակողմ հանդիպումից որևէ սպասելիք, առավելևս՝ դրական սպասելիք, չունեն, հատկապես, երբ այդ հանդիպումը տեղի է ունենում բավականին ուշագրավ զարգացումների ու հայտարարությունների ֆոնին։ Մասնավորապես՝ մայիսի 28-ին Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել էր Արցախին էթնիկ զտմամբ ու նոր ռազմական գործողությամբ, համաներում էր առաջարկել Արցախի նախագահին ու մյուս պաշտոնյաներին՝ պաշտոնը թողնելու և Ադրբեջանի քաղաքացիություն խնդրելու դիմաց։ Այս առաջարկը ողջունել էին ԱՄՆ պետքարտուղարն ու ԵՄ նախագահը։
Արցախում, մինչդեռ, այդ առաջարկի մասին լսել անգամ չեն ցանկանում։
Կանխատեսվում է, իհարկե, որ Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն որոշակի հարցեր, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, բայց Արցախում օրվա բանակցություններից որևէ էական սպասում չունեն՝ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ Նրա խոսքով՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն արդեն ոչ թե ճգնաժամ է, այլ՝ հումանիտար աղետ.
«Կարծում եմ՝ նվազագույնը հենց սա է, որ մենք պետք է ակնկալենք, որ կողմերի միջև որոշակի համաձայնություն ձեռք կբերվի, որոնց հիման վրա հնարավոր կլինի կարգավորել ստեղծված իրավիճակը։ Բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները, հաշվի առնելով այսօր ինչպես Արևմուտքի, այնպես էլ մնացած բոլոր բևեռների կողմից հետաքրքրվածության ավելի մեծ լինելը Ադրբեջանի նկատմամբ, կարծում եմ, մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, որ կարող է հանդիպմանը ինչ-որ դրական, կամ երանելի ինչ-որ արդյունք մեզ համար լինել»։
Քիշնևյան հանդիպումից առաջ Բրյուսելն ու Վաշինգտոնը հայ-ադրբեջանական բանակցությունների կողմերին ողջունեցին՝ կարևորելով նաև Արցախի և Ադրբեջանի միջև հնարավոր երկխոսությունը, բայց այն ձևակերպումները, որոնցով արվեցին այդ հայտարարությունները, Արցախում հուսադրող չեն համարում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մասնավորապես, Թվիթերում այդ մասով գրել էր.
«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների ու անվտանգության վերաբերյալ այժմ էական նշանակություն ունի։ Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և նպատակադրվել երկխոսության։
Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»։
Սա այն դեպքում, երբ այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր առաջ՝ մայիսի 28-ին, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնացել էր Արցախին էթնիկ զտմամբ ու նոր ռազմական գործողությամբ ու համաներում էր առաջարկել Արցախի նախագահին ու մյուս պաշտոնյաներին՝ պաշտոնը թողնելու և Ադրբեջանի քաղաքացիություն խնդրելու դիմաց։ Իլհամ Ալևի այս առաջարկը ողջունեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։
Պետդեպի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահի առաջարկ–սպառնալիքը կարող է քննարկվել Քիշնևում՝ Փաշինյան-Ալիև-Միշել-Շոլց-Մակրոն հանդիպման ժամանակ։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր.
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Քիշնևում մեր եվրոպացի գործընկերների հետ, և մենք հուսով ենք, որ դա կլինի կառուցողական քայլ՝ այս հարցերը բանակցային սեղանի շուրջ, ոչ թե բռնության միջոցով կարգավորելու համար»։
Հայաստանի ԱԳՆ-ն բավականին զգուշավոր է արձագանքել Պետդեպի հայտարարությանը՝ շեշտելով, որ անհնար է չնկատել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների տակ թաքնված էթնիկ զտման նկրտումները․
«Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»։
Իսկ Ստեփանակերտում լսել անգամ չեն ուզում Ալիևի առաջարկները, քանի որ Բաքվի իրական նպատակները նոր չէ, որ գիտեն։ Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը դժվարանում է կանխատեսել, թե արդյո՞ք կոնկրետ նման հարցեր կքննարկվեն հանդիպմանը, բայց շատ հավանական է համարում, որ այդ թեմայի շուրջ ևս որոշակի քննարկումներ ընթանան.
«Բայց նաև… այսպես ասեմ, չեմ կարող կանխատեսել, թե ինչ վերջնական համաձայնության կգան տվյալ թեմայի վերաբերյալ, որովհետև միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքները ուղղված էր ոչ միայն Արցախի իշխանություններին, այլ նաև ողջ ժողովրդին՝ ըստ էության։ Եվ պետք է հասկանանք, որ սա նոր չէ։ Ադրբեջանը բազմիցս փորձել է այդ սպառնալիքներով որոշակի զիջումներ կորզել և, ըստ էության, մենք այստեղ զարմանալու ոչինչ չպետք է ունենանք»։
Ադրբեջանից ամեն ինչ սպասելի են համարում Արցախում։ Բայց և տարակուսում են, որ այդ ռիսկերը պարզապես չեն փորձում, կամ չեն ցանկանում նկատել բանակցություններում դերակատարում ունեցողները։ Թերևս հենց դա նկատի ունենալով, ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիների առաջնորդներն ուղիղ կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի․
«Այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է»։
Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրելուց և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ:
Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև հույս են հայտնում, որ ԱՄՆ ղեկավարությունն առաջ կմղի ժողովրդավարական խաղաղություն հաստատումը, որը հարգում է քրիստոնեության վաղ բնօրրան հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքը:




