ԿարևորՀասարակություն

Բանտարկված, բայց վառոդը ամաններում․ ավելի քան կես տարի շրջափակված արցախցին չի նահանջելու

«Արցախէներգո» ընկերությունից տեղեկացնում են, որ մայիսի 24 -ին ժամը 12-ից 18-ը հոսանքազրկվելու է Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ։ Ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ աջատումները հերթական վթարավերականգնողական աշխատանքներով են պայմանանավորած։

Նա ընդգծել է, որ արցախցիները սկսել են խնայել հոսանքը։ Կլինե՞ն արդյոք փոփոխություններ հովհարային անջատումների ժամանակացույցում, թե ոչ, Խաչատրյանը դժվարացել է ասել։ Նա նշել է, որ դա Սարսանգի ջրամբարի վիճակով է պայմանավորված, իսկ այնտեղ ջուրը նախատեսվածից արդեն մի քանի անգամ պակաս է։

Մոտ կես տարի Արցախը շրջափակման մեջ է։ Կտրված է կապն արտաքին աշխարհի հետ։ Չնայած դրան՝ այս պահին Արցախում տրամադրությունը մարտական է, բայց և սպասողական, ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Դավիթ Եղիազարյանը․

«Ոչ միայն այն, որ շատ ապրանքների հասանելիությունն է նվազել, այլ այն , որ փակվել է հասանելիությունը դեպի արտաքին աշխարհ։ Այս պահին Արցախը մեծ բանտ է դարձել»։

Կյանքը լիարժեք չէ՝ ասում է Դավիթն ու նշում ՝պարենային ապրանքների մասով խնդիրներ գրեթե չկան, բայց լիարժեք ապրելու հնարավորություն էլ չկա։ Հունվարի 9-ից վթարված է Հայաստանից Արցախ գնացող միակ էլեկտրագիծը։ Արցախը հոսանք սպառում է ներքին ռեսուրսների հաշվին՝ անցնելով հովհարային անջատումների։ Հերթական՝ վթարավերականգնողական աշխատանքներով է պայմանանավորած առաջիկա օրն Արցախի բնակավայրերի երկարատև հոսանքազրկումը՝ «Ռադիոլուրին» ասում է «Արցախէներգոի» տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը․

«Այժմ ֆորսմաժոր է, սկսել են ավելի խնայողաբար օգտագործել հոսանքը։ Այս պահին չեմ կարող ասել՝ հովհարային անջատումների ժամնակացույցում փոփոխություններ կլինեն, թե ոչ։ Դա պայմանավորված է Սարսանգի ջրով, որի ծավալները շատ են իջել»։

«Ռադիոլուրի» զրուցակցի՝ Դավիթ Եղիազարյանի համար հովհարային անջատումները նորություն չեն։ Հիշում է նաև 90-ականների իրավիճակը․

«Ցավալի է, որ մենք չկարողացանք այնպես անել, որ այդ ամեն ինչը չվերադառնա, ու նոր սերունդը չզգա այն ամեն ինչը, զրկանքները, ինչը մենք ունեցել ենք։ Դա մեր սերնդի ամենամեծ մեղքերից մեկն է երևի թե»։

Արցախի տեղեկատվական շտաբից փոխանցում են՝ արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 56 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (159 օրվա ընթացքում 146,280 -ի փոխարեն՝ 2,638 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 7 օրում արձանագրվել է մեքենաների միայն 63 մուտք և ելք: Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել (միայն Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների կողմից), քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (159 օրվա ընթացքում մոտ 63,600 տոննայի փոխարեն՝ 4,840 տոննա, որից վերջին 7 օրում՝ միայն 183 տոննա): Չնայած թշնամու կողմից ստեղծած զրկանքներին, Արցախում պայքարի պատրաստ են՝ իրականությունից չկտրվելով, ասում է Դավիթ Եղիազարյանը․

 «ԲՆականաբար, վիճակն այդքան էլ վարդագույն չի։ Բայց ամաններում դեռ վառոդ կա ու մարդիկ պատրաստ են։ Պայքարը շարունակելու տրամադրվախծություն, բնականաբար, կա։ Չեմ ուզում պաթետիկ հնչի, բայց մարդիկ իրոք պատրաստ են պայքարելու»։

Ուղիղ երեք ամիս առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ ապահովելով մարդկանց ու մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։ Դատարանի որոշումները իրավական պարտադիր ուժ ունեն և պարտավորություններ են առաջացնում Ադրբեջանի համար։ Բայց Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ պահանջը, այլև անցակետ տեղադրեց` այսպիսով ազատ տեղաշարժի համար նոր խոչընդոտ ստեղծելով։

Կարդացեք նաև

Back to top button