ԿարևորՀասարակություն

Արտամետում ուսուցիչների պակաս կա. բայց տրանսպորտ չկա

Բաղրամյան համայնքի Արտամետի դպրոցի ուսուցիչներն ամեն օր աշխատավայր հասնելու դժվարությունների առջև են կանգնում: 38 աշակերտ ունեցող դպրոցի մանկավարժներն այլ բնակավայրերից են: Նրանք դժվարությամբ դպրոց հասնում, քանի որ Արտամետում և հարակից վեց գյուղերում երթուղային տրանսպորտ չկա: Դպրոցում ուսուցիչների պակաս կա, բայց տրանսպորտի պատճառով մասնագետները չեն ցանկանում աշխատել Արտամետում:

Մինչև 2000-ականների սկիզբը Արտամետով ու հարակից 6 գյուղերով է անցել Բագարան-Երվանդաշատ երթուղու հնամաշ միակ ավտոբուսը: Բայց արդեն ավելի քան երկու տասնամյակ այս գյուղերի բնակիչները զրկված են հասարակական տրանսպորտից: Ուսուցիչները ստիպված են տաքսիներով հասնել Արտամետ:

Դասվար Զվարթ Հովհաննիսյանը պատմում է աշխատանքի հասնելու ամենօրյա դժվարությունների մասին․ «Մենք՝ երկու ուսուցիչ ենք Հուշակերտից գալիս. առավոտյան իրենք են բերում դպրոց, դասերից հետո՝ հայրս տանում: Երբեմն հարմար չի լինում մեքենայի գալը, մենք մյուս ուսուցիչների հետ տաքսի ենք կանչում ու հասնում Արմավիր, այնտեղից էլ գնում Հուշակերտ: Այդպես ճանապարհն ավելի է երկարում: Երթևեկող ուսուցիչները շատ են, մեր ռուսերենի ուսուցչուհին Գետաշենից է գալիս: Ինքն ամեն օր տաքսիով դպրոցից գնում է Արմավիր, հետո Գետաշեն: Ուսուցիչներ ունենք, որ Արագածոտնի մարզի Արտենի ու Արագածավան գյուղերից են գալիս, երբեմն Արմավիրից գնացքով են գնում»:

Երթուղային տրանսպորտ չունեցող գյուղի ուսուցիչներին երեք ամիսը մեկ են ճանապարհածախս փոխհատուցում, բայց դա անհամեմատ քիչ է պահանջվող գումարից: Դպրոցի տնօրեն Մելքոն Ղազարյանն ասում է, որ Արտամետում ուսուցիչների պակաս կա, սակայն տրանսպորտի բացակայության պատճառով մասնագետները գյուղ չեն գալիս․

«Դպրոցի ուսուցիչները բոլորն էլ ունեն համապատասխան բարձրագույն կրթություն, սակայն որոշ առարկաների մասնագետների պահանջ  ունենք: Այս պահին դպրոցում իրականացվում է հեռավար կրթություն երեք առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա, բնագիտություն: Ունենք տրանսպորտի խնդիր. ուսուցիչները երթևեկում են տաքսիներով, որը շատ դժվարություններ է ստեղծում: Թեպետ ճանապարհածախսի հատուցում կա, բայց դա չի բավականացնում»:

Տնօրենը որոշել էր դպրոցի տնտեսված միջոցների հաշվին ուսուցիչների համար միկրոավտոբուս ձեռք բերել, բայց անցած տարի գումարը ծախսել են շենքի գազիֆիկացման ու ճաշարանի գույքի համար: Դպրոցում հիմա տաք սնունդ են տալիս, իսկ սուբվենցիոն ծրագրով ջեռուցում են անցկացնում:

Արտամետի դպրոցը մանկավարժներով համալրելու համար մարզպետարանը փորձում է լուծում գտնել: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյան. «Քանի որ սա փոքր համայնք է ու փոքր դպրոց, նախ՝ մենք փորձում ենք այլ համայնքներից համատեղության կարգով ուսուցիչներ ընդունել, այսինքն՝ եթե երկու դպրոցում էլ ժամաքանակը քիչ է, մենք դասացուցակը կարողանում ենք այնպես կազմել, որպեսզի ուսուցիչը կարողանա  համատեղությամբ աշխատել: Երկրորդ՝ դասերը հեռավար ենք կազմակերպում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ունի հեռավար հարթակ և համակարգչային սենյակում կարողանում են հեռավար դասեր անցկացնել: Մենք դիմում ենք նաև «Դասավանդիր Հայաստան» ծրագրին և մեզ համապատասխան ուսուցիչներով ապահովում են»:

Սահամամերձ գոտում տրանսպորտի բացակայությունը խոչընդոտում է նաև այլ համայնքներում արտադպրոցական կրթություն ստանալուն: 9-ամյա Ամալին սիրում է նկարել, բայց գյուղում նկարչական խմբակ չկա:

«4-րդ դասարանում եմ սովորում, ուզում եմ նկարչուհի դառնալ: Կուզեի խմբակներ լինեին՝ գնայի»:

Հերիքնազ Աբգարյան. «Աղջիկը շատ լավ նկարում է, բայց այստեղ խմբակ չկա, որ երեխաները զբաղվեն: Եթե տրանսպորտ լիներ կտանեինք Արմավիր կամ Մյասնիկյան»:

Մանկապարտեզ չունեն, բայց դպրոցում նախակրթարան կա: Ծնողներն ուզում են, որ վաղ տարիքում երեխաները կրթվեն ու զարգանան:

Նազիկ Պետրոսյան. «Շատ կուզեի, որ մանկապարտեզ լիներ, գյուղում բավականին մանկապարտեզահասակ երեխաներ կան: Օձերի ու կարիճների մեջ ծնողները վախենում են երեխաներին դուրս թողնեն, բնակավայրում շատ կան, ստիպված շուն ու կատու ենք պահում, որ մեզ զգուշացնեն»:

Հերիքնազ Աբգարյան. «Ո՞նց թողնենք երեխաներին մենակ խաղան, ամեն քարի տակ կարիճ կա, դրա համար եմ ասում, որ մանկապարտեզ չկա, խաղահրապարակ չկա»:

Մանկապարտեզ ունենալը երիտասարդ ծնողների երազանքն է.

«Երեք երեխա ունեմ, կուզեի մանկապարտեզ լիներ, երեխաները կգնային, կխաղային: Շատ կուզեի, որ խաղահրապարակ էլ լիներ, գոնե այդպես գյուղի երեխաներն իրար կճանաչեին, չէինք վախենա բակում մենակ թողնել, երեխաները միասին կլինեին, կխաղային, իրենց մանկությունը կվայելեին»:

Գյուղի խնդիրներին տեղյակ է Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, լուծումները նախատեսել են ըստ առաջնահերթությունների.

«Մենք բոլոր խնդիրները գույքագրել ենք, մոտեցումը հետևյալն է՝ ամենակարևոր խնդիրներից ենք գնում երկրորդական խնդրի լուծմանը: Մեզ համար ցուցիչ է դպրոցը, մանկապարտեզը, խմելու և ոռոգման ջուրը, ասֆալտապատումը, գազաֆիկացումը: Խնդրին ես տեղյակ եմ և փորձելու ենք լուծում տալ»:

Համայնքի իրավասության ներքո գտնվող խնդիրների լուծումը հետագայում կկազմակերպվի համայնքի, խոշոր հողատերերի ներդրումների ու կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ յոթ գյուղերի տրանսպորտային խնդիրը շարունակում է մնալ անլուծելի:

Կարդացեք նաև

Back to top button