ԿարևորՀասարակություն

Ուրարտական հետքը Սյունիքում

«Արգիշտիի սեփականություն, զինանոց կամ պահեստ»․ մասնագետները վերծանել են Կապանի երկրագիտական թագարանում պահվող ձիու բրոնզե ճակատակալի սեպագիր գրառումը և ըստ դրա` գիտական եզրահանգում են անում, որ Սյունիքը եղել է ուրարտական մշակույթի ուղղակի ազդեցության տակ։ ճակատակալը 195 նմուշներից մեկն է, որը տարիներ առաջ իրավապահներն առգրավել էին գանձագողերից։

Մասնագետներն ասում են, որ պատմական այդ գտածոները հայ ժողովրդի պատմության մի նոր շրջափուլ հանդիսանալեն բացում։

2017 թվականի հունիսին Քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ հայտնաբերվել  են 2012թ. Կապանի Եղվարդ գյուղի ՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններից թալանված իրերը: Առգրավվել էին հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ և այլ մետաղյա զարդեր։

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանն է պատմում․ «Տվյալ անձը մի քանի անգամ տարբեր անհատների, թանգարանների ասել է, որ ունի  հնագիտական իրեր, դրանք վաճառում է, և այդպես բացահայտվել է գործը։ Օպերատիվ աշխատանքի շնորհիվ առգրավված  նյութերն անմիջապես տարվել են Երևան ու մոտ 4-5 տարի մնացել են այնտեղ»։

Միայն 2020թ․-ին է թանգարանի նախկին տնօրեն Գրիշա Սմբատյանին հաջողվել գտածոները վերադարձնել Կապանի երկրագիտական թանգարան։ Որոշելով պահոցներից հանել երբեք չցուցադրված այդ գտածոները՝ թանգարանի աշխատակիցները գրառումներ են նկատում ձիու բրոնզե ճակատակալի վրա։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որը մասնագիտությամբ հնագետ է, ասում է  հենց այդ գրառումներն էլ հուշում են Սյունիքի ու ուրարտական ժամանակաշրջանի կապը։

«Սեպագիր արձանագրությունն ինքը հազվագյուտ երևույթ է, ու որպես հնագետ, գիտեմ, որ Սյունիքը այնքան էլ հայտնի չէր ուրարտուական ժամանակաշրջանում, կոնկրետ Վանի թագավորությունում։ Հիմա կարող եմ ասել, որ այդ գտածոն վերաբերում է Արգիշտիին։ Թե կոնկրետ որին Արգիշտի՞ Ա-ին թե՞ Բ-ին՝ դեռ պարզ չի,  բայց մասնագետները, սեպագրերի ձևից ենթադրում են,  որ այն Արգիշտի Առաջինին է վերաբերում՝ Մենուայի որդուն»։

Գրականագետ Մհեր Քումունցի կարծիքով՝ Սյունիքը ուրարտական մշակույթի ուղղակի ազդեցության տակ է եղել։ Այս կարծիքը հիմնավորվում է ոչ միայն գտածո իրերով, այլև լեզվական մշակույթով։ Սյունիքում, ըստ մասնագետների,  ուրարտական շրջանի լեզվական ազդեցությունը կրող շատ տեղանուններ կան՝ Գորիս, Արծվանիկ, Հարժիս և այլն։ Պատմաբան Ալյոշա Հայրապետյանի կարծիքով՝ Սյունիքի մարզը հնագիտական տեսանկյունից դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չէ։

«Հստակ ուրարտական առարկա կամ ուրարտական մշակույթ այս տարածաշրջանում չկար։ Միակ առարկան որ հայտնաբերվել է 1954-ին առյուծի բրոնզե արձանիկն է, որը պահվում է Գորիսի երկրագիտական թանգարանում։ Դրանից բացի՝ ուրարատական որևէ հետք չկար, ու այս գտածոն մասնագետների համար մեր պատմության մի նոր փուլ, նոր շրջադարձ կարող է լինել»։

«Արգիշտիի սեփականություն, զինանոց կամ պահեստ»․ այսպես են մասնագետները վերծանել ձիու ճակատակալի սեպագիր գրառումը։ 196 գտածոները հնագետները դեռ կուսումնասիրեն։

«Այնտեղ կփորձենք հետախուզական պեղումներ իրականացնել, տեղանքը այնքան էլ հարմար չի մի շարք պատճառներով, բայց ամեն դեպքում կփորձենք պեղումներով պարզել՝արդյո՞ք այս գտածոները ապացուցում են որ Արգիշտի արքայի դամբարանն է եղել, թե դղյակն է եղել, թե  ինչ-որ ճանապարհով գտածոները կարասի մեջ հայտնվել են Կապան համայնքում»։

Չնայած հարցերը բազմաթիվ են ու դեռ մասնագիտական պատասխանների են սպասում, բայց Սյունիքում համոզված են՝ Եղվարդ գյուղի տարածքում հայտնաբերված հնավայրում Արգիշտի թագավորի հետքերն են։

Կարդացեք նաև

Back to top button