
Վաշինգտոնում ընթացող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների շուրջ քաղաքական կրքերը եռում են, մեկնաբանությունները տարաբնույթ են, սկսած՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ նախնական համաձայնության գալուց ու վերջացրած էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցերով։
ԱՄՆ Ջորջ Շուլցի անվան Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացած Միրզոյան- Բայրամով հանդիպումից հետո պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունները կարող են մի քանի օր տևել։
Նա ասել է, որ ԱՄՆ աջակցությամբ այս շաբաթ կայանալիք բանակցությունների նպատակը Հարավային Կովկասի խաղաղ ապագան է։ Խոսնակն ասել է, որ պետքարտուղար Բլինքենը վստահ է, որ ուղիղ երկխոսությունը առկա խնդիրների լուծման և երկարատև խաղաղության հասնելու բանալին է։
«Իրադարձություններից առաջ չեմ ընկնի, քանի որ անցել է բանակցությունների ընդամենը առաջին օրը։ Կարող եմ ասել, որ այս երկրների համար խաղաղությունը հնարավոր է»,– շեշտել է պետքարտուղարության խոսնակը։
Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ չի նշվում Վաշինգտոնում բանակցությունները շարունակելու հնարավորության մասին: Պարզապես շեշտվում է, որ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ երկու երկրների միջև բանակցություններն, ըստ էության, ընթանում են ԵԱՀԿ ՄԽ անդամ նույն երկրների միջնորդությամբ՝ հանդիպումները տեղի են ունենում, կամ Մոսկվայում ու Սոչիում, կամ Բրյուսելում, կամ Վաշինգտոնում։ Դա, ըստ քաղաքագետի, նշանակում է, որ բանակցող երկրները նույնն են, սակայն փոխվել են Բաքվի պահանջները, Ադրբեջանն ուժային շանտաժ է գործադրում։
«Այս պահին Ադրբեջանը փորձում է իր օրակարգը թելադրել, ըստ որի Արցախը պետք է ենթարկվի իրեն և դրա մասին են էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ խոսքերը։ Այսպիսով, պետք է հաշվի առնել, որ այս բանակցային ֆորմատներում Արցախի ապագայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել։ Թե երբ, դեռ որոշված չէ։ Դա իրավական առումով արդարացված չէ, քանի որ Արցախից ներկայացված չեն բանակցություններում, և ներկայիս իշխանությունների կողմից բազմիցս ասվել է, որ վերջնական որոշումը պետք է ընդունվի արցախահայության կողմից»,– կարծում է Հրանտ Միքայելյանը։
Այսօր ընթացող բանակցություններում, ի տարբերության նախկինում ընթացող բանակցությունների, չկան սկզբունքներ, ինչպես օրինակ, Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթներն էին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք։ Սակայն, անկախ ամեն ինչից, հստակ է, ըստ քաղաքագետի, որ եթե անգամ փաստաթուղթ ստորագրվի, միևնույնն է՝ խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր չէ․
«Հակամարտությունը կարող է լուծվել կամ փոխզիջումների միջոցով, կամ եթե այս կամ այն կողմը պարտվի։ Եվ եթե որևէ կողմը չի պարտվում, ապա բանակցությունները տևում են շատ երկար, աշխարհում շատ են նման երկրները։ Նման բանակցություններն ընդհանրապես առաջ չեն ընթանում։ Կա երկրորդ տարբերակը, որ կողմերից մեկն ընդունում է իր պարտությունը։
Եթե Հայաստանը ընդունելու է իր պարտությունը և անի այն, ինչ պահանջում է Ադրբեջանը, ապա կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել, բայց Ադրբեջանը հավակնություններ ունի նաև Հայաստանի նկատմամբ»։
Հայաստանում քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում մտահոգություն է հարուցել հատկապես «Ամերիկայի ձայնի» տարածած այն տեղեկությունն, ըստ որի Երևանի ու Բաքվի միջև Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում քննարկվող բազմաթիվ հարցերից են եղել էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը։
«Մենք դեռևս տեսնում ենք, որ այս ռուսական, թուրքական տանդեմը հեծնել է Ադրբեջանի վրա ու քշում է Հայաստանի ուղղությամբ։ Մյուս ձևաչափերը պարզապես հարթականեր են, ինչ էլ խոսեն, միևնույնն է, իմացեք, որ երկու ամիս հետո դիսկուրսը փոխվելու է։ Առաջարկում եմ մեր ժողովրդին, մեզ բոլորիս պատրաստվել երկարատև շնչառության գործընթացի։ Իսկ այսպիսի բանակցություններ շատ են լինելու և ամեն անգամ մի նոր բան է ի հայտ գալու։ Բաքուն հաջորդ բանակցությունների ժամանակ ասելու է՝ գիտեք, Երևանում տարածք ունեմ։ Այս գործընթացը կարող է բերել իրական խաղաղության, երբ Հայաստանը իր ռազմական պոտենցյալը վերականգնի»,– վստահ է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։




