Երաժշտական եռանկյունի

Տիգրան Հեքեքյան. Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր. «Երաժշտական եռնկյունի»

Հանրային ռադիոն, որն անցյալ տարի նշեց իր 95-ամյակը, Հանրապետության կարևորագույն մշակութային օջախներից է, այստեղ տասնամյակների ընթացքում ձայնագրվել և հանրահռչակվել են հայկական  դասական, ազգային և ժամանակակից ստեղծագործություններ, ինչպես նաև Հանրային ռադիոն միշտ հանդիսացել է բարձր կատարողական արվեստի նշաձող հաստատող հարթակ:

Հատկապես Հայաստանի Ազգային ռադիոյի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 1929 թվականին, փառահեղ ճանապարհ է անցել, ունեցել է հարյուրավոր ելույթներ, հարուստ երգացանկ, որն ընդգրկում էր հայկական ժողովրդական երաժշտության մշակումներ, դասական, ժամանակակից և ջազային ստեղծագործությունների կատարումներ, հայկական եվրոպական և ամերիկյան աշխարհիկ և հոգևոր երաժշտություն:

Բացի այն, որ երգչախումբը համալրել է Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդը, կոլեկտիվի ձայնասկավառակները հրատարակվել են Հոլանդիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում:

1991 թ.-ին երգչախումբը անդամակցում է Երիտասարդ երգչախմբերի եվրոպական ֆեդերացիային՝ Europa Kantat, հատկապես այս բոլոր նվաճումները, ինչպես նաև երգչախմբի միջազգային հաջողությունները կապված են այն ժամանակահատվածի հետ, երբ երգչախմբի գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի պաշտոնը 1984 թ.-ին ստանձնում է Տիգրան Հեքեքյանը՝ ապահովելով փայլուն խմբավարների սերնդափոխությունը՝ Մարտին Մազմանյան, Թաթուլ Ալթունյան, Արամ Տեր-Հովհաննիսյան, Կարո Զաքարյան:

Այնուհետև որոշակի ընդհատումից հետո՝ 1979 թվականին վերականգնված երգչախմբի ղեկավարներն էին անվանի հայ կամպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը և դիրիժոր Հարություն Թոփիկյանը:

1980-1993 թթ.-ին երգչախումբը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների՝ հյուրախաղերով հանդես գալով Ավստրիայում, Բալթյան երկրներում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Հունգարիայում, Իսրայելում, Ճապոնիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Իսպանիայում և Շվեյցարիայում:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ երգչախումբը հանդես է եկել բազմաթիվ բարեգործական համերգներով՝ հատկապես 1988-1993 թթ. բոլոր համերգները եղել են ի զորակցություն Արցախին:

1991 թ.-ին Հոլանդիայում ձայնագրված ձայնասկավառակից եկած ողջ եկամուտը՝ 100 հազար դոլար, նվիրաբերվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին:

Երգչախումբը բազմաթիվ մրցանակների և պարգևների է արժանացել միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթներում՝ երկու ոսկե և արծաթե մեդալ Ռուդեպորտի միջազգային երաժշտական մրցույթում (Հարավ Աֆրիկյան հանրապետություն՝ 1991 թ.), նույն տարեթվին արժանացել է մրցանակի՜ Հոլանդիայի միջազգային երգչախմբային փառատոնում՝ Առնեմ քաղաքում, իսկ 1992 թ.-ին Տակարազուկայի (Ճապոնիա) միջազգային երգչախմբային մրցույթում արժանացել է Գրան Պրիի և ոսկե մեդալի:

Հաղորդման ընթացքում հնչում են Ազգային ռադիոյի կամերային երգչախմբի այն ժամանակաշրջանի ձայնագրությունները, երբ կոլեկտիվը ղեկավարում էր դիրիժոր և խմբավար Տիգրան Հեքեքյանը:

Back to top button