ԿարևորՏնտեսական

Ինչպե՞ս է չափվելու Սյունիքի գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը

Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային նոր միջավայրում մարզի գյուղատնտեսությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ «Միասին Սյունիքի համար–գյուղատնտեսություն» աշխատաժողովում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները։ Միայն վերջին երկու տարում մարզի գյուղատնտեսության ոլորտում մոտ 1 մլրդ դրամի ներդրում է կատարվել։

Վերջին երկու տարում «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամը» տարբեր ֆինանսական աղբյուրների ներգրավմամբ (հիմնականում պետական) գյուղոլորտին ավելի քան 1 մլրդ դրամի աջակցություն։ Գումարի 40 տոկոսը որպես փոխհատուցում տրվել է բնակիչներին, մյուս մասն օգտագործվել է փոքր և միջին գյուղտեխնիկայի ձեռք բերման համար։ Այս մասին «Միասին՝ Սյունիքի համար–գյուղատնտեսություն» աշխատաժողովում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Բացի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից՝ աշխատաժողովին մասնակցում էին մարզում գործունեություն ծավալող և գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը ներկայացրեց Սյունիքի գյուղատնտեսական հողերի պատկերը․

«Արոտավայրերը կազմում են 145 400 հեկտար, որից գրեթե 50 տոկոսն է օգտագործվում։ 43900 հեկտար վարելահողերի 86 տոկոսը՝ խոտհարքները կազմում են 8300 հեկտար, օգտագործվում է 51 տկոսը։ Այգիները կազմում են 1100 հեկտար, որից օգտագործվում է 75 տոկոսը»։

Հաշվի առնելով վերջին տարիներին Սյունիքում ստեղծված անվտանգային միջավայրը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կարծիքով՝  մարզում մշակովի պետք է դարձնել նոր տարածքներ։ 

«Խնդիրները սահմանի, նոր առջանագծի հետ կապված՝ մենք տարածքներ ունենք, որ արոտավայարերը, խոտհարքները դարձել  են դժվարհասանելի քաղաքացիների համար։  Այս իմաստով շատ կարևոր է, որ գնանք բարձրարժեք անասնակերի արտադրությանն, կորնգանի ցանքսեր անենք,  ու այս լուծումներով պետք է 1 քմ–ից ավելի շատ բերք ստանալ, նաև  նոր տարածքներ դարձնենք մշակովի։ Մենք ներկայացրեցինք, թե ինչքան հողեր կան մշակելու, այդտեղ արդեն ծանր տեխնիկայով աշխատանքի  կարիք կա, որպեսզի դրանք էլ դառնան մշակովի»։

Միջազգային կազմակերպության ներկայացուցիները խոսեցին մարզում իրականացվող և նախատեսված ծրագրերի մասին՝ նշելով, որ ներդրումները Սյունիքում կմեծանան։ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նկատեց՝ ինչո՞ւ այդ ներդրումները Քաջարան կամ չեն հասնում, կամ քիչ են հասնում։ Փարամազյանն ասում է՝ նախագծած ծրագրեր շատ ունեն։

«Բայց համայնքային ուժերով մենք չենք կարող զարկ տալ այդ աշխատանքներին։ Այո, մենք ձեր կարիքը ունենք, հուսով և  համզոված եմ, որ փոխշահավետ համագործակցության դաշտ կստեղծենք ի շահ Քաջարանի»։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի համակարգող Արման Վալեսյանն այլ խնդիր է բարձրացնում՝ հաճախ ծրագրերով հասնում են հեռավոր բնակավայրեր, բայց տեղերում դժվարանում են համակարգել դրանք։

«Ո՞վ է կառավարելու՝ մասնավո՞րը, թե՞ պետությունը։ Եթե ասում  եք՝ անհրաժեշտ է, ապա ցանկալի կլիներ նաև մոդելներ առաջարկեիք, մենք ներդրումների պատրաստ ենք, եթե չկա մոդել, գուցե հենց դրանից սկսե՞նք։ Մենք պատրաստ ենք օգնել նաև մոդուլը պատրաստել, որից հետո ավելի հեշտ կլինի ներդրումներ անել»։

Մոտ 7 ժամ տևած աշխատաժողովի ընթացքում մասնակիցները Սյունիքի մարզպետից հետաքրքվում են նաև, թե ինչպես են չափելու կատարված աշխատանքների արդյունավետությունը։ Ռոբերտ Ղուկասյանը խիստ ու կտրուկ էր՝ չենք չափելու։

«Որովհետև ծրագրերի մեծ մասը չափելի չէ ընդհանուր համատեքստում։ Ոչ թե մենք ասելու ենք, թե ինչ եք արել, այլ՝  ինչ արդյունք ենք ստացել։ Ոչ թե քանի մեղվափեթակ ենք տվել շահառուին, այլ ինքը ինչքան մեղր է քամել, և հետևողական ենք  լինելու  ամեն տարի»։

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերին Սյունիքի մարզպետարանն առաջին անգամ կազմակերպեց «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը, որին մասնակցում էին մարզի բոլոր ոլորտներում ծրագրեր իրականացնող միջազգային կառույցները։

Որպես դրա տրամաբանական շարունակություն՝ որոշվել էր, որ նման աշխատաժողովներ կկազմակերպել նաև ըստ առանձին ոլորտների։ Առաջինը գյուղատնտեսությանն առնչվող աշխատաժողովն էր, իսկ հաջորդին կքննարկեն առողջապահական ոլորտի խնդիրները;

Կարդացեք նաև

Back to top button