ԿարևորՀասարակություն

«Նռան գույնը»՝ աշակերտների մատուցմամբ․ դպրոցական բեմում փարաջանովյան կերպարներն են

Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի բեմում «Նռան գույնն» է։ Սերգեյ Փարաջանովի հայտնի ֆիլմի մոտիվներով Սայաթ–Նովային նվիրված բեմադրության մասնակիցները, սակայն, ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններն են, այլ դպրոցի աշակերտները։ Դպրոցում այսօր ամփոփել են մեկ ու կես ամսվա աշխատանքի արդյունքը։

«Մենք Փարաջանովի ստեղծած տիկնիկներն ենք։ Ես Աննան եմ՝ Սայաթ–Նովայի առաջին սերը։ Մենք նուռ ուտող վանականներն ենք»։

Խրիմյան Հայրիկի անվան հիմնական դպրոցում օրը փարաջանովյան էր։ Դրվագներ համաշխարհային կինոյի վարպետի հայտնի «Նռան գույնը» ֆիլմից, դրվագներ նրա կյանքից ու կինոյից ծնված կոլաժների կրկնօրինակումներ։ Այս օրվան նախապատրաստվելիս աշակերտները նախ այցելել են Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Հետո զգացածն ու ընկալածը փորձել են արտահայտել իրենց պատրաստած կոլաժներում։ 4–րդ դասարանի աշակերտ Արմենը, թանգարան փոքրիկ էքսկուրիայից հետո, միանգամից որոշել է՝ վանականի կոլաժն ինքն է պատրաստելու։ Մոր օգնությամբ ու խորհրդով է կերտել հոգևորականի կերպարը։

«Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, դրա համար էլ ցանկացա վանական պատրաստել։ Օգտագործել եմ կտոր, փետուր, թղթեր, թելեր, կաշի»,– այսպես է ներկայացնում իր որոշումն Արմենը։

Փարաջանովի արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրությունն աշակերտների մոտ նկատելի էր նաև բեմում։ «Նռան գույնը» կինոնկարի աշակերտական բեմականացումը սկսվում է ֆիլմի մասին փոքրիկ պատմությամբ։

Այնուհետև մեկը մյուսի հետևից, կադր առ կադր, ներկայացնում են ֆիլմի հայտնի դրվագները։ Տպավորիչ էր հատկապես այս մեկը՝ քամին թերթում է եկեղեցու տանիքին կողք կողքի շարված բաց գրքերը, պատկերազարդ ձեռագիր մատյանները։  

Աշակերտ–դերասանները ներկայացրել էին նաև վանականների ու բանաստեղծ-հերոսի՝ Սայաթ–Նովայի առօրյան, նիստուկացը, հոգևորից զատ, նաև՝ ֆիզիկական աշխատանքը։

Բեմադրության մեջ փորձել էին արտացոլել նաև Փարաջանովի նուրբ ճաշակը, նախասիրությունները, արտասովոր վերաբերմունքն իրերի՝ հատկապես գորգերի, սափորների, սկուտեղների, ձկների, ծովախեցիների, նռան ու նաև գույների՝ կարմիրի, սևի ու սպիտակի հանդեպ։

Ներկայացման դրվագները մեկը մյուսը կապվում էին կյանքի նկատմամբ անաղարտությունը պահելու, անկախ ամեն ինչից մարդ մնալու ու սիրո միջոցով հաղթելու ուղերձներով։

Ինչպես Փարաջանովն է իր կոլաժներում ու ֆիլմերում պահել անաղարտությունը կյանքի նկատմամբ, այնպես էլ փորձել են դա սերմանել աշակերտների մեջ, ասում է Խրիմյան Հայրիկի անվան հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Սիմոնյանը․

«Եթե երեխան յուրացնում է արժեքը, կյանքի իմաստը, ապա նա սիրում է իր հայրենիքը, հայրենաճանաչ է դառնում, գնահատում է իր մշակութային արժեքները։ Մեր ամբողջ խնդիրը երեխաների մոտ արժեքային համակարգի բարձրացումն է։ Աշխարհը պետք է փրկել, երևի թե մարդասիրությամբ, դա ամենակարևոր նշանաբանն է, որն այսօր հնչեց»։

Միջոցառման հյուրերը զարմացած էին երեխաների ստեղծագործական երևակայությամբ ու գեղեցիկն ընկալելու ունակություններով։ Նրանք են հույսն ապագայի, ասում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը․

«Մենք՝ ուսուցիչներս, դպրոցի տնօրենը, բոլոր մանկավարժները և ծնողները ստեղծում են պարարտ պայմաններ, որպեսզի երեխաները զարգանան։ Մենք տեսանք, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում ինչ է ծնվել։ Ու պատկերացրեք, թե քանի ամիս են երեխաներն անցկացնում դպրոցում։ Նրանք միայն ու միայն գեղեցիկ ծաղկելու են ու շատ լավ պտուղներ են տալու»։

Դպրոցի տնօրենը վստահեցնում է՝ դաստիարակող ու արժեհամակարգ ստեղծող նման միջոցառումները լինելու են շարունակական։

Կարդացեք նաև

Back to top button