
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում դրական տեղաշարժ կա: Զինծառայողներից մեկի ծայրահեղ ծանր գնահատվող վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է նրան տեղափոխել բաժանմունք՝ փոխանցում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Ապրիլի 11-ին ադրբեջանցիները հերթական սադրանքն էին իրականացրել Տեղ գյուղում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 6 վիրավոր:
Սակայն, սա Ադրբեջանի վերջին սադրանքը չէր: Այժմ Ադրբեջանի ԶՈՒ–ն կենտրոնացել է սահմանի այլ ուղղությամբ: Մի քանի կրակոցներն են Սոթքի ուղղությամբ: Իսկ այս ընթացքում իրավապահները փորձում են հասկանալ, թե իրականում ինչ նպատակներով են Հայաստան մուտք գործել Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողները: Նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել:
Մի քանի օր տարբերությամբ Տեղին փոխարինեց Սոթքը. այժմ այդ հատվածն է հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ կրակի տակ: Նախօրեին՝ ուշ երեկոյան Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիները կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Թեև պաշտոնական լրահոսը փոխանցում է, որ առավոտից իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, բայց Սոթքի հանքավայրի աշխատանքները դեռ չեն վերսկսվել` անվտանգության նկատառումներից ելնելով: Այդ ուղղությամբ կրակոցները դեռ ապրիլի 14-ից էին սկսվել, շարունակվել ապրիլի 15-ին, ինչի հետևանքով որոշում է կայացվել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել բոլոր աշխատակիցներին: Հայտնի է, որ հանքավայրի աշխատանքը դադարեցված է ապրիլի 15-ից: Համայնքի ղեկավարությունը վստահեցնում է, որ կյանքը Սոթքում շարունակվում է բնականոն հունով:
Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի թիրախավորումը հատկապես 44-օրյա պատերազմի հետո նորություն չէ: Անվտանգային հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ սա ադրբեջանական մարտավարության բաղկացուցիչն է: Կարծում է` այսպիսի իրավիճակները առաջին հերթին անհրաժեշտ են հենց Ալիևի համար:
«Ինքը իր հայտարարություններով արդեն շատ պարզ ներկայացնում է իր ամբողջ ռազմավարությունը և գործիքակազմը: Ասում էր՝ «ինչպես ԼՂ հակամարտությունը ողջ ժողովրդին համախմբեց այս 30 տարիների ընթացքում, այնպես էլ «Արևմտյան Ադրեջանի» գաղափարը կհամախմբի: Այսինքն՝ բռնապետը ստեղծում է մեկ այլ նարատիվ, որով ինքը պետք է համախմբի իր ժողովրդին: Եվ շատ մի վտանգավոր բան. Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում է իրանական «խաղաքարտը» օգտագործել՝ Արևմուտքում ներկայացնելու, որ «Զանգեզուրյան միջանցքը» Ադրբեջանի վերահսկողության տակ բխում է նաև Արևմուտքի շահերից, որովհետև սրա միջոցով հնարավոր կլինի Իրանին կտրել տարածաշրջանից»:
Այս ամենի իմացությունը, ըստ փորձագետի հնարավորություն է տալիս ճիշտ քայլերի դեպքում կանխատեսել և կանխարգելել հետագա սադրանքները:
Ստեղծված պայմաններում առաջին հերթին թիրախավորվում են մարդու իրավունքները: Այս առումով ուշագրավ են Հայաստանի նորընտիր օմբուդսմեն Անահիտ Մանասյանի առաջին քայլերն այդ պաշտոնում: Առաջին այցելությունը Տեղ համայնքն էր՝ ապրիլի 11-ի ադրբեջանական արյունալի սադրանքի հետքերով, երկրորդ այցելությամբ նա հանդիպեց Հայաստանի տարածքում վերջերս ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողներին:
Տեղում Մանասյանը կոնկրետ նպատակով էր՝ ոչ թե իրադրության փաստահավաքության, այլ՝ բնակիչների իրավունքների խախտումների արձանագրման համար:
«Նախնական գնահատմամբ, ըստ էության, երեխաների իրավունքների, անձանց ֆիզիկական, հոգեբանական անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների հետ կապված խնդրահարույց իրավիճակներ կան: Պատրաստվում ենք այդ բոլոր իրավիճակները արձանագրել, որպեսզի հնարավորություն ունենանք հետագայում հասկանալ, թե ինչպես է առաջին հերթին հնարավոր լուծել այդ խնդիրները, և երկրորդը՝ բնականաբար, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները ընդհանուր կոնտեքստում բարձրաձայնենք նաև մեր տարբեր միջազգային կառույցների և այլ պետությունների հետ համագործակցության շրջանակներում»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ՝ Հայաստանում կալանավորված զինծառայողներին, ապա նրանց այցելելու ժամանակ Պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով։ Ըստ անհրաժեշտության՝ ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։
Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։
Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի երկու զինծառայողներին արդեն մեղադրանք է ներկայացվել, և նրանք կալանավորվել են: Ներկայացված մեղադրանքը Հայաստանի ՔՕ մի քանի հոդվածով է: Էությունը հետևյալ ձևակերպման մեջ է. «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար»: Մեղադրանքներով հրապարակված ՔՕ հոդվածներից պարզ է, որ իրավապահները պաշտոնապես չեն հաստատել, թե արդյոք պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանությունը կապ ունի Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների հետ։
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:
Հայաստանում այժմ լայնորեն քննարկվում է մի հարց, թե արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողները կարող են փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ: Այս առումով արդեն տարակարծություններ կան թե՛ իրավունքի մասնագետների, թե՛ պաշտոնյաների շրջանում: Կան իրավաբաններ, ովքեր տարբեր հնարավորություններ են տեսնում ադրբեջանցի զինծառայողներին փոխանակելու համար: Որպես օրինակ նշում են ոչ թե իրավական, այլ քաղաքական պայմանավորվածության հնարավորությունը: Մինչդեռ Աժ-ում թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը վկայակոչում են Հայաստանի պարտավորությունները.
Նիկոլ Փաշինյան․ «Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան: Գիտեք, որ միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևով չենք կարող նրան ուղղակի վերադարձնել»:
Սարգիս Խանդանյան․ «Մենք մարդկային կյանքերի վրա չենք բանակցում, և մեր պահանջը հստակ է Ադրբեջանից, որ մեր բոլոր գերիները պետք է անհապաղ վերադարձվեն: Ինչ վերաբերում է այս դեպքին, առնվազն խորհրդարանական կամ ֆրակցիայի մակարդակում մենք խոսակցություն չենք ունեցել այս թեմայի հետ կապված: Ըստ իրավիճակի պետք է հասկանալ հանգամանքները նախ և առաջ այս մարդիկ ի՞նչ նպատակներով են եկել, ովքե՞ր են, մոլորվե՞լ են, թե՞ այլ ավելի վտանգավոր նպատակներով են հայտնվել Հայաստանի տարածքում»:
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 33 հայ գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով նշվում է ավելի մեծ թիվ՝ շուրջ ութ տասնյակ:
Բաքվի բանտում պահվող գերիները ընտանիքների հետ կապ են հաստատում 40 օրը մեկ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ։




