Սփյուռքի ձայնը

Առկա անվստահությունը չի խանգարում ծրագրերի իրականացմանը․ «Սփյուռքի ձայնը»

«Հայ դպրոց» հիմնադրամը, որն այս տարի նշելու է իր ստեղծման 20-ամյակը, մարզային կրթօջաախների կահավորմամբ է զբաղվում: Հիմնադիրները, որոնցից է նաև ծնունդով Իրանից, ամերիկաբնակ Մոնեհ Տեր-Գրիգորյանը, համոզված է, որ այսօր Սփյուռքի ներուժը քիչ է օգտագործվում Հայաստանում:

«Մեր հայրենիքը շատ փոքր է, իսկ սփյուռքը հզոր ներուժ: Այդ հզոր զենքով կարելի է շատ հարցեր լուծել։ Սփյուռքի հնարավորությունների մասին շատ չգիտենք։ Դրանք այնքան մեծ են, որ Փոքրիկ Հայաստանում գոյություն ունեցող բոլոր հարցերը կարող են լուծվել»,-ասում է Մոնեհ Տեր-Գրիգորյանը։

Հիմնադրամը, որն ստեղծվել է 20 տարի առաջ մի դպրոցի աջակցելու համար, արդեն 440 դպրոց և մանկապարտեզ է կահավորել։

«Մենք ունենք 900 կրթօջախի օգնելու ծրագիր։ Յուրաքանչյուր տարի ընտրում ենք երկու տասնյակից ավելի կրթօջախներ (այս տարվա համար 23 դպրոց և 2 մանկապարտեզ), ուսումնասիրում իրենց կարիքները և մինչև ուսումնական տարվա սկիզբը լուծում կահավորման հարցերը»,- նշում է Մոնեհ Տեր-Գրիգորյանը։

Նա նաև կարևորում է հիմնադրամի բարեկամներին, որոնք անկախ բոլոր դժվարություններին ու հիասթափություններին, շարունակում են իրենց նվիրատվությունները։

«Շատ խոշոր բարերարներ են տարիների ընթացքում Հայաստանում գործ սկսել, սակայն մեծ հիասթափություն են ապրել։ Իհարկե, սա մեր կազմին չի վերաբերում, որովհետև մեր նվիրատուները եղել են ու կան հիմնադրամի կողքին»։

Մոնեհ Տեր-Գրիգորյանը նաև հավելեց, որ վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, ինչը ավելի է մեծացնում հայրենիքի համար գործելու պատասխանատվությունը։

Back to top button