
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ճանապարհին ուսումնասիրվում է նաև հարևան Վրաստանի փորձը։ Որտե՞ղ է ձախողել ու հաջողել Վրաստանը, ինչը՞ կարող է ուսանելի լինել Հայաստանի համար և վերջապես ի՞նչ անել, որ բժշկական որոշ ծառայություններ ստանալու համար Հայաստանի քաղաքացիները չմեկնեն Թբիլիսի։
Հայաստանը կարևորում է առողջապահության ոլորտում վրացական փորձի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով երկու երկրների նմանությունները, խորհրդային անցյալը, ժողովրդագրական կառուցվածքը։
Հայաստանի ԱԺ-ի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասում է՝ ուսումնասիրում են ոլորտում առաջ եկած խնդիրները, դրական արդյունքները, և փորձում են հասկանալ, թե որ օրինակը կարելի է կիրառել Հայաստանում։
«Բավականին հետաքրքիր փաթեթներ կան, որ կարելի է օգտագործել Հայաստանում, որպեսզի ապահովագրական համակարգի ներդրումն առավել արդյունավետ իրականա։ Կարևոր էր հասկանալ, թե ինչպես են համագործակցում պետական ու մասնավոր ապահովագրական ընկերությունները, ինչպես է իրականացվում վերահսկողությունը»։
Վրաստանում արդեն 10 տարի գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը․ 2013-ից երկրի ողջ բնակչությունը հնարավորություն ունի անվճար օգտվել պետության կողմից ֆինանսավորվող բժշկական ծառայությունների հիմնական փաթեթից։
Համընդհանուր առողջության ծրագիրը ներառում է շտապ բժշկական օգնության անվճար տրամադրում, սովորական ամբուլատոր բուժօգնության որոշ հիմնական տեսակներ, քաղաքացին հնարավորություն է ստացել նաև ընտրել ծառայություն մատուցողին։ Եւ այդ բարեփոխումների արդյունքում Վրաստանում դեղերի գներն իջել են, բժշկական որոշ ծառայություններ ավելի մատչելի են դարձել, ինչի պատճառով Հայաստանի շատ քաղաքացիներ բուժման համար Թբիլիսի են գալիս։ Զեյնալյանը նկատում է, սակայն, որ այսօր այդ նպատակով Վրաստան հոսք գրեթե չկա․ Հայաստանում ծառայություններից շատերն արդեն առկա են, գները մոտավորապես՝ համարժեք։
«Խոսքը պետսկանավորման մասին է, որն այսօր արդեն առկա է Հայաստանում, հոսք կար նաև սրտաբանական խնդիրների հետ կապված, բայց հիմա դա ևս դադարել է իրականացված բարեփոխումների արդյունքում։ Ըստ էության, եթե դեռ կան դեպքեր, ապա եզակի են»։
Ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում դեղերը ներմուծվում են ավելացված արժեքի հարկով, ըստ Զեյնալյանի՝ դա է գների տարբերության հիմնական պատճառը, որի ուղղությամբ ևս քայլեր արվում են։
«Մենք քննարկումներ ենք ծավալում գոնե դեղերի մի մասից, հատկապես կյանքեր փրկող դեղորայքից ԱԱՀ-ն հանելու ուղղությամբ, դրա արդյունքում դեղերի գները բավականաչափ կնվազեն»։
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է, որ Վրաստանի առողջապահական ոլորտի բարեփոխումների ուսումնասիրության համատեքստում կարևոր է չգնալ չաշխատած մեխանիզմների ուղղությամբ, հասկանալ սխալները։
«Վրաստանում մի հետաքրքիր մոդել ունեն՝ դեղերի վճարման փոխհատուցման քաղաքականություն, այսինքն հասարակության այն շերտի համար, որը վճարունակ չէ, գործում է փոխհատուցման մեխանիզմ, և սա ևս խիստ ուսանելի և հաջողված փորձ է, որը ևս կարելի մեզ մոտ ներդնել»։
2018-ից Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչները, փորձագետները ուսումնասիրում են հարևան Վրաստանի փորձը։ Առողջապահական ոլորտից զատ դիտարկել են արդարադատության, ոստիկանական, ծառայությունների մատուցման բարեփոխումները, հաջողված փորձի որոշ օրինակներ արդեն կիրառվում են Հայաստանում։




