ԿարևորՀասարակություն

Հայաստանը կարող է զբոսաշրջային նոր ռեկորդ սահմանել․ 2023-ի առաջին երեք ամսում 450 հազար զբոսաշրջիկ է եկել մեր երկիր

Հայաստանն այս տարի կարող է ընդունել վերջին տասնամյակի պատմության մեջ ռեկորդային թվով զբոսաշրջիկների։ Զբոսաշրջության կոմիտեում ամփոփել են առաջին եռամսյակը։ Ըստ այդմ՝ առկա թվերը շոշափելի գերազանցում են մինչ այժմ ռեկորդային համարվող 2019-ի ցուցանիշներին։ Ռուս–ուկրաինական հակամարտության սրացումից հետո Հայաստանի զբոսաշրջությունը ակտիվացավ, ըստ վիճակագրության՝ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների կեսից  ավելին հենց ռուսասատանցիներն են։ Զբոսաշրջային ակտիվությանը զուգահեռ ոլորտի մասնագետները զգուշացնում են՝ պետք է օր առաջ մտածել նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման մասին։

Հայաստանն այս տարի պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել․ Զբոսաշրջության կոմիտեում զգուշացնում են՝ եթե այսպես շարունակվի, այս տարի մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 2019-ի առայժմ ռեկորդային ցուցանիշը։ Արդեն հունվար, փետրված, մարտ ամիսներին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը ավելի քան 35 տոկոսով ավել է 2019-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղօսեանն ասում է՝ ռեկորդային է նաև մարտ ամիսն առանձին վերցրած․

«Մարտ ամսին Հայաստան է եկել 160 հազար զբոսաշրջիկ, սա շատ լավ թիվ է մեզ համար, առաջին անգամն է, որ այսքան լավ արդյունք ունենք․ 2019 թ մարտին մենք ունեցել ենք 118 հազար զբոսաշրջիկ»,– ասում է Պօղօսեանը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղօսեան

Առաջին եռամսյակում մեր երկիր ավելի քան 450 հազար զբոսաշրջիկ է այցելել։ Կոմիտեի տվյալներով՝ սա շուրջ 200 հազարով ավելի է 2022-ի և 360 հազարով՝ 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Զբոսաշրջային աշխարհագրությունը, սակայն, շատ չի փոփոխվել։

«Դե իհարկե, այս պահին մեծ ակտիվություն կա Ռուսաստանից, նաև Իրանից, քանի որ իրենց Նովրուզն էր, Վրաստանից, նաև։ Վերջերս Դուբայում մենք բավականին աշխատանք ենք տարել ու արդեն տեսնում ենք նաև դրա արդյունքը․ հոսք ունենք նաև Դուբայից»։

Սիսիան Պօղօսեանը նկատում է՝ վերջին շրջանում դեպի Հայաստան և Հայաստանից դուրս ուղիղ չվերթների ավելացումը, առաջարկվող նոր ուղղությունները ևս դրական ազդեցություն ունեն զբոսաշրջության վրա։ Տուրիստական ակտիվություն է նկատվում նաև, օրինակ, Իտալիայից, ինչն էլ մասնագետները կապում են հենց նոր չվերթների հետ։ Կոմիտեի նախագահը նշում է՝ երկրից երկիր տարբեր են նաև զբոսաշրջիկների նախընտրությունները։

«Օրինակ, Գերմանիայից Հայաստան եկած զբոսաշրջիկները շատ հետաքրքրված են արշավներով, արշավային ուղղություններ են նախընտրում, իսկ օրինակ, Դուբայից մեր երկիր ժամանակ զբոսաշրջիկները նախընտրում են գալ ձմռանը ու այստեղ տեսնել այն, ինչ չունեն Դուբայում՝ ձյուն, դահուկասպորտ, ակտիվ արկածային տուրիզմ»,-ասում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Զբոսաշրջային ակտիվության հետ պետք է նաև խմբագրել այցելուներին արվող առաջարկները ու նոր առաջարկներ ունենալ՝ նկատում է Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Ըստ նրա՝ այս պահին մենք քիչ թե շատ պատրաստ ենք այս հոսքին, բայց եթե այս ակտիտությունը պահպանվի, շուտով կարող ենք նաև խնդիրներ ունենալ։

«Պետք է շատ լրջորեն սկսենք մտածել մեր ենթակառուցվածքների մասին, իսկ դա միայն ննջատեղերը չեն, առաջին հերթին դա ճանապարհային ենթակառուցվածքներն են և, ամենակարևորը, օրինակ՝ կայանատեղիները։ Իհարկե, սրան զուգահեռ պետք է մտածենք նաև հյուրանոցային տնտեսությունների զարգացման մասին»,-ասում է Ապրեսյանը։

Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան

Չնայած զբոսաշրջիկների ավելացող թվին, Հայաստանում քովիդյան ճգնաժամից հետո առայժմ չի վերականգնվել կազմակերպված զբոսաշրջությունը, նկատում է տուրիզմի հարցերով փորձագետը։ Բանն այն է, որ հիմա մեր երկիր այցելում են հիմնականում, այսպես ասենք, էկոնոմ դասի զբոսաշրջիկները, որոնք պատրաստի տուրփաթեթների սպառողներ չեն։

«Կազմակերպված զբոսաշրջությունը առանցքային, ողնաշարային նշանակություն ունի՝ սկսած երկիրը պատշաճ, ճիշտ ներկայացնելուց, միջազգային հեղինակության պահպանումից մինչև կայուն տնտեսական զարգացում, և մենք պետք է անենք ամեն ինչ կայուն կազմակերպված զբոսաշրջություն ունենալու համար»,-նկատում է Մեխակ Ապրեսյանը։

Մասնագետները զբոսաշրջային ոլորտի մի շարք խնդիրների լուծումն ու բարեփոխումները նոր մշակվող «Զբոսաշրջության մասին» օրենքի հետ են կապում։ Նրանք վստահեցնում են՝ առաջարկվող հարկային փոփոխությունները, լիցենզավորման նոր կարգերը նաև հենց կազմակերպված զբոսաշրջության զարգացմանն են նպաստելու, չէ՞ որ Հայաստանը դեռ զգալի չօգտագործված զբոսաշրջային պոտենցիալ ունի։

Կարդացեք նաև

Back to top button