ԿարևորՀասարակություն

«Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները

«Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները: Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հաջորդ փուլով այգում հարմարավետ պայմաններ կապահովվեն բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար:

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց: Արդեն իսկ մշակվել են համապատասխան առաջարկներ, որոնք այսօրվանից անհատապես կքննարկվեն բնակիչների հետ:

Դեռևս նախորդ տարվանից «Օղակաձև» զբոսայգու մի քանի հատվածում ևս համայնքը նախաձեռնել է ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման գործընթաց: Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին:

Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցումը: Տարածքը կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի տեղանքին համահունչ՝ քարապարտեզների ձևավորում:

Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար՝ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Զեկուցվել է, որ ուսումնասիրվել է 16 խաչմերուկ, որոնք ևս կներառվեն ծրագրում:

Մայրաքաղաքում շինարարություն իրականացնող ընկերություններն այսուհետ ավարտական ակտ չեն ստանա մինչև լիարժեքորեն չապահովեն հարակից տարածքի կանաչապատումը և շինաղբը համապատասխան վայր տեղափոխելու մասին փաստաթուղթ չունենան: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողական լինել և շինհրապարակներում իրականացնել մշտական ստուգայցեր:

Երևանի շինբարեկարգման ծրագրերով նախանշվող աշխատանքները պետք է կրեն համալիր բնույթ: Հանձնարարվել է նախագծերը կազմելիս ներառել բարեկարգվող օբյեկտների ամբողջական ծավալը, որպեսզի տվյալ տարածքում հետագայում անավարտ որևէ գործ չմնա:

Կարդացեք նաև

Back to top button