
Պաշտպանության, տնտեսական ու սոցիալական ոլորտներին վերաբերող 3 տասնյակից ավելի հարցեր՝ Կառավարության հերթական նիստի օրակարգում։ Դրանց մեծ մասը մինչև նիստի մեկնարկն ընդգրկված էր «զեկուցվող նախագծեր» բաժնում, բայց նիստի ընթացքում գործադիրը որոշել է դրանք քննարկել չզեկուցվող ընթացակարգով։ Ինչ հարցեր էին նիստի օրակարգում, որոնք հավանության արժանացան՝ առանց քննարկման։
36 հարց, որոնցից երկուսը գաղտնի, մյուսները՝ չզեկուցվող: Գործադիրի հերթական նիստը սկսվեց և ավարտվեց վարչապետի՝ Արցախում տիրող իրավիճակի մասին ներածական խոսքով։ Կառավարության անդամները միաձայն որոշեցին օրակարգային բոլոր հարցերը քննարկել չզեկուցվող ընթացակարգով։
«Առաջարկում եմ այսօր հարցերը քննարկել չզեկուցվող ընթացակարգով։ Դեմ չունենք, փաթեթը ընդունված է։ Հարգելի գործընկերներ փաթեթն ընդունված է, նիստը ավարտված է»։
Իսկ ո՞ր հարցերն արժանացան կառավարության հավանությանը՝ առանց քննարկման։ Նախագծերից մի քանիսը վերաբերում են պաշտպանության ոլորտին։ Դրանցից մեկով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում:
Գործադիրի հիմնավորմամբ՝ փոփոխությունները պայմանավորված են պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվում է հստակեցնել զինծառայողների նկատմամբ թե կարգապահական տույժեր, թե խրախուսանքներ կիրառելու շրջանակը, ավելի հստակ սահմանել ծառայողական քննության դեպքերը։
Վարչական պատասխանատվություն է սահմանվում զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:
Մեկ այլ նախագծով էլ կառավարությունը որոշել է շարունակել 44–օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցությունը։ Խոսքը, մասնավորապես, այս կարգավիճակի դատական հավաստում չունեցող 59զինծառայողների ընտանիքների մասին է։ Նրանց աջակցությունը դադարեցվել էր այս տարվա հունվարի 1-ից: Աջակցության երկու ամսով երկարացնելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից շուրջ 35 մլն դրամ կտրամադրի։
***
Գործադիրի նիստի օրակարգում ներառված հարցերի հիմնական մասը տնտեսական ուղղվածության էր։
Նախագծերից մեկով կառավարությունը նախատեսում է «Եվրասիական վերաապահովագրական ընկերություն» հիմնադրել։ Սահմանվում է, որ այն միջազգային ֆինանսական կազմակերպություն է։ Հիմնադրամը, ըստ գործադիրի, կնպաստի երրորդ երկրների հետ Միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում բացատրում է
«Հայաստանի բոլոր ապահովագրական ընկերությունները, եթե դրսի կազմակերպություններ չեն, ունեն վերաապահովագրողներ ունեն։ Ուստի ԵԱՏՄ–ն, իսկ ավելի ճիշտ ԵՏՀ–ն , հարկ է համարել թույլատրել վերաապահովագրել ոչ թե այլ երկրներում, այլ՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև կատարվի այդ վերաապահովագրումը»։
Կվերաապահովագրվեն ոչ բոլոր կազմակերպությունները՝ հստակեցնում է տնտեսագետը։
«Դա չի նշանակում, որ բոլորին պետք է պարտադիր վերաապահովագրել։ Եթե ունեն բավարար կապիտալ, դրա կարիքը չի զգացվում, բայց քանի որ ապահովագրական շուկան կայացած չէ, դրա համար պետք է կապիտալը մեծացնել, որպեսզի կարողանան լուրջ գործարքներ կատարել»։
ՀՀ կառավարությունը մտադիր է օժանդակել Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) ռեսուրսների հերթական համալրմանը՝ ներդնեով՝ 700 000 հատուկ փոխառության իրավունք կամ շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլար։ Փոխառությունները 1960–ականներից ներդրված վիրտուալ զամբյուղ են, որում զարգացած երկրները միջինացված կուրսով գումար են ներդնում՝ բացատրում է Թաթուլ Մանասերյանը։ Հայաստանի Հանրապետությունը 2014 թվականից ՄԶԸ աջակցությունից օգտվող երկիր չէ, այդուհանդերձ ռեսուրսների համալրմանը որպես դոնոր մասնակցությունը ևս մեկ անգամ կվերահաստատի ՀՀ համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը՝ ասում է տնտեսագետը։
«Առանց ՀԲ-ի որևէ երկիր քայլ անել չի կարող։ Ուստի ավելի վերահսկելի ենք դառնում»։
Արտոնություններ
Չխախտելով ավանդույթը՝ գործադիրի այս նիստում ընդունված մի քանի որոշումներով մաքսատուրքի արտոնություններ տրվեցին մի շարք ընկերությունների:
«Բիոքոթոն» ընկերությունը, մասնավորապես, ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել խոնավ հիգիենիկ անձեռոցիկների, բամբակյա սկավառակների, բժշկական բամբակի արտադրության համար: Նախատեսում է 4.3 մլրդ դրամի ներդրում, 40 նոր աշխատատեղի ստեղծում։ Մաքսատուրքից կազատվի 241 մլն դրամի չափով:
«Արմենիան Հելիքոփթերս» ընկերությունը ներմուծվող սարքավորմամբ նախատեսում է ընդլայնել ծառայությունների տեսակները՝ որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղևորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում։
Մաքսատուրքից ազատման արտոնությունը 127 մլն դրամ է:
Ընդլայնվելու ծրագրեր ունի նաև «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ 3.2 մլրդ դրամի ներդրում է նախատեսում, 207 նոր աշխատատեղի ստեղծում: Մաքսատուրքից կազատվի 173 մլն դրամի չափով:




