
Վրաստանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Այս օրենքի նախագծի կապը [ԵՄ անդամակցության] թեկնածուի կարգավիճակ ստանալու հետ շահարկում է մի պարզ պատճառով. մենք առավելագույն հարգանք ենք հայտնել եվրոպական կառույցների նկատմամբ՝ ուղարկելով այս օրինագիծը Վենետիկի հանձնաժողով, ինչը ի սկզբանե խոստացել էինք»,- ասել է Կոբախիձեն։
Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի նախագծի վրացական տարբերակը։ Նիստի ընթացքում խորհրդարանի մոտ հավաքվել են օրինագծի դեմ հազարավոր ցուցարարներ։ Բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակը սրվել է՝ պատգամավորների կողմից այս փաստաթղթին աջակցելուց հետո։ Հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների ուղղությամբ։ Արդյունքում գիշերը ուժայինները ցուցարարներին դուրս են մղել խորհրդարանի հարակից տարածքից։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 66 մարդ, իսկ անկարգությունների ժամանակ տուժել է 50 ոստիկան։
Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օտարերկրյա գործակալների օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը, որն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի թարգմանությունն է։ Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցները կարող են լինել նաև օտարերկրյա գործակալ, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլ նաև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։
Նախաձեռնությունն արժանացել է քննադատություն ինչպես ընդդիմության, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչների կողմից՝ օրենսդրություն օտարերկրյա գործակալ հասկացության ներմուծման պատճառով։ ԵՄ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ օրինագիծը կարող է խանգարել Վրաստանին ստանալ Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրինագծի ընդունման դեպքում։ Միևնույն ժամանակ, գաղափարի հեղինակները՝ «Ժողովրդի ուժը» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները, նշում են, որ օրենքը անհրաժեշտ է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից ֆինանսավորվող սուբյեկտների աշխատանքի թափանցիկության համար։




