ԿարևորՔաղաքական

Մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ խոսնակ

ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել.

«Մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ են գրանցվել. Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։

Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։ Վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը՝ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, կողմերի միջև շփման միջոցով»:

Մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։

Կարդացեք նաև

Back to top button