Հայաստանի բնակչության աճին վերաբերող մասնագիտական կանխատեսումները լավատեսական չեն՝ ի տարբերություն քաղաքական նպատակադրումների։ Գործող իշխանությունը ամրագրել է 2040-ին 4 մլն, իսկ նախորդը՝ 2050-ին 5 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու նպատակը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Հայաստանում ու տարածաշրջանում բնակչության թվի նվազում է կանխատեսում։
Արագ ծերացող բնակչություն, բարձր արտագաղթ, ծնելիության անկում և մահացության բարձր ցուցանիշ։ Հայաստանում ժողովրդագրական բացասական միտումները դեռ անկախության առաջին տասնամյակից են գրանցվում։ Այսօր արդեն ծնելիության մակարդակը հասել է մի կետի, երբ այլևս չի ապահովում բնակչության պարզ վերարտադրությունը։ Դրա համար անհրաժեշտ է, որ կինը կյանքի ընթացքում 2 -ից ավելի երեխա ունենա, իսկ Հայաստանում այժմ յուրաքանչյուր ծնող միջինում 1.6 երեխա է ունենում։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյան.«Վերջին 30 տարիներին գրանցված արագընթաց նվազումը պայմանավորված է մեր սոցիալական, տնտեսական, քաղաքական իրողություններով։ Մի կողմից նրանով, որ ծնելիության մակարդակը, ընդհանուր առմամբ, նվազման միտում ունի, մյուս կողմից՝ այն առանձնահատուկ իրողություններով, որ մեզ մոտ ձևավորվեցին ու դժբախտաբար շարունակվում են նաև այսօր»։
Ժողովրդագրության միտումները նաև հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մտահոգում, թեև փորձում է լավատես մնալ։ Կառավարությունն ավելի վաղ հավակնոտ նպատակ էր դրել՝ 2050 թվականին Հայաստանում 5 մլն բնակչություն ունենալ։
«Եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, մենք կարող ենք ժողովրդագրական դինամիկայի մեջ շոշափելի, տեսանելի փոփոխություն մտցնել: Ըստ էության, հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար կարեւորագույն հանգամանքը որակյալ կյանքի ենթակառուցվածքի ու միջավայրի ձեւավորումն է»:
Բնակչության թվի զգալի ավելացում էին խոստացել նաև նախկին իշխանությունները։ 2040 թվականին 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի մասին էր խոսել նաև Սերժ Սարգսյանը։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի կանխատեսումներն անիրականանալի է համարում.
«Ես դրանք համարում եմ ընդամենը բարի ցանկություն, նպատակի նախանշում, ընդամենըը, բոլորովին ոչ իրատեսական։ Մենք հիմա խնդիր ունենք փորձել ինչ-որ ձևով նվազեցնել մեր բնակչության նվազման տեմպերը, կայունացնել բնակչությանը, եթե հնարավոր լինի որոշ չափով ապահովել աճ, դա ինքնին արդեն բարդագույն խնդիր է ու բավական դժվար հասանելի»։
Նույնիսկ ամենալավատեսական զարգացումների դեպքում Հայաստանի բնակչությունը նման թվերի չի կարող հասնել՝ կարծում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում։ Եթե նույնիսկ ծնելիությունը խթանող բոլոր ծրագրերն աշխատեն, միևնույնն է, ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի բնակչությունը նվազելու է, ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
«Սրանք ընդամենը կանխատեսումներ են։ Յուրաքանչյուր կանխատեսման վրա հնարավոր է ազդել, եթե դու համապարփակ լուծում ես բերում, համապատասխան միջավայր ստեղծում, որպեսզի այդ ցուցանիշները փոխվեն։ Այո, կանխատեսումներ կան, բայց քարին գրված ցուցանիշներ չեն»։
Ժողովրդագրական զարգացումները կանխատեսելիս հիմնականում 3 գործոն են դիտարկում՝ ներգաղթի ու արտագաղթի տվյալները, ծնելիության ու մահացության ցուցանիշները։
«Մենք նույնիսկ կարողանալու ենք մի փոքր բարելավել ծնելության ցուցանիշը։ Հունվարի 1-ի դրությամբ՝ մեր բնակչությունը 15000-ով ավելացել է, ու սա իրականում վերջին տարիներին բացառիկ դեպք է, որովհետև շարունակաբար նվազող միտում ունեինք։ Եվ լավ է , որ մարզային կտրվածքով է։ Ինչ վերաբերում է մահացությանը՝ դրանք բացարձակ թվերով ավելանալու են։ Բայց նաև մեր կանխատեսումներով և կյանքի որակը լավանալու է՝ ազդելով նաև մահացության ցուցանիշի վրա»։
Բնակչության ժողովրդագրության վրա ազդում են նաև սելեկցիոն աբորտները։ Ըստ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ հատկապես վերջին պատերազմից հետո սեռով պայմանավորված ծնունդները ավելի քան ակնհայտ են, ասում է․
«Մի հետաքրքիր տենդենց կա։ Ծնված տղաների թիվն աճել է, աղջիկներինը նվազել։ Փաստացի մենք կրկին սելեկտիվ աբորտների թիվի մեծացում ունենք։ 111 տղայի հաշվարկով ծնվում է 100 աղջիկ, իսկ միջին ոչ միջամտված դեպքերում պետք է լինի 105/100։ Փաստացի 6 աղջիկ ավելի քիչ է ծնվում ամեն 100 երեխայի հաշվարկով։ Իսկ եթե մենք քիչ աղջիկներ ենք ունենում, մենք վաղը հնարավորություն չենք ունենա նորից աղջիկներ ու տղաներ ունենալ։
Թվերն ու միտումները միայն Հայաստանում չէ , որ մտահոգիչ են։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումներով՝ խոսքը գլոբալ միտումների մասին է, որոնք բախվելու են տարածաշրջանի բոլոր երկրները»։




