35 տարի առաջ այս օրերին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի էին ունենում հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածներ։ Այս կոտորածների կազմակերպիչներից և ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ջարդերի մասնակիցներից պատասխանատվության ենթարկվեցին մի քանի հոգի միայն։ Եվ Կրեմլն այս կոտորածների սկզբում ծավալները, հետագայում փաստն այնպես էր ուզում թաքցնել, որ եթե Վիքիպեդիայի ադրբեջանական էջում Սումգայիթի կոտորածների մասին հոդված փնտրեք, ապա կիմանաք, որ այդ կոտորածների կազմակերպիչները հայերն են։
Մենք այդպես էլ չկարողացանք Սումգայիթի և դրան հաջորդած ոճրագործությունները հասանելի դարձնել աշխարհին, դարձնել Արցախյան խնդրի լուծման առանցքային հավասարումներից մեկը, դարձնել Ադրբեջանի դեմ քարոզչական պայքարի մաս, հասկանալի դարձնել աշխարհին, որ Արցախյան խնդիրը հայերի համար կենսական գոյության հարց է։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ այսօր պետք է տեսնել, թե ինչպես է ուկրաինական հասարակությունը միասնական գործում, առաջ է տանում իրենց պետության համար կարևոր նարատիվները, ստիպում այլ երկրներին հետևել դրանց, այնինչ մենք` հայերս, չենք կարողանում դա անել։
«Երբ վերացական հակառակորդի հետ գործ ունենք, որին չենք կարողանում շոշափել, տեսնել, մենք չենք կարողանում դրա դեմ պայքարել»,- ասում է իրավապաշտպանը։ Նա արձանագրում է, որ անգամ այն շանսը, որը մեզ տվեց Ադրբեջանը` շրջափակելով Արցախը, դա չկարողացանք օգտագործել։
- Ի՞նչ կլինի եթե, Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքներում հայկական կոտորածների խնդիրը Հայաստանը դարձնի միջազգային դատական ատյանների քննարկման հարց, և հնարավո՞ր է դա,
- Ի՞նչ կլինի, եթե իրավապաշտպան կազմակերպությունները հարցը բարձրացնեն միջազգային դատական ատյաններում, և հնարավո՞ր է դա։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Սովորական ցեղասպանությունն ու սովորական քաղաքակրթությունը». թեմայի շուրջ զրուցում ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։