
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում հողագործներն օրնիբուն աշխատում են նաև ձմռանը: Տնամերձ հողամասերում ջերմոցներ են հիմնել, որտեղ տարվա մեջ 3-4 անգամ տարբեր մշակաբույսեր են աճեցնում: Տնամերձներում ոռոգման խնդիրը գյուղացիները լուծել են ջրհորների միջոցով, իսկ սեփականշնորհված հողերում խնդրի առաջ են կանգնում:
Թեև դեռ ձմեռ է, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում պարապ մարդ չես գտնի, տարին բոլոր աշխատում են, հող մշակում: Ասում են՝ հանգստի ժամանակ գրեթե չունեն: Գյուղում բոլորը ջերմոցներ ունեն, տարբեր մշակաբույսեր են աճեցնում՝ ելակ, վարունգ, պղպեղ, թարխուն:

Ծաղկալանջի բնակչուհի Սիրվարդ Արտուշյանն ասում է, որ ձմռանը սածիլները կրկնակի պոլիէթիլենային թաղանթով են պատում.
«Թարխունն արդեն ծածկել ենք պոլիէթիլենային թաղանթով, իսկ ելակն այս ամսվա վերջին կծածկենք: Թարխունի սածիլները անցած տարվա մայիսին ենք դրել, պահանջվող մշակությունն արել, իսկ ելակի սածիլները՝ օգոստոսից ենք դրել, որոնց մշակությունը բավականին ծախսատար է: Երկուսի եկամուտն էլ գարնանն ենք ստանալու, թարխունը՝ մարտին, ելակը՝ ապրիլի վերջին, մայիսին»:
Ծաղկալանջի գյուղացիները հիմնականում թարխունի մշակության մեջ են մասնագիտացել: Այստեղ թարխունը մշակում են նաև բաց դաշտերում՝ սեփականաշնորհված հողերում:

«Բաց տարածության մեջ էլ ենք ծածկում թարխունը՝ քամուց, ցրտից պաշտպանելու համար: Մի խոսքով՝ տանջանքով և աստծո հույսով մշակում ենք: Աշխատող ժողովուրդ են»:
Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե ոռոգման ջուրը բավարարում է: Գյուղը ոռոգման ցանցի համար ծայրամասային է։ Այստեղ ջուր քիչ է հասնում:
Ծաղկալանջի բնակիչ Վանիկ Սիրունյանը ջրի հետ կապված խնդիրնրեն է ներկայացնում.

«Մեր գյուղի դաշտերում հիմնականում թարխուն են մշակում, գրեթե ամեն ինչ էլ դրվում է, այստեղ բոլորն էլ աշխատում են: Խնդիրը ոռոգման ջուրն է, ամռան տաք սեզոնին ջրի խնդիր լինում է: Մեր գյուղն ինչքան ցածր է, այնքան ոռոգման խնդիրներ շատ ենք ունենում. մի արտեզյան հոր ունենք աշխատող, մյուսը քանդված է»:
Սիրվարդ Արտուշյան.
«Ոռոգման ջուրը վատ էր, անցած տարի հերթ էր, հողը չորանում էր շոգերին, մի կերպ պաշտպանեցինք բույսերը, ով ոնց կարողացավ: Գիշերներն անքուն էինք մնում, որ հողերը ջրեինք»:

Ոռոգման խնդիրը մեղմացնելու համար գյուղում ևս մեկ խորքայիրն հոր են գործարկելու։ Այն վերանորոգվելու է սուբվենցիոն ծրագրով: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, ասում է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը.
«Թիրախավորված համայնքներում, որտեղ նախկինում եղել են խորքային հորեր, բայց երկար տարիներ չեն գործարկվել և չեն օգտագործվել, այդ հատվածներում ոռոգման խնդիր կա, ջուրը լավ չի հասնում: Մենք այդ խորքային հորերը վերանորոգում ենք: Խոյ համայքում տասնյակից ավելի խորքային հորերի վերանորոգում ենք նախատեսել, ծրագրերը հաստատվել են: Ծաղկալանջում 2022 թ սուբվենցիայով նախատեսված մեկ խորքային հորի կահավորման աշխատանքներն արդեն սկսվել են»:

Եթե սեփականաշնորհված հողերում ոռոգման խնդիրը ընդհատումներով ապահովում է «Էջմիածին» ՋՕԸ, ապա տնամերձ հողամասերում գյուղացիներն են գտնում հողը ծարավ չթողնելու միջոցը: Յուրաքանչյուր տան բակում ջրհորներ են փորել ու պոմպեր դրել.
«Մեր հորը 8մ ենք քանդել, մենք մեր ուժերով ենք փորել: Ջուրը բավարարում է, ոչինչ, անջատում ենք, թողնում ջուր հավաքվի, հետո քաշում ենք: Միանգամից չենք կարող ջրել»:
Նելլի Ղազարյանը ջրհորի ջրով տնամերձ հողամասում շուրջ 1000 քմ տարածքով երկու ջերմոց է ոռոգում:Դրանցում տարվա մեջ երեք-չորս անգամ տարբեր մշակաբույսեր է աճեցնում:

«Այս կաղամբը երևի մարտի վերջին կհավաքենք, որից հետո լոլիկ ենք դնելու, իսկ աշնանը՝ պղպեղ, վարունգ: Հողն, ընդհանրապես, պարապ չենք թողնում, երևի միայն 20 օր է հանգստանում՝ նոր տարվա մոտ. կանաչի էինք ցանել, հանեցինք»:
Հողը չորակազրկելու համար գյուղացիները պարբերաբար փոխում են մշակաբույսը, այլապես միշտ նույն բանջարեղենը մշակելիս լավ բերք չեն ստանա: Ջերմոցները 30 տարի առաջ են հիմնել:
«Աշնանը կամ վարունգ ենք դնում, կամ պղպեղ: Նոյեմբերին քաղում ենք, եթե չի վաճառվում, ապա պահեստավորում ենք և դեկտեմբերի վերջին վաճառում: Իսկ նոյեմբերից հետո կանաչի ենք ցանում, 40 օրից՝ քաղում: Հողը պարարտացնում ենք կաթիլային եղանակով: Պարարտանյութն ու թունաքիմիկատները լցնում ենք ջրի տարայի մեջ ու միացնում կաթիլային համակարգին»:
Հողը ժամանակ առ ժամանակ նաև ախտահանում են: Մյուս ջերմոցում միայն ելակ է, որն ամբողջ տարին բերք է տալիս, եթե չի ցրտահարվում: Այս տարի որոշել են ելակի մի քանի նոր սորտեր ավելացնել: Այստեղ ելակն աճեցնում են նաև բաց դաշտերում:




