ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս բարելավել աշխատանքային հարաբերությունները՝ առանց  ռիսկեր առաջացնելու

Կառավարությունը մտադիր է էականորեն փոփոխել Աշխատանքային օրենսգիրքը․ փոփոխություններ են առաջարկվում փաստաթղթի 266 հոդվածներից 122-ում։  Նախագծի շուրջ այսօր խորհրդարանական լսումներ են հրավիրվել։ Փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փոփոխություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատում, բայց նաև բազմաթիվ առաջարկներ ու մտահոգություններ ունեն։

12-15 տարեկան երեխաները ցանկության դեպքում կարող են աշխատել օրական մինչև 4 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ, իսկ 15-16 տարեկանները՝ շաբաթական մինչև 24 ժամ․  «Աշխատանքային օրենսգրքում» եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխություններից մեկն է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը  վստահեցնում է՝ ևս մեկ անգամ շեշտադրվել է պարտադիր կրթության համար սահմանված ժամանակից դուրս աշխատանքային գործառույթներ իրականացնելը և հստակեցվել է, թե ինչով չեն կարող զբաղվել երեխաները։ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածներից 122–ում փոփոխություններ  կամ լրացումներ  են առաջարկվում՝ պարզաբանում է փոխնախարարը։ Փոփոխությունների մի խմբով նախատեսվում է կարգավորել կրթություն–աշխատաշուկա ճանապարհին առկա խնդիրները։ Մասնավորապես, նոր՝ փորձնակի ինստիտուտ է ներդրվում։

«Փորձնակներն այն քաղաքացիներն են, որոնք երկու ամիս ժամանակահատվածում անցել են աշխատանքային պրակտիկա որևէ գործատուի մոտ։ Ի տարբերություն առկա գործող մեխանիզմների՝ առանձնահատկություններ ունի։ Այս պահին հիմնականում բուհերն են ուղղորդում, թե որտեղ պետք է պրակտիկա անցնի, այս պարագայում ուսանողը կամ մեկ տարի առաջ բուհը ավարտված քաղաքացին ինքն է որոշում, թե որ գործատուի մոտ անցնի պրակտիկա։ Յուրաքանչյուր գործատուի մոտ կարող է մեկ անգամ անցնել պրակտիկա։ Գործատուն առնվազն տասը աշխատող պետք է ունենա, որ կարողանա պրակտիկա անցկացնել»։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կենսաթոշակային տարիքի շատ քաղաքացիներ ցանկանում են շարունակել աշխատանքը: Գործող  օրենսգրքի 113-րդ հոդվածում ամրագրված է այն հիմքը, որով գործատուն կարող է չերկարաձգել  կենսաթոշակային տարիքի հասած աշխատակցի հետ պայմանագիրը։ Նախագծով առաջարկվում է հանել այդ հիմքը։ Բացի դրանից՝ գործող կարգավորումներով հնարավոր չէ կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացու հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքել: Նոր նախագծով այդ հնարավորությունը տրվում է: Իրավաբան Արա Խզմալյանը այս փոփոխության առնչությամբ փոխանցում է բիզնեսի մտահոգությունները։ 

«Խոսում ենք վարորդների, ծանր ու վտանգավոր տեխնիկա շահագործող մարդկանց մասին, որոնց ուշադրության պակասը հղի է վտանգներով։ Մեզ մոտ այսօր աշխատողների պակաս կա։ Գործատուները չեն շտապում ազատվել աշխատողներից, եթե կարող են աշխատել։ Դա փաստ է․ սա վերաբերում է թե ցածր , թե բարձր որակավորում ունեցողներին։ Այսինքն՝ չկա խնդիր, որ աշխատաշուկային օգնում ենք, մենք աշխատաշուկան խեղում ենք»։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը նույնպես ռիսկեր է տեսնում։ Ուղեղների արտահոսք, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակ։ Ընդգծում է՝ կողմ են , որ կենսաթոշակառուները աշխատեն, բայց պետք է նաև մեխանիզմներ ներդրվեն՝  երիտասարդներին Հայաստանում պահելու։

«Իհարկե բոլոր այն մասնագիտությունները, երբ կենսաթոշակի տարիքի գասած անձը աշխատելու հնարավորություն ունի, գործատուն պետք է աշխատողին պահելու հնարավորություն ունենա։ Բայց մենք սրանով աշխատաշուկայի հարցը չենք լուծում, այլ  գուցե երիտասարդներին ենք դուրս թողնում աշխատաշուկայից»։  

Նոր օրենսգրքում առաջարկվում  են նաև հանգստի իրավունքին վերաբերող փոփոխություններ։ Փոխնախարարը հիշեցնում է՝ այժմ, եթե  աշխատողն արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, գործատուն որևէ լիազորություն այդ առումով  չունի։

«Առաջարկվող կարգավորումով սահմանվում է՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ արձակուրդ ուղարկելու»:

Եթե գործատուն աշխատողին՝ իր դիմումի համաձայն արձակուրդ չի տրամադրում, ապա նախատեսվում է տուգանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով: Գործող կարգավորումներով՝ աշխատող-գործատու հարաբերությունները սկսելուց 6 ամիս հետո էր միայն աշխատողին արձակուրդի հնարավորություն տրամադրվում: Հիմա որոշումը  թողնվում է աշխատողի և գործատուի համաձայնությանը: Գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում: Ներկայում 30–օրվա ժամկետ է սահմանվում:  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը գործադուլ անելու հնարավորությանն է անդրադառնում․ մեխանիզմները շարունակում են սահմանափակ մնալ։ 

«Այդ  50+1 չպետք է պակաս լինի ընդհանուր կազմակերպության աշխատողների 50 տոկոսից։ Իսկ գուցե արհմիությունը չի համախմբում 100 տոկոսին։ Գուցե շատ ավելի քչին է համախմբում։ Այդ դեպքում ինչպե՞ս կազմակերպել գործադուլ»։

2005 թվականին ընդունված փաստաթուղթը 2 անգամ է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ 2010 և  2015 թվականներին՝  հիշեցրեց աշխատանքի ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։ Հստակեցրեց՝  ի սկզբանե արմատական փոփոխություններ չէին նախատեսվում, բայց առաջացած հարցերն ու խնդիրները փոփոխությունների նման ծավալի բերեցին։ Այս պահին էլ  նախագիծը լրամշակվում է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովում։  

Կարդացեք նաև

Back to top button