ԿարևորՀասարակություն

Գիտելիքի «առաքում»՝ Սփյուռքից Հայաստան․ Math Honor-ն ուսանողներին մոտեցնում է չուսումնասիրվող մաթեմատիկային

2020-ի պատերազմից հետո սփյուռքահայ գիտնականներները Հայաստանում իրականացնում են մաթեմատիկայով լրջորեն հետաքրքրվող երիտասարդների գիտելիքները բարելավող ծրագիր։ Math Honor-ը Հայաստանի և Սփյուռքի գիտական միտքը կապող, գիտելիքը Հայաստան առաքող ծրագիր է, որի մասնակիցները բացահայտում են մաթեմատիկայի՝ Հայաստանում քիչ ուսումնասիրվող կողմերը։ Հայաստանում հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի միջոցով և Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ իրականացվող ծրագիրն արդեն ունի շրջանավարտներ և սպասում է նոր ուսանողներին։

2021-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, սփյուռքահայ գիտնականները որոշեցին, որ պետք է գիտելիքի նոր չափաբաժին ուղարկեն Հայաստան։ Ստեղծվեց հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամը, ավելի հայտնի՝ ASOF-ը։ 26 երկրից 220 անդամ, որոնց 85 տոկոսը գիտնականններ են։ Հայաստանում գիտական ներուժը զարգացնելու համար նրանք ստեղծեցին նաև Math Honor ծրագիրը։

«Լեկցիաները արվում են հայ գիտնականների կողմից, հիմնականում՝ օնլայն։ Մենք ZOOM-ով միանում ենք, լեկցիան կարդում են, իսկ գործնական աշխատանքը՝ տվյալ նյութն ավելի լավ ըմբռնելը կամ խնդիրներ լուծելն անցկացնում ես արդեն օֆլայն»։

ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արամ Մուղդալյանը ծրագրում ներգրավված է որպես դասախոսի օգնական։ Միջազգային գիտական զարգացումներին ավելի մոտիկից ծանոթ, դրանց էպիկենտրոնում գտնվող գիտնականների հետ աշխատանքը հայ ուսանողի համար խիստ օգտակար է համարում։

«Սա ֆանտաստիկ հնարավորություն է ուսանողների համար, որ դեռ 1-ին կուրսում ինչ–որ բաներից խոսեն, ինչու ոչ՝ նաև բարդ խնդիրների շուրջ մտածեն, առաջին տարուց սկսած ավելի մոտիկից ծանոթ կլինեն դրանց»։

ASOF- ի գործադիր տնօրեն Լիլիթ Մովսիսյանը նշում է, որ այս ծրագիրը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։ Դրան դիմելու համար ուսանողը որոշակի համարձակություն պետք է ունենա․ այն վստահաբար խաղ ու պար չէ։

«Բավականին բարդ է, խորքային է, պահանջներն էլ մասնակիցների նկատմամբ բավականին բարձր են, որովհետև երբ հանձնախումբը ներկայացրեց այս ծրագիրը, նպատակն էր ոչ միայն զարկ տալ գիտական ներուժին, այլ նաև դարձնել մրցակցային։ Եթե մենք ուզում ենք մեր ապագա գիտնականները լինեն մրցունակ, ապա պետք է ներդնենք ծրագրեր, որոնք Հայաստանում չկան»։

Էրիկ Բաբասյանը ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է, որոշել է մասնակցել նաև Math Honor ծրագրին։ Ուսումնասիրում է կոմբինատորիկա և մաթեմատիկական անալիզ առարկաները։

«Օրինակ՝ կոմբինատորիկայի հետ ես արդեն շատ էի առնչվել ծրագրին դիմելու ժամանակ, քանի որ մասնակցել էի օլիմպիադաների, իսկ օլիպմիադաներում դա ամենատարածված մեթոդներից մեկն է, իսկ մաթեմատիկական անալիզին շատ խորը ծանոթ չէի, ու այն, ինչ սովորել եմ մաթեմատիկական անալիզի կուրսում, գրեթե ամբողջությամբ նորություն է ինձ համար։ Այս կուրսում իմ ստացած գիտելիքները բավարար են ԵՊՀ–ում երկրորդ կուրսն ամբողջությամբ ավարտելու համար․ մի կիսամյակում ամբողջ կուրսի թեմաներն ուսումնասիրել ենք»։

Էրիկն ասում է՝ ծրագիրը հիմնականում հետաքրքրքում է այն մարդկանց, որոնք մաթեմատիկայի հետ կապված լուրջ պլաններ ունեն։ Ինքը հետաքրքրվում է մեքենայական ուսուցմամբ, որն, ասում է, զարգանում է մեծ արագությամբ՝ մաթեմատիկայի ահռելի իմացություն ենթադրելով։ Սակայն նեղ մասնագիտացում ընտրելուց առաջ սկսել է հետաքրքրվել օլիմպիական մաթեմատիկայով։

«Ծրագրի մասնակիցներից շատերն արդեն փորձ ունեն միջազգային օլիմպիադաներում, ես ևս։ Մենք մասնակցել ենք օլիմպիադաների, դարձել տարբեր մեդալակիրներ ու մեզնից շատերը հիմա դասավանդում են մաթեմատիկա օլիմպիական խմբակներում։ Օրինակ՝ ես դասավանդում եմ 9-րդ դասարանցիներին ֆիզմաթ դպրոցում, մասնակիցներից երկուսը Կապանի օլիմպիական դպրոցում են մաթեմատիկաի դասընթացներ իրականացնում»։

Ծրագիրն իրականացվելու է 4 տարի։ Մասնակցության համար առաջին տարվանից միացած լինելը պարտադիր պայման չէ։ Այն բաց է բոլոր ցանկացողների համար։ Խոսքը վերաբերում է նաև աշակերտներին, որոնք մաթեմատիկան ավելի լավ ճանաչելու հավակնություն ունեն։ Դասախոսի օգնական Արամ Մուղդալյանը միայն հուշում է՝ բազային գիտելիքն այս դեպքում անհրաժեշտ է։

«Այդպիսի տերմին կա՝ մաթհասություն։ Ինչի՞ց է, որ առարկա կա՝ առաջին կուրսից են անցում, առարկա կա՝ չորրորդ։ Այդ ընթացքում մարդու մաթեմատիկական հասունությունն ավելանում է, ինքն ավելի շատ բան է կարողանում ընկալել։ Այն, ինչն իրեն առաջին կուրսում կարող է անիրական թվալ, 4-րդ կուրսում արդեն հասարակ բան է դառնում»։

Առաջին կիսամյակում Արամի կուրսում սովորել է 15 աշակերտ, 14-ը ավարտել են, սակայն հավաստագիր տրվում է այն միայն գերազանցությամբ ավարտած ուսանողին։ Այդպիսիք առաջին կուրսում 5-ն էին։ Երկրորդ կուրսն ընթացքի մեջ է, ծրագիրը սպասում է հաջորդ կուրսին միանալ ցանկացողներին։ Մասնակցությունն անվճար է, իսկ լավագույն ուսանողներին Հայ օգնության ֆոնդը տրամադրում է նաև կրթաթոշակներ։

Կարդացեք նաև

Back to top button