ԿարևորՀասարակություն

Արցախով են անցնում աշխարհի քաղաքական միջօրեականները․ 35 տարի անց պայքարի նպատակները նույնն են, իրավիճակը՝ այլ 

Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ hամայն հայությանը և Արցախի բարեկամներին շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ Արցախում լիահույս են, որ փետրվարյան զարթոնքը նոր լիցք կդառնա համազգային իղձերի իրականացման ճանապարհին: ԱՀ ԱԺ-ն այսօրվա հայտարարությամբ արձանագրել է՝ արցախահայությունն ապրում է, վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի։

35 տարի առաջ՝ 1988-ի փետրվարի 20-ին, Ղարաբաղյան շարժումը հասավ Հայաստան։ Արցախյան շարժման 35-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտից վերահաստատում են՝ փետրվարի 20-ը շրջադարձային ու վճռորոշ օր էր ամբողջ հայ ժողովրդի կյանքում։ Այն դարձել է մեր ազգային ոգու վերածննդի խորհրդանիշ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն է նշել իր ուղերձում։

«35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական»:

«Եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու»,– ՀՀ վարչապետն է նշել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հղած ուղերձում։

«Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ», –մասնավորապես շեշտել է Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում՝ հավելելով, թե Ադրբեջանի գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել  սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, սակայն, անկոտրում է ու անսասան։

Ավելի քան 70–օրյա շրջափակման պայմաններում ապրող Արցախում վերահաստատում են Արցախյան շարժման արժեքաբանական բովանդակությունը։ Այստեղ շարունակում են համոզված լինել, որ Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին պարտավոր ենք սատար կանգնել ազգովի։ Պայքարը շարունակել ու նպատակին  հասցնել են ուզում արցախցիները՝ Շարժումից 35 տարի անց։ 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ շրջափակված արցախահայությունն ապրում է արտաքին ճնշման ու ներքին հակադրության պայմաններում, սակայն, պետնախարարի ձևակերպմամբ, ոչ մեկին չի հաջողվի խաթարել իրենց ծրագրերը։

«Շանսերը, որ մենք կարող ենք հաղթահարել այս իրավիճակը, ցածր է, բայց բարձր է զրոյից։ Ես նորից վստահ ասում եմ, որ իրավիճակը, որում գտնվում ենք, ծանր է, բայց  դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք»։   

Նոր իրողություններում արդյո՞ք պետք են նոր շեշտադրումներ։ Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ թեպետ այսօր պայմանները  ծանր են, բայց աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում, կարծում է, հնարավոր է  հասնել հաջողությունների ու վերակենդանացնել Արցախը։

«Արցախի ազգային ազատագրական պայքարը շարունակվում է։ Կշարունակվի այնքան, մինչև մեր կարգավիճակը վերջնականապես չճանաչվի միջազգային հանրության կողմից։ Բնական է՝ խնդիրներ կան,  բայց մի բան հստակ է, որ մենք երբևիցե չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Մի բան, որը մեզ համար անընդունելի է։ Հետևաբար, սա է խնդիրը, որ պետականաշինության գործընթացը շարունակվում է, և ազգային ազատագրական պայքարը հիմա դարձել է պետականաշինության գործընթաց»։  

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ չնայած բոլոր դժվարություններին ու ճնշումներին, հայությունն ունի ներուժ 35 տարի առաջ սկսված Արցախյան պայքարը վերջնական հանգրվանի հասցնելու համար։

«Կարծում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, չնայած այն մեծ ճնշմանը, որն այսօր կա մեր ժողովրդի վրա, մենք ունենք պոտենցիալ շարունակելու այդ պայքարը և ունենալու հաջողություններ։ Եթե համեմատելու լինենք Արցախի դրությունը 35 տարի առաջ և այսօր, կարծում եմ, բացասական իմաստով տարբերությունն այն է, որ այսօր մեր ժողովուրդը, կարծես թե, չունի այդ պայքարի կամքը։ Այսինքն՝ մեծ հաշվով, շտկելու շատ բան չկա։ Ընդամենը տրամադրվածությունն է և առաջնորդությունը։ Դրանից հետո, վստահ եմ, որ կարելի կլինի վերականգնել և՛ կորսվածը, և՛ արդեն իսկ սխալների վրա հենվելով՝ վերջնականապես հասնել մեր նպատակին»։

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նկատում է, որ 35 տարի առաջ միացման կարգախոսով մեկնարկած Արցախյան պայքարը ավելի ուշ  շարունակվեց և ընթացավ անկախության ուղիով։

«Պատահական չէ, որ Արցախը հռչակվել է անկախ հանրապետություն, և ամբողջ դիվանագիտական պայքարը մտել է ոչ թե միացման,  այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախացման ծիրը»։  

Փորձագետը նկատում է, որ Արցախով են անցնում աշխարհի բոլոր խոշոր քաղաքական միջօրեականները։ Այդ փոքրիկ երկիրը հայտնվել է ուժային տարաբնույթ հոսանքների՝ իրարամերժ շահերով առաջնորդվող խոշոր տերությունների շահերի կիզակետում և հավասարակշռություն է ապահովում, որի խախտումը, ըստ վերլուծաբանի, կարող է ծանր հետևանքներ ունենալ ո՛չ թե Արցախի, այլ հենց այդ պետությունների համար։

Ալեքսանդր Մանասյանը համոզված է, որ Արցախի անկախության գիծը հետևողականորեն առաջ տանելն, այնուամենայնիվ, ավելի հեռանկարային է։ Քաղաքագետը չի տեսնում այս մոտեցումից նահանջելու որևէ հզոր փաստարկ։

«Ժամանակին ասել եմ, որ միացումն այն պարագայում, երբ խոշոր ուժերը պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միացումը ավելի դժվար հասանելի նպատակ է, քան անկախությունը, այսինքն՝ քան ինքնորոշման իրավունքի ճանաչումը աշխարհի խոշոր պետությունների կողմից։ Առայժմ ես չեմ տեսնում որևէ  հզոր փաստարկ նախորդ գծից նահանջելու համար»։  

Դավիթ Բաբայանը նույնպես կարծում է, որ Արցախի պետականաշինության գործընթացը պետք է ընթանա այնպես, ինչպես նախկինում՝ ինքնորոշման ուղղությամբ։ Առավելս ևս, որ ինքնորոշման փաստն առկա է․ այդ իրավունքն արցախցիներն իրացրել են և Արցախն Ադրբեջանի կազմում չեն պատկերացնում։

«Ճիշտ է, նոր իրավիճակ է, նոր խնդիրներ, բայց այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, 88-ի այդ գաղափարը չի փոխվել։ Այսինքն, այդ գաղափարներից մեկն այն է, որ մենք այլևս ի վիճակի չենք Ադրբեջանի կազմում լինելու։ Այս հրամայականը մնացել է առայսօր»։

Թեպետ Արցախում շարժման 35-ամյակը նշվում է դժվարին ու ինչպես 88-ի շարժման մեկնարկից հետո, շրջափակման պայմաններում, սակայն, Արցախում վստահ են, որ մեր պետության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել։  

Կարդացեք նաև

Back to top button