ԿարևորՔաղաքական

Ծուղակային, «Խաղաղության պայմանագրից» հեռացնող․ փորձագետները՝ մյունխենյան հանդիպումների մասին

Հայաստանում քննարկվում են մյունխենյան հանդիպումների ու Անվտանգային համաժողովի  շրջանակում Հարավային Կովկասին վերաբերող  պանելային քննարկման արդյունքները։ Փորձագիտական գնահատականները միանշանակ չեն։ Վերլուծաբանները դժվարանում են անգամ գնահատել՝ Մյունխենն ավելի մոտեցրեց «Խաղաղության պայմանագրի՞ն»,  թե՞ նոր պատերազմին։ Քննարկումների առանցքում ոչ միայն Փաշինյան–Ալիև բանավեճն է, այլև մյունխենյան հանդիպումներին հնչած ուղերձները տարածաշրջանի անվտանգային խնդիրների վերաբերյալ։ 

Փաշինայն–Ալիև մյունխենյան բանավեճը «ծուղակային» է համարում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասելի «փոխհրաձգությունը» առանց բովանդակային և «դեղատոմսային» քննարկումների պարզապես ի ցույց դրեց իրավիճակի բարդությունն ու կողմերի դիրքորոշումների իրարամերժ լինելը։

«Այս կանխատեսելի իրավիճակի պայմաններում  ո՞րն էր քննարկման նպատակը և իմաստը։ Սա «ծուղակային» տրամաբանությամբ ինչ–որ տպավորություն ստեղծող նախաձեռնություն էր։ Որովհետև եթե Կովկասի անվտանգության, կայունության, խաղաղության հեռանկարների մասին իրական, առարկայական խոսակցության նպատակ էր հետապնդում այդ նախաձեռնությունը, այն առնվազն այնպիսի «տնային աշխատանքով» պետք է կազմակերպվեր, որը կապահովեր, որ Ադրբեջանի նախագահը զերծ մնար իր այդ ագրեսիվ, հավակնոտ հռետորաբանությունից և խոսք ծավալվեր պարզապես Կովկասի անվտանգության հեռանկարների մասին»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահն իր նոր հռետորաբանությամբ փորձում էր եվրոպացիների աչքում Ադրբեջանի իրավիճակը նույնացնել Ուկրաինայի հետ: Իոաննիսյանը սոցցանցում գրել է․

«Կարծում եմ՝ քննարկման ժամանակ արժեր նշել, որ խաղաղության մասին սիրուն խոսող Ալիևը մի քանի ամիս առաջ չսադրված հարձակում գործեց Հայաստանի վրա… Ընդգծելով, որ Ադրբեջանն ու Ուկրաինան շատ տարբեր են: Տարօրինակ էր նաև այն, որ Ալիևը չխոսեց Ղարաբաղում ականների տեղադրման իր սիրած թեզի մասին: Իսկ մզկիթների ոչնչացման մասին իր մեղադրանքին հազար ու մի ավելի լավ ու ընկալելի պատասխան կարելի էր տալ։  Օրինակ, որ մենք Աղդամի մզկիթը վերանորոգեցինք, իսկ իրենք քանդում են Շուշիի Ղազանչեցոցը»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը  Մյունխենում առանձնապես դրական արդյունքներ Հայաստանի համար չի առանձնացրել։ Դժվարանում է մեկնաբանել, թե արդյոք Մյունխենում ամրագրվեց, որ կողմերի համար ընդունելի է «խաղաղության պայմանագրի» արևմտյան տարբերակը։

«Ցավալի էր, որ Հայաստանի, հայ ժողովրդի, մեր պետության և  պետականության մասին ինչ ասես ասվում էր և ըստ էության պատասխան չէր տրվում։ Սա, կարծում եմ, ամենամեծ խնդիրն էր, որ մենք կարող ենք արձանագրել՝ հաշվի առնելով հանդիպման էությունը։ Շատ դժվար է ասել՝ ինչը ամրապնդվեց, որովհետև Հայաստանի իշխանությունները առանձնապես թափանցիկ չեն աշխատում այդ առումով, տեղեկություններ հստակ չկան։ Դրա համար փորձագիտական շրջանակները ստիպված են ինչ–որ փոքր տեղեկությունների վրա կատարել իրենց վերլուծությունները։ Կարծում եմ, որ Ադրբեջանը շարունակելու է կորզել Հայաստանից մաքսիմալը՝ հաշվի առնելով մեր անպատրաստ լինելը և այլն»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Մյունխենից պետք է առանձնացնել անհրաժեշտ ուղերձները։ Իսկ դրանք, ըստ քաղաքագետի,  ոչ թե Փաշինյանի ու Ալիևի բանավեճում էին, այլ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ և միջնորդությամբ տեղի ունեցած  եռակողմ հանդիպման ։ Եթե նախկինում Ադրբեջանի նախագահը հրաժարվում էր բանակցել Ստեփանակերտի հետ, ապա այսօր պատրաստ է, բայց՝ նախապայմանով․

«Ալիևը հասկանում է, որ Ստեփանակերտի հետ բանակցելու դեպքում ինքը ճանաչում է Արցախի սուբյեկտայնությունը, ընդունում է, որ ինքը խնդիրը չի լուծել։ Իրականում, Ռուբեն Վարդանյանի խնդիրը պատրվակ է խուսափելու համար Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններից։ Եթե ինքը այլ պատրվակ չունի, ինքը չի կարող բացատրել Բլինքենին և աշխարհին, թե ինչու է Վաշինգտոնում, Ժնևում, Պրահայում, Բրյուսելում համաձայնություն տվել Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններին»։

Քաղաքագետ էդգար Վարդանյանը, ամեն դեպքում, ազդակներ առանձնացնում է նաև հենց բանավեճից։

«Հայաստանը թեև ունի լրջագույն խնդիրներ,  այսօր Լաչինի միջանցքի խնդրիր կա, կա ՀՀ տարածքների օկուպացիա և այս պարագայում Հայաստանը, միևնույնն է,  կոնստրուկտիվ քայլեր է իրականացնում։ Միջազգային հանրությունը նաև գրանցեց, որ այն դիսկուրսը, այն նարատիվները, որոնք առաջ էր տանում Ալիևը, անընդունելի են։ Բնականաբար, սա չի կարող դրական ընդունվել միջազգային հանրության կողմից և կարծում եմ, որ միջազգային հանրության տարբեր ինստիտուտներ էլ ավելի համոզվեցին, որ իրենք պետք է շարունակեն, ուժեղացնեն իրենց ճնշումը Ալիևի նկատմամբ։ Մյուս կողմից էլ Ալիևի հռետորաբանության՝ որոշ չափով փոփոխությունը խոսում է այն մասին, որ այդ ամենը ապարդյուն չէ»։

Փաշինյան–Ալիև բանավեճը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համար ակնհայտ  է դարձրել իրողությունը , որ Կովկասը և Հայաստանը իրենց խնդիրներով Մյունխենի համաժողովում լայն ռազմավարական նպատակների ընդամենը մի օղակ են։

Վերլուծաբանների համար միանշանակ չէ, թե Մյունխենից հետո ավելի շատ մոտեցանք «Խաղաղության պայմանագրի՞ն», թե՞ նոր պատերազմին։ Բայց կա նաև խնդրի  երրորդ կողմը, որի վրա ուշադրություն է հրավիրում Բադալյանը։

«Ես կարծում եմ, Մյունխենը մոտեցնելու կամ հեռացնելու հարց չէ, որ լուծում է։ Պարզապես մյունխենյան համաժողովը թողնում է կովկասյան ուղղությամբ հնարավոր ապակայունացման որոշակի ալիբիի տպավորություն։ Այսինքն՝ ցույց տալու, որ փորձեր են արվում խաղաղություն քննարկել, կայունություն քննարկել և այլն, բայց մենք տեսնում ենք, որ իրական «գետնի վրա» գործնականում Կովկասի կայունության կամ երկարատև խաղաղության հարցում առարկայական քայլերի շահագրգռություն այսօր չկա։ Քանի դեռ կա պատերազմի Ռուսաստանի հետ, իսկ Կովկասը դիտվում է Ռուսաստանին հարվածելու առանցքային և զգայուն գոտիներից մեկը։ Այստեղ, իհարկե, կան բավական մեծ ռիսկեր Հայաստանի անվտանգության տեսանկյունից, այդ ռիսկերը նոր չեն։ Պարզապես մյունխենյան համաժողովը վերահաստատեց, որ դրանք չափազանց զգայուն և չափազանց բարձր աստիճանի են»։

Այս հարցում, ի դեպ, վերլուծաբանների կարծիքներն ամենաշատն են համընկնում։

Կարդացեք նաև

Back to top button