
ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման շարունակական քաղաքականության մասին։
Փաշինյանը նախ հիշեցրեց, որ երեկ՝ Լաչինի միջանցի ապօրինի արգելափակման 66-րդ օրը, Ադրբեջանը վերականգնել է ԼՂ բնական գազի մատակարարումը, ապա երկու ժամ անց կրկին փակել է գազատարը։ Հունվարի 9-ից արգելափակված է նաև հոսանքի մատակարարումը։
«Լաչինի միջանցքի արգելափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողությունները ունեն մի նպատակ․ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը։ Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերում մեր այս պնդմանը, ապա հիմա սա ավելի ակնհայտ է դառնում»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ պատահական չէ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը վերջին 3 ամսում 3 անգամ հայտարարությամբ է հանդես եկել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին։
Վարչապետը հայտնեց, որ նախօրեին Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատաքները։
«Հայաստանի առաջարկներով փաստաթուղթը փոխանցվել է Ադրբեջանին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»,-հայտնեց վարչապետը՝ մանրամասնելով․
«Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է նաև, որ այն պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։
Մեր տեսլականը հետևյալն է․ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։
Կրկին հաստատում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական խաղաղության երշխիք կդառնա։ Ահա այսպիսի պայմանագիրը օր առաջ ստոագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը։ Պատրաստ եմ կրել այդպիսիպատասխանատվություն»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




