Հայկական ֆոլկլորիկ երաժշտությունը մշտապես մեր հաղորդաշարի ուշադրության կենտրոնում է: Ազգային երաժշտութունն այն նյութն է, որը մշտապես երաժիշտների ուսումնասիրության և ամենատարբեր մշակումների ենթակա է դառնում, և մեր անդրադարձը յուրաքանչյուր նորույթի կամ նոր տեսանկյունի մշտական է և հետևողական:
Ժաննա Դավթյանը ոչ միայն երգչուհի է, այլ նաև ավարտել է Երևանի պետական Կոնսերվատորիան՝ որպես երաժշտագետ, ինչի շնորհիվ տիրապետում է երաժշտական նյութին և վերլուծության հմտություններին:
«Ակադեմիական կրթությունը թույլ է տալիս նաև հասկանալ կատարողի և գործիքավորողի ազատության քո չափը՝ ավանդական նյութը մշակելիս և յուրովի ներկայացնելիս», -ասում է երգչուհին:
Գոյություն ունեցող ավանդական կազմերի համար բնորոշ է որոշակի նվագարանների գործածում, բայց Ժաննա Դավթյանի նախագծի երաժիշտների կազմում մենք տեսնում ենք ավանդական փողայինների հետ համատեղ կիթառ, բասկիթառ և տարբեր հարվածայիններ՝ դափ, կահոն և այլն:
«Հարվածայինների բազմազանությունը թույլ է տալիս նոր երանգներ մտցնել ընդհանուր պատկերի մեջ, հարստացնել տեմպոռիթմային հյուսվածքը և ստեղծել նոր հնչյունային պատկեր»,- ասում է թմբկահար Ստեփան Տեր-Ղևոնդյանը, իսկ կիթառի գործածումը նոր հարմոնիկ լուծումների հնարավորություն է ստեղծում:
Կիթառահար Գևորգ Ղազարյանը կատարում է նաև գործիքավորումներ: 2022 թ. տարեվերջին «Ժաննա Դավթյան Ֆոլկ փրոջեկտը» հանդես եկավ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը՝ «ֆոլկ և ջազ Քրիստմաս» համատեղ ծրագրով՝ Երևանի պետական կամերային երգչախմբի հետ: Համերգի երկու բաժնում ներկայացվեցին տարբեր մեկնաբանությամբ և գործիքավորմամբ հայտնի ջազային և ավանդական, հայկական երգերը:
Երաժիշտները համարում են, որ ավանդական կատարումների հետ զուգահեռ պետք է զարգացնել մատուցման նոր գեղագիտություն, որը թույլ կտա ազգային երգը տարածել և ավելի ընկալելի դարձնել ամենատարբեր սոցիալական խմբերում, դրա համար համացանցային հնարավորությունները առավել կարևորված հարթակ է և երաժիշտներն ակտիվորեն ձայնագրում և տեղադրում են իրենց կատարումները:
«Համերգների կազմակերպումը դյուրին չէ Հայաստանում, Կամերային երաժշտության տանը, կամ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում հանդես գալու առիթները շատ չեն, և մենք պետք է հնարավորություններ գտնենք ազգային երգ-երաժշտությունը հանրահռչակելու համար»,- հավելում է Ժաննա Դավթյանը:
Հաղորդման ընթացքում հնչում են «Ժաննա Դավթյան Ֆոլկ փրոջեկտի» համերգային կատարումները: