
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժերից անցել է մեկ շաբաթ, գնալով փոքրանում է փլատակներում մարդկանց ողջ գտնելու հույսն ու հավանականությունը։ Այսօր արդեն միջազգային լրատվամիջոցները հաղորդում են 34 հազար զոհի մասին։
Մինչ սեյսմոլոգները շարունակում են ուժգին երկրաշարժերի պատճառների ու հնարավոր հետևանքների մասին քննարկումները, փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Մի շարք երկրների փրկարարներ, սակայն, հրաժարվում են Թուրքիայում աշխատել՝ աղետի գոտում քրեական խմբավորումների ակտիվանալու պատճառով։
Թուրքիայում՝ երկրաշարժի գոտում, կրակոցներ են լսվել, տեղեկություններ կան քրեական խմբավորումների ակտիվության աճի մասին։ Թուրքագետները նկատում են, որ Թուրքիայում նման վտանգը չափազանց իրական է։ Այն շրջաններում, որտեղ տեղի է ունեցել աղետաբեր երկրաշարժը, գործում են զինված խմբեր, որոնք զբաղված են կողոպուտով, ու երբ նրանց փորձում են խանգարել՝ կրակ են բացում։
«Այդ շրջանները մոտ են գտնվում ռազմական գործողությունների գոտուն՝ Սիրիայի սահմանին մոտ են և այդ առումով նույնպես այդ շրջանները վտանգավոր են։ Այնպես որ, այո՛, իսկապես շատ իրական վտանգ կա»,– ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Հենց այդ վտանգները հաշվի առնելով, Ավստրիայի և Գերմանիայի փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները երկրաշարժից տուժած Թուրքիայում, որովհետև աշխատանքի ու առհասարակ այնտեղ գտնվելու համար անապահով, կյանքի համար վտանգավոր պայմաններ են։ Ավստրիացի զինվորականության ներկայացուցիչն է այդ մասին հայտարարել.
«Թուրքիայում քրեական խմբավորումներն առճակատման մեջ են, անընդհատ կրակոցներ են հնչում։ Այստեղ փրկարարական աշխատանք իրականացնելը մեծ ռիսկ է»։
Հայտնի է դարձել նաև, որ իսրայելցի փրկարարները նույնպես լքում են Թուրքիան ՝ դարձյալ նույն պատճառաբանությամբ, ելնելով անվտանգության նկատառումներից:
Առաջինը հայտնի դարձավ ավստրիական բանակի՝ որոնողափրկարարական աշխատանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում դադարեցնելու մասին։

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության,այդ մասին հայտարարել է ավստրիական բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Պիեռ Կուգելվայսը.
«Զինված ավազակախմբերի կողմից հրազենի կիրառմամբ զինվորականների կյանքին սպառնացող վտանգն է պատճառը։ Փրկարարական գործողության ակնկալվող հաջողությունը համարժեք չէ անվտանգությանը սպառնացող վտանգի հետ»։
Ավստրիացի բարձրաստիճան զինվորականը նաև նշել է, որ իրենց վրա ուղիղ հարձակումներ չեն եղել, սակայն, Թուրքիայում խմբավորումների միջև բախումների աճ է նկատվում, անգամ կրակոցներ են հնչում։
Երկրաշարժից հետո ԵՄ 27 երկրների ղեկավարներ հայտարարեցին, որ իրենք լիակատար համերաշխություն ունեն Թուրքիայի հետ և պատրաստ են մեծացնել աջակցությունն այդ երկրին։
Մենք տեսանք ուժեղ համերաշխություն ամբողջ աշխարհից՝ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը նման հայտարարություն հնչեցրին։ Արևմտյան պարբերականները, մինչդեռ, նկատում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը քարոզարշավ է անում ավերակների վրա, մինչդեռ՝ նրա վարկանիշն ընկնում է ավելի արագ, քան դոլարի կուրսը։ Էրդողանը փորձում է կանգնեցնել իր վարկանիշի անկումը։
Ռուբեն Սաֆրաստյանը նկատում է, որ երկրաշարժը բացահայտել է նաև Թուրքիայի քաղաքական համակարգի էությունը՝ այդ երկրում շինարարության ոլորտը հիմնականում գտնվում է հենց Էրդողանի մերձավորների ու հարազատների ձեռքում, ու հենց այդ քաղաքական համակարգն է պատասխանատու երկրաշարժի աղետալի հետևանքների համար։ Թուրքագետը չի բացառում, որ այն, ինչ կատարվում է Թուրքիայում երկրաշարժից հետո, կարող է դառնալ այդ երկրի պատմության նոր էջի սկիզբը․
«Ես կարծում եմ, որ հետևանքներն անձամբ Էրդողանի ու իր կառավարման համակարգի համար, եթե փորձի նորից վերընտրվել, կամ իր կուսակցությունը փորձի հաղթել, կլինեն շատ ծանր։ Ես կասկածում եմ, որ նրան կհաջողվի հաղթահարել այդ բոլոր բացասական երևույթները»։
Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության՝ տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո գրանցվել է 2412 հետցնցում։ Իսկ մասնագետները կարծում են, որ Թուրքիայի ներքաղաքական ցնցումները դեռ առջում են: Ինչպիսի՞ն կլինեն դրանք՝ վերջնական արձանագրումներ կարվեն մայիսի 14-ին նախատեսված համընդհանուր ընտրություններում։




