
Տեղի է ունեցել «Համո Բեկնազարյան» պատկերագիրքի շնորհանդեսը, որում հայերենով, ռուսերենով և անգլերենով ներկայացված են կինոռեժիսորի, սցենարիստի, կինոդերասանի, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադրի կյանքի ու գործունեության գլխավոր դրվագները: Պատկերագրքի առաջին հասցեատերը միջազգային հանրությունն է, որը, հեղինակների խոսքով, պետք է ճանաչի ոչ միայն Հայաստանում, այլ Հարավային Կովկասում կինոյի զարգացման մեջ անգնահատելի նպաստ ունեցող Բեկնազարյանին ու նրա գործը։
Պատկերագրքում առաջին անգամ հրապարակվող տասնյակ լուսանկարների հետ եռալեզու տեքստեր են։ Սա բացառիկ երևույթ է, ճիշտ այնպես, ինչպես պատկերագրքի հերոսն է՝ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը։ Գրքի հեղինակները Զավեն Բոյաջյանը և Ռուզաննա Բագրատունյանն են։ Նրանք սա մեծ պակասը լրացնող մի քայլ են համարում։ Զավեն Բոյաջյան։
«Ես միշտ մտածել եմ, որ ընդհանրապես մենք Համո Բեկնազարյանին մատուցելու մեծ տուրք ունենք այն առումով, որ շատ քիչ գրականություն է ստեղծվել նրա մասին, մինչդեռ պիտի մի ամբողջ գրադարան լիներ մինչև օրս։ Մտածեցի, որ շատ պարզունակ կլինի, եթե գիրքը կազմված լինի միայն պատկերների պրիմիտիվ մեկնաբանություններից, ասենք՝ Բեկնազարյանը որդու հետ կամ կնոջ հետ և այլն։ Դրա համար փորձել եմ այդ մակագրությունները վերածել տեքստերի, այսինքն՝ գիրքը շատ հագեցած է ոչ միայն տեսողական, պատկերային նյութի առումով, այլև տեքստի առումով»։
Գիրքը հիմնված է Բեկնազարյանի հուշերի վրա, որոնք ամփոփված են մահից մի քանի տարի առաջ գրված ինքնակենսագրությունում։ Օգտագործել են նաև Կարեն Քալանթարի՝ Բեկնազարյանին նվիրված մենագրությունից դրվագներ, կինոգիտության կարևորագույն դեմքերի՝ Սաբիր Ռիզաևի, Գրիգոր Չախիրյանի, Սուրեն Հասմիկյանի դիտարկումները: Պատկերագրքում ներառված պատկերների մի մասն առաջին անգամ է հանրայնացվում։
«Քանի որ հայ կինոյի առաջին տասնամյակները բացառապես առնչվում են Բեկնազարյանին, գիրքը հանրագիտարանային բնույթի մի ժողովածու է, որը ներկայացնում է առաջին տասնամյակների հայկական կինոն, հայ կինոյի արշալույսը, հետագա տարիները»։
Գիրքը հրապարակվել է ԿԳՄՍ նախարարության պատվերով։ Փոխնախարար Արա Խզմալյանը նշում է, որ միջազգային տեղեկատվական հարթակում մեծ բացթողում կա։ Նման աշխատանքներն այդ անդունդը լցնելու նպատական ունեն․
«Այս գրքի գաղափարը ես կրում եմ 2019 թվականից, ուզում եմ ավելի էմոցիոնալ բան ասել՝ սա ինձ համար անձնական ձեռքբերում եմ համարում, որովհետև Համո Բեկնազարյանը և նման անունները մեր ելքի վիզաներն են դեպի մեծ աշխարհ։ Նրանց ստեղծած ժառանգության, նրանց գործունեության շնորհիվ մենք մուտք ենք գործել համաշխարհային մեծ ընտանիք, մենք կարողացել ենք հայտնվել համաշխարհային մեծ պրոցեսսների մեջ։ Տեսնում ենք, թե ինչ է արել Համո Բեկնազարյանը ոչ միայն Հայաստանում, այլ Հարավային Կովկասում կինոմատոգրաֆիայի առումով և տեսնում ենք մեր զարմանալի անփույթ վերաբերմունքը մեր արժեքների հանդեպ։ Զարմանալի անփույթ, զարմանալի հանգիստ վերաբերմունքը»։
Խզմալյանի խոսքով՝ գրքի հասցեատերերն առաջին հերթին Հայաստանից դուրս են, բայց սահմաններից այս կողմ ևս նման տեղեկատվություն փոխանցելու կարիք կա։
«Մեր խնդիրն է, մեր քաղաքական առաջնահերթություն է օր առաջ ապահովել այս տեղեկատվական դաշտը, լցնել այդ դատարկությունը անհրաժեշտ տեղեկատվությամբ։ Ահռելի քանակությամբ նյութ կա՝ փաստավավերագրական, արխիվային, որը պետք է թարգմանվի, հանրայնացվի, և սա նույնիսկ ազգային արժանապատվության խնդիր է, սա միայն մշակութային քաղաքականության կամ գրահրատարակության ոլորտին վերաբերող մասնակի խնդրի լուծում չէ»։
Համո Բեկնազարյանը 1915-ից «Համո Բեկ» կեղծանունով նկարահանվել է, խաղացել է մոտ 100 դեր։ Հայկական կինոն՝ «Հայֆիլմ» կինոստուդիան նրա ձեռամբ է ստեղծվել՝ «Պեպո», «Նամուս», «Շոր և Շորշոր», «Զարե», «Տունը հրաբուխի վրա», «Զանգեզուր», «Դավիթ Բեկ» և այլ ֆիլմերով։






