ԿարևորՀասարակություն

Արցախում խնայում են ամեն ինչ՝ ուտելիքից մինչև էլեկտրականություն․ երկու ամիս շրջափակման մեջ

Երկու ամիս շրջափակման մեջ  գտնվող արցախցիների կենցաղն սկսվում ու շարունակվում է ըստ հովհարային անջատումների ժամանակացույցի։ Արցախի էներգետիկ ցանցը գերծանրաբեռնված է։ Մեկ ամսից ավելի է, ինչ վնասցած է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Ադրբեջանը թույլ չի տալիս այն վերանորոգել։ Արցախէներգո ընկերությունը հորդորում է հոսանքը խնայողաբար օգտագործել, տնտեսել էլեկտրաէներգիան։ Հակառակ դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում։

Պատմում է Ստեփանակերտի բնակիչ Իրինա Առուստամյանը․

 «Առավոտյան, որ արթնանում ենք, պետք է լույսի գրաֆիկն անգիր իմանանք։ Եթե առավոտյան 8-9 լույս չի լինելու, 7-ին արթնանում եմ, տաքացնում եմ ամեն ինչ։ Ութին արթնացնում եմ երեխաներին, որ նորմալ նախաճաշեն։ Իհարկե տանը ցուրտ է լինում, բայց ոչինչ։ Արդեն,  ըստ հոսանքի գրաֆիկի, պլանավորում ենք օրը։ Մտածում ենք՝ ինչ ճարենք, որ  սարքենք երեխաները ուտեն։ Նվազագույն բաները»։

Արցախում արդեն երկու ամիս օրվա կերակրացանկն էլ մշակում են ոչ թե ըստ ցանկության, այլ ըստ հնարավորության։ Կախված նրանից, թե ինչ ունեն տանը, կամ ինչ կարող են գտնել խանութում։ Իսկ սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի պակասն ամեն օր ավելի ու ավելի նկատելի է  դառնում։ Հունվարի 20-ից առաջին անհրաժեշտության հինգ անուն ապրանք կտրոնով է տրամադրվում։ Փետրվարի 21-ից դրանց կավելանան նաև ձուն, բանջարեղենը, լվացքի փոշին։

«Խանութները հերթով ստանում են ապրանքները, բայց ՝ քիչ։ Դրա համար էլ հերթերը շատ են։ Եթե աշխատանքի ես, չի ստացվում, որ օգտվես։ Ծանոթ-բարեկամ ես խառնում, որ կարողանաս գնել։  Բանջարեղենն ու միրգը կտրոնով կլինի արդեն։ Առաջին անհրաժեշտության պարանքներից անձեռոցիկ, հիգիենիկ պարագաներ շատ քիչ են, չես կարողանում գտնել։ Ժողովուրդը մի կերպ հարմարվել, ապրում է»,-ասում է Իրինա Առուստամյանը։

Արցախի բուժհիմնարկներում արդեն երկու ամիս դադարեցված են պլանային բոլոր վիրահատությունները։ Կրթական հաստատությունների մեծ մասը փակ է։ Էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մի շարք ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը։

ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան․

«Մինչ վթարը Արցախը սպառում էր ժամում 60-65 մեգավատ հոսանք կամ օրական 1․5 մլն կիլովատ / ժամ էլեկտրաէներգիա։ Դրանից 900 հազարից 1 մլն կվտ ժամը Հայաստանից էր ներմուծվում։ 600 հազար կլիովատ ժամը արտադրվում էր Արցախում։ Վթարից հետո էլեկտրաէներգիայի պակասորդի պայմաններում արդյունաբերական շատ օբյեկտներ դադարեցրել են գործունեությունը։ Այս պահին, չհաշված այդ մեծ ձեռնարկությունները, Արցախին նորմալ  էլեկտրամատակարման  համար 45 մեգավատ ժամ հոսանք է անհրաժեշտ»։

Արցախի քաղաքաշինության նախարարության տվյալներով 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը։ Սա հիմնականում պայմանավորված է շինանյութերի պակասով, որոնք հիմնականում ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից:  Գույքագրվել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակներ, սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում առկա չնչին ռեսուրսների սպառումից հետո, ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները։  2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախցիներ մնացել են առանց կացարանի։ Մինչև շրջափակումն այստեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ էին ընթանում` հիմնականում բռնի տեղահանված անձանց կացարանով ապահովելու համար։

Ըստ Արցախի  կառավարության տեղեկագրի՝  տուժել են նաև մանածագործական, հագուստի, խմիչքների արտադրության, միրգ-բանջարեղենի, մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունները՝ բացառությամբ, եթե իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակներում կացության ապահովումը։

Մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները հումքի ներկրման բացակայության պատճառով: Վառելիքի  պակասն ու պարբերաբար անջատվող գազամատակարարումը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել գյուղացիներին։

«Մսամթերք ընդհանրապես չի ներմուծվում։ Անասնակերի, կաթանմթերքի զգալի պակաս կա։ ԱՀ գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ, վիճակը կրիտիկական է խոզաբուծության ու թռչնաբուծության ուղղություններում, քանի որ նրանք սնվում են  բացառապես հատիկային կերով, որն էլ ներմուծվում էր Հայաստանից։ Շրջափակման շարունակման դեպքում խտացված ու հատիկավոր կերերի մասով կարող է խնդիր առաջանալ»,-ասում է «Օրբելի»  հետազոտական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը։

Ընդհանուր առմամբ՝ մոտ 5 հազար մարդ այս ընթացքում կորցրել է եկամտի աղբյուրը, դառնալով գործազուրկ։Թվային ամբողջական տվյալներ դեռ չկան, բայց ակնհայտ է, որ Արցախի ողջ տնտեսությունն է մարտահրավերների առջև կանգնած։

Ու չնայած ծանր իրավիճակին՝ Արցախի կառավարությունը, համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, նույնպես որոշել է  միանալ երկրաշարժից տուժած սիրիահայերին օգնելու  համար կազմակերպվող համահայկական դրամահավաքին: 

Կարդացեք նաև

Back to top button