
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԵՄ- Հայաստան համագործակցությունը ոչ մի պահ չի դադարել, իսկ այս փուլում պարզապես վերանայումների կարիք ունի, այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակագ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ոլորտները, որոնցում հնարավոր է այդ համագործակցությունը, դեսպանը համեմատել է մեծ շինհրապարակի հետ, որտեղ անելիքներ դեռ շատ կան: Իսկ Հայաստան- ԵՄ փոխհարաբրեւթյուններին Անրի Ռենոն անդրադարձել է «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ խոչընդոտներ ու հնարավորություններ» թեմայով Մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկման ժամանակ: Դրան, ի դեպ, մասնակցել են քաղաքական գորիծիչներ ու փորձագետներ։
Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկից մինչև 2013 թվականը՝ մոտ 6 տարի, Հայաստանն ու Եվրամիությունը բովադակալից ու տքնաջան աշխատանք են կատարել: Սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը փոխվել է, բայց համագործակցության խնդիրն օրակարգից դուրս չի եկել, այն պարզապես վերանայումների կարիք ունի, «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ խոչընդոտներ ու հնարավորություններ» թեմայով Մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկմանն այսօր ասաց Ֆրանսիայի արտակագ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ապացույցը, ըստ դիվանագետի, Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ ընդունված համատեղ հայտարարությունն է, որով կողմերը երկուստեք հավաստում են համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Դատական համակարգ, մարդու իրավունքներ, պայքար կոռուպցիայի դեմ, քաղաքացիական հասարակության ուժեղացում. սրանք, ըստ դեսպանի, Հայաստան- ԵՄ առաջիկա համագործակցության առաջնային ուղղություններն են։ «Նշված ոլորտներն իրենցից ներկայացնում են մի մեծ շինհրապարակ, որտեղ աշխատանքը տարիներ կպահանջի թե Եվրամիությունից, թե Հայաստանից: Այստեղ անելիքները շատ են»:
Մաքսային միությանն անդամացելու մտադրության մասին քաղաքական հայտարարությունը որոշակիորեն փոխել է իրավիճակը, բայց չի բացառել Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը. «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի դիտարկումն է։ Նրա կարծիքով ՝ իշխանություններն ունեն ցանկություն ու կամք ՝ գտնելու ԵՄ-ի հետ համագործակցության ճկուն մեխանիզմներ, հատկապես պետական , քաղաքական ինստիտուտների բարեփոխումներն ոլորտներում, «համագործակցության եզրեր կան նաև տնտեսական դաշտում»։
Նույն լավատեսությունը չունի «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլը ճգնաժամային է գնահատում: Ընդդիմադիր գործչին զարմացնում է հատկապես հետևյալ հանգամանքը. «Ըստ էության ոչ մի առաջարկ Եվրամիության կողմից արված հայտարարությունից հետո չի հնչել: Եվ սա ոչ միայն իշխանության, այլև քաղաքական ամբողջ դաշտի պրոբլեմն է, որ բացի քննադատությունից գոնե այլընտրանյքային առաջարկ չի ներկայացվում»։
Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ն հստակ պատասխանների է սպասում այն հարցերի վերաբերյալ, թե որ կետերում և ինչ չափով է մեր երկիրը պատկերացնում իր համագործակցությունը Եվրամիության հետ, նաև՝ որքանով է պատրաստվում խորացնել հարաբերությունները Մաքսային միության հետ: Ըստ Սաֆարայանի՝ այն ոլորտներում, որտեղ համագործակցությունն իրատեսական է համարվում, ծրագրերը պետք է հստակ ձևակերպումներ ստանան։ «Առնվազն մենք կարող ենք Ասոցացման համաձայնագրից հանել այն առարկայական, սկզբունքային ծրագրերը, որոնք վերաբերում են այս ոլորտներին և դրանք ներկայացնել որպես համագործակցության ճանապարհ»,- ասում է։
Եվ իրավիճակը՝ նաև փորձագիտական դիտանկյունից: Միջազգային կառույցների տարբեր ռեյտինգներով Հայաստանն ավելի ազատ երկիր է համարվում, քան ՄՄ մյուս անդամները, նշում է ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը՝ առաջին խնդիրը տեսնելով հենց այս դաշտում: Նկատում է նաև, որ եվրոպական թե եվրասիական կողմորոշում հարցադրումը նախ և առաջ հասարակությանն է, հետո միայն՝ քաղաքական էլիտայինը: Հասարակության կարծիքն արտահայտվում է սոցհարցումների միջոցով, իսկ ըստ դրանց՝ հարցվածների մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ դաշինքին՝ ասում է փորձագետը՝ ընդգծելով, որ հասարակության մեջ ՄՄ-ն ընկալվում է որպես Ռուսաստանի հետ դաշնություն՝ առաջարկելով նաև քանակական ցուցանիշները համադրել որակական վերլուծությունների հետ։
«Քանակական ցուցանիշները երբեմն նաև որակական վերլուծություն են պահանջում։ Ինձ համար ավելի կարևոր է կրթյալ և պրոֆեսիոնալ զանգվածի կարծիքը, քան այն մարդկանց, ովքեր հարկադրված են գնալ խոպան և անձնական նկատառումներից ելնելով են ռուսատանյան դաշինքն ավելի ձեռնտու համարում: Եթե ամփոփենք՝ եվրոպական կողմնորոշում ունեցողներն առաջնորդվում են պետականամետ մտածողությումաբ, իսկ դեպի ՄՄ կողմնորոշվածները՝ անձնական նկատառումներով»:




