
Հայաստանի Էկոլոգիական խնդիրներին անդրադառնանք։ Բնապահպանները գտնում են, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը ցանկալի արդյունք չի տվել։ Սա չեն հերքում նաև Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները։ Եթե օրենքի ընդունումից անմիջապես հետո որոշակի խստացում կար,ապա այժմ գրեթե բոլոր խանութներում պոլիէթիլենային տոպրակները համատարած տրամադրվում կամ 50 դրամով վաճառվում են ։ «Ռադիոլուրն» այս հարցի շուրջ զրուցել է մասնագետների հետ։
Եթե բնապահպան Սիլվա Ադամյանը որպես խնդրի միակ լուծում համարում է պոլիէթիլենի ի սպառ բացակայությունը խանութներում, ապա սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը վստահ է՝ քանի դեռ այլընտանք չկա, արգելքներն արդյունք չեն տալու։
Պոլիէթիլենային տոպրակները հաստացան, թանկացան, բայց ոչ միայն դրանց պահանջարկը չպակասեց, այլև կիրառումը։ Ավելին՝ խնդրի բնապահպանական կողմը ոչ միայն չլուծվեց, այլև ավելի սրվեց՝մեծացնելով թե հանության դժգոհությունները, թե բնապահպանների քննադատությունները։ Առևտրի խոշոր կենտրոններն անցել են հաստ տոպրակների կիրառման, բայց դրանից սպառումը չի նվազել, հետևաբար չի շահում նաև բնությունը, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Կամ մենք հստակ պետք է արգելենք ընդհանրապես ցելոֆանե տոպրակների վաճառքը, կամ դրանց վրա այնպիսի գին պետք է լինի, որը հասանելի չլինի բոլորին։ Այսինքն՝ 50-60 դրամը հասանելի է բոլորին, բոլորը կարող են վճարել և ցելոֆանե տոպրակներ գնել։ Նորից ստացվում է, որ օրենքն ընդունվել է, բայց գնի սանդղակը մնում է մատչելի հանրության համար։ Այսինքն՝ հանրությունը կարող է իրեն չծանրաբեռնել, իր հետ ուրիշ տոպրակ ման չտալ, գնել պոլիէթիլենը, որը նորից գնում է դեպի աղբավայր։ Այսինքն մենք նորից ոչինչ չփոխեցինք»։
Մինչ բնապահպանը խնդրի լուծումը տոպրակների գնի թանկացման մեջ է տեսնում, սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը համոզված է՝ դա խնդրի լուծում չէ։ Քանի դեռ այլընտրանք չկա սպառողի համար, օրենքը որքան էլ խտսացնեն, միևնույն է՝ չի գործելու։
«Քաղաքացին ի՞նչ անի։ Անընդհատ իր հետը տոպրակ բերի՞։ Երբ դու գործն անում ես կիսատ-պռատ, վերցնում ես միջազգային փորձից մի փոքր դետալ, չես նայում, թե այդ փորձի հետ զուգահեռ նրանք ինչեր են անում, բնականաբար, արդյունք չես ունենա։ Մեզ մոտ ամեն ինչը շարունակում է մնալ պոլիէթիլենային տոպրակների մեջ, և դա բնական է, որովհետև մենք ենթակառուցվածք չենք ստեղծել, սննդային թղթի արտադրություն չունենք, որոնք էլ կան, մատչելի չեն, թղթե տոպրակների արտադրություն չունենք։ Բնականաբար միայն չունենալու պարագայում երբ ասում են պոլիէթիլենային տոպրակի համար վճարի, բացի նրանից, որ մի քանի տնտեսվարող սկսում է թանկով տոպրակ ծախել հարստանալ, ուրիշ ոչ մի խնդիր չես լուծում։
Որ ավելի քան 1 տարի գործող կարգավորումը, որի համաձայն` արգելվում է 50 միկրոնից պակաս հաստության տոպրակների վաճառքը, ցանկալի արդյունք չի տվել, հաստատում են նաև Շրջակա միջավայրի նախարարությունում։ Քանի որ օրենքն իրեն չի արդարացրել, նոր նախաձեռնություն են մշակում։ Նոր օրինագծով մտադիր են արգելել 50 միկրոնից ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակների, նաև մեկանգամյա օգտագործման պլաստմասսայե սպասքի, սննդի փաթեթավորման համար օգտագործվող տարաների իրացումը։
Դրանք այն ամաններն են, որոնց մեջ փաթեթավորվում են երշիկեղենը, պանիրը և առանց գործարանային փաթեթավորման վաճառվող սննդամթերքի այլ տեսակներ։ Առաջիկայում նախարարույթունում բնապահպանների և հկ-ների հետ հանդիպում է նախատեսված։ Բնապահպան Սիլվա Ադամյանը վստահեցրեց, որ անպայման կներկայացնի պոլիէթիլենը ի սպառ բացառելու իր առաջարկները։ Վստահ է՝ խնդրի լուծումը բացառապես դրանք տեսադաշտից հանելու մեջ է։ Սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյան այդքան լավատես չէ։ Ըստ նրա՝ առանց ռեսուրսներ ներդնելու, ոչ մի ռեֆորմ արդյունք չի տալու։




