ԿարևորՀասարակություն

Աշակերտներն ու գույքը տեղափոխվում են․ ի՞նչ է սպասվում փակվող դպրոցի մանկավարժներին

Կառավարության դեկտեմբերի 15-ի որոշման համաձայն՝ Երևանի թիվ 201 հիմնական դպրոցը կվերակազմակերպվի` միանալով թիվ 124 հիմնական դպրոցին: Այժմ գույքագրում է իրականացվում, շուտով դպրոցը կդադարի գործել: Կառավարության՝ դեկտեմբերի 15-ին կայացրած որոշման մասին դպրոցի անձնակազմն իմացել է Ամանորին ընդառաջ։ Եթե աշակերտներն ու գույքը տեղափոխվելու կոնկրետ հասցե ունեն, ապա մանկավարժական կազմն անորոշությունից մեջ է։ Որոշման մեջ իրենց վերաբերող կետ չկա․ մտահոգ են, որ գործազուրկ են մնալու։

Դեռ Ամանորին տոնական մեծ միջոցառում անցկանող Երևանի  թիվ 201 հիմնական դպրոցը մի քանի օրում դատարկվել է։ Աշակերտների մեծ մասն արդեն տեղափոխվել է հարևան դպրոց։ Տեղափոխվում է նաև գույքը։ Մանկավարժական կազմն է միայն տեղում, բայց դատարկ դասարաններում այլևս անելիք չունի։

Կառավարության՝ դեկտեմբերի 15-ին  կայացրած որոշումն անակնկալի է բերել դպրոցի մանկավարժներին․ աշակերտներն ու գույքը տեղափոխման կոնկրետ հասցե ունեն, իսկ ուսուցիչները մտահոգ են, որ գործազուրկ են մնալու։ Որոշման մեջ մանկավարժական կազմին վերաբերող կետ չկա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ահազանգում է դպրոցի արհմիության ղեկավարը։

«Կոլեկտիվի անդամներից 7-8 հոգով գնացել ենք հանրային պաշտպանի մոտ, նա մեզ ասել է, որ տարվա կեսից դպրոցը փակելը անհարմար վիճակ է ստեղծում և’ աշակերտի, և’ ուսուցիչների համար։ Հնարավոր է՝ մինչև տարեվերջ որոշակի փոփոխությունների արդյունքում դպրոցն էլ մնար։ Մենք բոլոր հնարավորություններն ունեինք։ Թե ո՞նց է սկսվել, ինչո՞ւ այդպես եղավ, նույնիսկ տեղյակ էլ չեմ որպես արհմիության նախագահ։  Տարվա վերջին նոր տարվա միջոցառում էր մեզ մոտ, տնօրենը հայտարարեց, որ մեր դպրոցը միավորվում է 124-ի հետ, մենք կազմալուծվում ենք», –ասաց արհմիության ղեկավարը։

Երևանի համար 201 դպրոցի տարածքում նախկինում գործում էր տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը, 2020 թվականից այն վերափոխվեց և դարձավ քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոց։ Ներկայում դպրոցում սովորում է 105 աշակերտ, որոնցից 20-ն ընթացիկ ուսումնական տարում ավարտելու է դպրոցը: Աշխատակիցները 42-ն են։ Հաշվի առնելով դպրոցի թերբեռնվածությունը, նաև  աշակերտների հոսքի վերջին տարիների դինամիկան, տարածքային առանձնահատկություններն ու պայմանները, մասնավորապես՝ հարևանությամբ գտնվող և նոր աշակերտներ ընդունելու հնարավորություն ունեցող Ներսես Մեծի անվան հ. 124 դպրոցի առկայությունը՝ կառավարությունը որոշել է տնտեսել պետական միջոցները և միավորել երկու թերբեռնված դպրոցները։

Որոշվել է նաև դպրոցների միավորումից հետո, որպես կրթության կազմակերպման մեկ ընդհանուր շենք-միջավայր, դիտարկել 124 դպրոցը, որն ունի 700 աշակերտի սահմանային տեղ: Մյուս դպրոցի տարածքը նախատեսվում է վերադարձնել  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

Ուսուցիչների բարձրացրած խնդիրը ողջամիտ է, մտահոգությունը՝ տեղին։ Որոշման իրացման հետևանքով ուսուցիչները փաստացի առանց աշխատանքի են մնում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում համաձայնում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Քանի որ 124 դպրոցը ևս թերբեռնված է, և 201-ի սովորողները մեխանիկորեն ծնողների դիմումների հիման վրա տեղափոխվում են մյուս դպրոց, նոր դասարան  բացելու անհրաժեշտություն չկա, այսինքն՝ նոր հաստիքներ բացելու անհրաժեշտություն ևս չկա։ Այլապես որպես իրավահաջորդ ուսուցիչներն էլ կտեղափոխվեին 124։ Բայց քանի որ մենք տիրապետում ենք առկա թափուր տեղերի մասին տեղեկատվությանը, մենք հենց այսօր տեղեկացնելու ենք բոլոր մասնագետներին։ Մենք համադրել ենք՝ ով ինչ կրթություն ունի, ով որտեղ կարող է աշխատել, առաջարկը որպես այդպիսին մանրամասն տեղեկատվությամբ ներկայացվելու է»։ 

Այլ դպրոցներում թափուր տեղերը համալրելու առաջարկը դպրոցում ոչ միանշանակ է ընդունվել։ Վարչական շրջանով, հետևաբար նաև հեռավորությամբ պայմանավորված՝ ուսուցիչները հնարավոր է հրաժարվեն առաջարկից։

Դպրոցի արհմիության նախագահ. «Քաղաքում կարող է ազատ տեղ լինի, բայց, օրինակ, Ավանից Կենտրոն գնալը կամ ենթադրենք Մալաթիայում տեղ կա, Ավանից ես ո՞նց գնամ հասնեմ»։

Թափուր տեղեր կան բոլոր վարչական շրջաններում՝ նկատում է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։ Ավելին՝ 201 դպրոցում նաև որակավորում չունեցող մասնագետներ կան։ Քաղաքապետարանը խոստանում է անել ամեն ինչ , որ ոչ մի ուսուցիչ առանց աշխատանքի չմնա։ Այլ խնդիր է, եթե ուսուցիչներն իրենք չընդունեն առաջարկները։ Ասում են՝ այս դեպքում արդեն անզոր կլինեն։

Կարդացեք նաև

Back to top button