ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ը Երևանից ծանուցում չի ստացել «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանի տարածքում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին:

Ինչպես նշել են կազմակերպությունում, Երևանը նախապես հաստատել էր Հայաստանում զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

ՀԱՊԿ-ից նաեւ հավելել են, որ իրենք ըմբռնումով են վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին։

ՏԱՍՍ-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչն ավելի վաղ հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբը քննարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ ոչ թե Հայաստանում, այլ կազմակերպության անդամ մյուս երկրների տարածքում անցկացնելու առաջարկները։

Նա նշել է, որ Միացյալ շտաբը տեղեկություն է ստացել Հայաստանի պաշտպանության նախարարությունից 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ «ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանը»,– հավելել է Շչգրիկովիչը։

Հայաստանը նպատակահարմար չի համարում հյուրընկալել ՀԱՊԿ խաղաղապահների զորավարժությունները, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն գրավոր տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ այս իրավիճակում նպատակահարմար չենք գտնում նման զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանում զորավարժությունները գոնե այս տարի չեն կայանա»,- ասել էր Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button