ԿարևորՀասարակություն

Հավելված, որ կարող է փոխարինել պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիաներին․ Podcastle–ը՝ «տարվա հերոս»

Մեր պատմությունը մարդկանց մի խմբի մասին է, ովքեր անցնող տարվա ընթացքում ռադիոականներին զգուշացրին՝ գալու է կամ արդեն եկել է մի ժամանակ, որ հարցազրույցներ, ռադիոհաղորդումներ անելու համար բոլորովին պարտադիր չէ մի ամբողջ շենք, պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիաներ ու հատուկ որակավորում ունեցող մասնագետներ ունենալ։ Podcastle հայկական հավելվածը ծրագիր է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ձայնի հետ, մշակում կամ ստեղծում են աուդիոֆայլեր։ Անցնող 2022-ի ընթացքում Podcastle հայկական IT ընկերությունը 2 միջազգային հեղինակավոր մրցանակ է ստացել, մրցել աշխարհահրչակ Adope ընկերության հետ ու հաղթել։ Հայկական ստարտափի հետ «Ռադիոլուրը» հանդիպեց 2022-ի ապրիլին ու նաև տարեվերջին Հայաստանի համար ամենահեռանկարային ոլորտի երիտասարդ ընկերության հետ ամփոփելու անցնող տարին ու այն ահռելի աշխատանքը, որ անում է ոլորտը երկրի տնտեսության զարգացման համար։

Զրուցակիցս անցնող տարվա ընթացքում ինձ խոստացել էր՝ մեր հաջորդ հանդիպմանը կկարողանա կլոնավորել իմ ձայնը։ Ես, իհարկե, թերահավատ էի։ Մեր վերջին հանդիպումից անցել է 8 ամիս։

«Այո, կլոնավորման տեխնոլոգիան արդեն պատրաստ է, սակայն անգլերենով։ Ընդամենը մեզ պետք է, որ օգտատերը կարդա հատուկ իր համար ստեղծված 7 րոպեանոց տեքստ, և պետք է ընդամենը 24 ժամ, որ մենք նրա ձայնը կլոնավորենք։ Արդեն կարիք չի լինի տեքստը կարդալ ու ձայնագրվել․ տեքստը կտանք համակարգին և կունենանք պատրաստի տեքստ այդ մարդու ձայնով»։

Անցնող 2022-ում սա Podcastle հայկական IT ընկերության իրականություն դարձած միակ նպատակը չէ։ Առհասարակ, չնայած բոլոր հայտնի ու անհայտ դժվարություններին, ընկերությունում տարին լավագույնն են համարում։ Ձայնի մշակմամբ զբաղվող startup ընկերությունը 2022-ին նույնիսկ «օսկարակիր» դարձավ։ «Ինտերնետային օսկար» անունով հայտնի «Webby Award» մրցանակաբաշխությանը հայկական ընկերությունը նույն անվանակարգում մրցեց աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ «Adobe»-ի հետ ու հաղթեց:

«Իրականում մեր վերջին զրույցից հետո մենք բավականին հաջողություններ ունենք, մենք ունենք մի քանի տեղական ընկերություններ, որոնք արդեն օգտվում են մեր ծրագրից։ Իհարկե, հայաստանյան շուկան շատ փոքր է, բայց ես զգում եմ ու տեսնում եմ, որ այստեղ մեծ պոտենցիալ կա թե փոդքասթ ստեղծեղների, թե լսողների ու մշակողների շրջանում»,– ասում է «Podcastle» ընկերության գործառնական տնօրեն Արսեն Համբարձումյանը։

Ամեն ինչ սկսվեց շուրջ 2 տարի առաջ, երբ հայտնի ընկերություններից մեկում աշխատող ծրագրավորող ընկերներն իրենց ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար որոշեցին մի հարթակ ստեղծել, որը կկարողանար անգլերեն տեքստերը փոխակերպել աուդիոյի։ Դրա միջոցով կկարողանային զբաղված օրվա ընթացքում և աշխատել, և զուգահեռաբար զբաղվել ինքնակրթությամբ։ «Podcastle»–ի առաջին արտադրանքը հենց տեքստը «կարդացող» գործիքն էր․ հայկական մտքի շնորհիվ հնարավոր դարձավ տեքստը փոխակերպել ձայնի։ Արսեն Համբարձումյանն ասում է՝ առաջին հաջողված ծրագիրն ստիպեց մտածել հաջորդ քայլերի մասին։ Ուսումնասիրեցին շուկան ու հասկացան, որ կան, օրինակ, լուսանկարները մշակելու ծրագրեր, հավելվածներ, կան վիդեո խմբագրման ծրագրեր, բայց չկա մի հարթակ, որը հնարավորություն կտա մշակել աուդիոֆայլերը։

«Ձայնագրության ժամանակ մենք հաճախ ենք օգտոգործում «ըըը՜», «աաա՜», «հմմմ՜» հետագայում այս մասերը կտրելը, որպես կանոն հսկա գլխացավանք է, ժամեր է տևում, իսկ մեզ մոտ պարզապես մի հպումով այդ ամբողջը կարողանում ենք հեռացնել։ Մենք այդ խմբագրումը հեշտացնում ենք, բայց դեռ շատ անելիքներ ունենք, կարելի է ասել 80 տոկոսով խնդիրը լուծում ենք, բայց օգտատերերի հետ անընդհատ շփումներով նոր խնդիրներ են առաջանում»։

«Podcastle»-ի հետ «Ռադիոլուրը» առաջին անգամ հանդիպեց ընկերության գրասենյակում․ այն ժամանակ Արսենն ինձ համոզում էր, որ հարցազրույցի համար հանդիպելը պարտադիր պայման չէ․ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել «Podcastle»–ի հատուկ գործիքներից ու բարձրորակ, ստուդիական որակի ձայնագրություն ստանալ։ Հիմա արդեն զրուցում ենք Հանրային ռադիոյի հարմարավետ, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձայնագրման ստուդիայում։ Հարցնում եմ՝ արդյո՞ք իմ ու հատկապես ռադիոական տեխնիկական մասնագիտություններ ունեցող գործընկերներիս ապագան վտանգված է։

«Մենք չենք պնդում, որ մարդն անպայման պետք է տանը ստուդիա ունենա, որ կարողանա պրոֆեսիոնալ որակի ձայն ստանալ։ Մենք առաջարկում ենք ընդամենն ունենալ համակարգիչ և որտեղից ուզում է, ստեղծի իր հաղորդումները, էպիզոդները կամ փոդքասթները»,– ասում է Համբարձումյանը։

Հայկական հավելվածն արդեն ավելի քան կես միլիոն հետևորդ ունի․ օգտատերերի շուկան հիմնականում արևմտյան ու ամերիկյան է։ Հայաստանում առաջատար համարվող IT ոլորտի երիտասարդ ընկերության համահիմնադիրը նաև պետության զարգացման իր փոքրիկ, բայց հստակ անելիքների քարտեզն ունի։

«Մոտեցումը հետևյալն է․ երկրի համար ինչ–որ հավելյալ բան անելու համար ամենակարևոր պայմանն այն է, որ ամեն մեկս մեր տեղում մեր աշխատանքը անենք։ Հիմա շատ ընդունված է, որ բոլորը կարծիքներ ունեն տարբեր ոլորտների վերաբերյալ։ Ես, օրինակ, քաղաքականությունից այնքան էլ չեմ հասկանում, աշխատում եմ այդ թեմայով չխոսել։ Ամենաառաջին քայլը, որ մենք անում ենք, երկրի տնտեսությանն օգուտ տալն է։ Օրինակ՝ մենք այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում հայտնվեցինք Հայաստանի խոշոր 1000 հարկատուների մեջ։ Դա մեզ համար հսկայական ցուցանիշ է, քանի որ մենք փոքրիկ ընկերություն ենք՝ ընդամենը 50 հոգանոց թիմով»,– ասում է «Podcastle» ընկերության գործառնական տնօրենը։

Դուք ունեք աուդիո ֆայլ, որի մեջ փողոցի աղմուկ է, քամու կամ, օրինակ, օդորակիչի ձայն․ հայկական ստարտափի ստեղծած հավելվածը կարող է հեռացնել աղմուկը ու ձեզ վերադարձնել լիովին անաղմուկ, ստուդիական որակի աուդիոֆայլ։ IT ընկերությունում եղածով չեն բավարարվում, բայց այս անգամ մեր հաջորդ հանդիպման համար արդեն նպատակներ չեն բարձրաձայնում։

«Մաղթում եմ նաև, որ հաջորդ անգամ հանդիպենք, հիշենք ու ասենք, որ դեկտեմբերին մենք այս նպատակներն ունեինք ու հիմա դրանք արդեն իրականացրել ենք»,– եզրափակում է Արսեն Համբարձումյանը։

Կարդացեք նաև

Back to top button