
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտներով և այս իրավիճակի աճող մարդասիրական հետևանքներով, ասել է հատուկ քաղաքական հարցերով ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով նիստում։
«Թույլ տվեք հստակ ասել. Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են մղում խաղաղ գործընթացը: Դրանք խաթարում են միջազգային վստահությունն այս գործընթացի նկատմամբ։ Եվ դրանք կրում են պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ»,- ասել է դեսպանը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և մյուսներին, ովքեր պատասխանատու են միջանցքի անվտանգության համար, հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը, այդ թվում մարդասիրական և առևտրային օգտագործման համար», — ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ պարոն Վուդը նշել է, որ ԱՄՆ-ը ոգևորված է Լեռնային Ղարաբաղի բնակչության գազի մատակարարման վերականգնմամբ և նշել, որ «Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար անհրաժեշտ ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է»։
«Միացյալ Նահանգները կշարունակի կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել, անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող գործողությունները և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները», — ասել է նա։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած դժգոհությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Բանակցությունները տեւական խաղաղության հասնելու միակ ճանապարհն են. միջազգային հանրությունը պետք է անի իր բաժինը և շարունակի ներգրավված լինել տեւական խաղաղության հաստատման դիվանագիտական միջնորդության մեջ»,- նշել է դիվանագետը։
«Ինչպես ցույց տվեց ժամանակը, այս հակամարտությունը չի կարող ունենալ միակողմանի կամ ռազմական լուծում: Երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան դիվանագիտական գործընթացին և վերականգնեն դիվանագիտական ուղիներով հաղորդակցության ուղիղ ուղիները: Բոլոր կողմերը պետք է ակտիվացնեն իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և առաջընթաց գրանցեն իրենց հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ համապարփակ, կայուն խաղաղության համաձայնագրի միջոցով»,- հայտարարել է Ռոբերտ Վուդը։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ կայուն հրադադարին և այս հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք շարունակում ենք ակտիվորեն ներգրավված լինել երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, քանի որ աշխատում ենք այդ ընդհանուր նպատակի ուղղությամբ», — շարունակել է դեսպանը:
«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը երկկողմ, եռակողմ և համակարգելով այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը՝ համաձայն միջազգային իրավունքի, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի»,- ասել է նա:
Ռոբերտ Վուդը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացած բոլոր խնդիրների բանակցային, համապարփակ կարգավորման կարևորությունը։




