
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների շարժը վերականգնելու համար, երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար», — հայտնում են նախարարությունից։
Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Մի քանի հարյուր մարդ, հիմնականում ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեկտեմբերի 13-ին բողոքի ցույց են անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Ցուցարարները պահանջել են քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։




