Տնտեսական

Դրոշմապիտակավորման ենթակա կլինեն նաեւ կաթնամթերքը, սուրճը, ձեթն ու մսամթերքը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության ՝ ստվերի դեմ պայքարի հերթական քայլը, օրենսդրական նախաձեռնությունն արդեն ԱԺ ճանապարհին է: Գործադիրում արդեն հաստատել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով՝ դրոշմապիտակավորման ենթակա են լինելու կաթնամթերքը, սուրճը, թեյ, ձեթը, օճառը, մսամթերքը։ Կառավարություն ցանկանում է, որ օրենսդրական փոփոխությունները մի շարք ապրանքների մասով ուժի մեջ մտնեն արդեն այս տարվա ապրիլից և աստիճանաբար տարածվեն նաև մյուս ապրանքների վրա. մուրաբաների, ջեմերի, պահածոների մասով՝ արդեն 2015թ. հուլիսից։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մտահոգություն չունի՝ դրոշմապիտակավորումը չի հանգեցնի վերը նշված ապրանքատեսակների գծով գների աճին. «Չեմ կարծում, որ կթանկանա, խնդիրը կայանում է նրանում, որ ապրանքների դրոշմապիտակավորումը հանգեցրել է տվյալ ապրանքների հայտարարագրող ծավալների ավելացմանը, կառավարությունը որդեգրել է, որպեսզի այդ միջոցառումը իրականացվի փուլ առ փուլ, կարծում եմ, որ առավել կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները ճշգրտորեն հայտարարագրեն իրենց իրացման ծավալները, և կատարեն իրենց հարկային պարտավորությունները»:
Հիշեցնենք, որ նման օրենսդրական փոփոխություն կառավարությունն արդեն կատարել էր ու գարեջուրը, հյութերը, ջրեղենը դրոշմապիտակավորվում են: Արդյունքները ոգևորիչ են. փոփոխության հիմնավորման մեջ նշված է, որ 2012թ. տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում լայն սպառման համար նախատեսված որոշ ապրանքատեսակների (գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի) մասով դրոշմապիտակներով հաշառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության և իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, ստվերի կրճատմանը, հետևաբար նաև պետական բյուջեի եկամուտների աճին:
Մասնավորապես, 2013թ. երրորդ եռամսյակում 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 4,9 մլն լիտրով կամ 2,3 անգամ, բնական հյութերի և ըմպելիքների (զովացուցիչ և հանքային) արտադրության քանակը՝ 2,1 մլն լիտրով կամ 62,1%-ով: Միաժամանակ, նշված ապրանքներ արտադրողներից և ներմուծողներից հարկային մուտքերը 2013թ. երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի նկատմամբ, աճել են 1 մլրդ-ով կամ 45%-ով:
«Գնահատման խնդիր է։ Մենք գերադասում ենք աշխատել ստվերում և չունենալ թանկացում, թե չաշխատել ստվերում և ունենալ թանկացում: Ցանկանալն էլ հարաբերական է, որովհետև տնտեսվարող սուբյկետները գերադասում են գերշահույթ ունենալ և չհրաժարվել իրենց շահույթների մի մասից, ապա համեմատելու և գնահատելու խնդիր ունենք»:

Միրումյանի խոսքով՝, դրոշմապիտակների գումարը ենթակա է նվազեցման հարկ վճարողի հարկային պարտավորություններից, և փաստացի պետությունն է ֆինանսավորում դրոշմապիտակի արժեքը: Դրոշմապիտակներն այդուհանդերձ իրենց հետ գնաճ բերելու են, ինչպես օրինակ գարեջրի, հյութերի դեպքում տեղի ունեցավ:

Back to top button