
Հովիկ Մուսայելյանը հիշում է, որ մի անգամ պատահաբար ականատես է եղել, թե ինչպես են լուրջ մարդիկ խոշորացույցները ձեռքին սովորական գունավոր թղթերի նայելով թունդ քննարկումներ ունենում։ Հետաքրքրվել է, գերվել դրանով, ու արդեն 35 տարի ինքն է խոշորացույցով հետևում այդ առաջին հայացքից սովորական թվացող նկարազարդ թղթի պատառիկների ամեն մի նախշին։ Այսպես է նա դարձել ֆիլատելիստ՝ նամականիշերի կոլեկցիոներ, ու հիմա արդեն Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահն է․
«Ես հավաքում էի դրամներ, և իմ կարծիքով դրամներ հավաքելը շատ ավելի ծանրակշիռ էր, քան նամականիշը։ Նույն ակումբում հավաքվում էին նումիզմատներն ու ֆիլատելիստները և ես՝ որպես նումիզմատ, գնում էի այնտեղ, որ գնեի ինձ հետաքրքրող մետաղադրամները։ Աչքի տակով մեկ-մեկ նայում էի, զարմանում, որ լուրջ մարդիկ վիճում են ինչ–որ գունավոր թղթերի համար, խոշորացույցները դրած, ինչ–որ լուրջ-լուրջ դեմքեր ստացած․․․ այ մարդ, ասում էի, էս բանուգուրծ չունե՞ն էս մարդիկ։ Բայց ես երբեք չէի մտածում, որ ես էդ թակարդը կընկնեմ և սկսեցի ավելի ուշադիր նայել, հետո սկսեցի առանց հասկանալու գնել, առանց թեմաները բաժանելու»։

Տարիների ընթացքում ամեն ինչ համակարգվեց։ Արդյունքում՝ այսօր տարբեր թեմաներով հարուստ հավաքածուներ ունի․ Քրիստոնեություն, Հին Հայաստան, Նոր Հայաստան, Խորհրդային տարիների՝ 1958-91 թթ նամականիշեր, ամերիկյան հոբելյանական ծրարներ, Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներին նվիրված հավաքածուներ և այլն։ Ճարտարապետության թանգարանում ֆիլատելիան իրենց մեծագույն հետաքրքրությունը դարձրած ևս 25 կոլեկցիոներ իրենց հավաքածուներն էին ցուցադրում։ Ցուցահանդեսը բացվել էր Հայաստանում ֆիլատելիստական ու դրամագիտական շարժման հիմնադրման 100 ամյակի առթիվ․
«100-ամյակն է տոնվում այսօր, իսկ մենք ունենք ֆիլատելիստ, որի 90 ամյակն այս տարի էր, Վազգենը Բադալյանն և էսօր մենք պատրաստում էինք իրեն մրցանակ տալ, ցավոք մի քիչ վատառողջ է, մենք հետո կփոխանցենք։ 90 տարեկան է, բայց մարդը գալիս է, ու, գիտեք, ֆիլատելիստներն այնքան հետաքրքիր մարդիկ են, միշտ ստիմուլ ունեն»,- ասում է Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Ֆիլատելիստների միջև նաև մրցույթ է անցկացվել․ պրոֆեսիոնալ ժյուրին արդեն որոշել է հաղթողներին։ Ժյուրիի նախագահ Սուրեն Սիմոնյանը պատմում է ընտրության սկզբունքի մասին․
«Ընդհանրապես ֆիլատելիայի ամբողջ ասպարեզը խիստ կանոնակարգված է, կան միջազգային փաստաթղթեր, օրենքներ, որոնք թույլ են տալիս գնահատել, ուսումնասիրել և այլն։ Առաջինը դա նյութի որակն է, պատմությունն է, ձևավորման որակը, ձևավորման պատմությունը, գիտելիքները, այսինքն՝ եթե դուք կարդում եք էն, ինչ գրված է ցուցատախտակի վրա դուք հսկանում եք՝ էդ մարդն աշխատել է, թե ուղղակի կպցրել է էդպես»։

«Դե, որ իջեցնում էին վերևից, հիմա իր մոտիկին նվեր է տալիս, շատ չգիտի՝ նա կվաճառի, թե չի վաճառի, կամ նվեր է տալիս մեկին, ով էդքան կապ չունի ֆիլատելիայի հետ։ Ազատ մնում է։ Մենք պրպտող մարդիկ ենք։ Պիտի ունենաս, որ ցուցադրես, պիտի ճարես»։
Մերուժան Գալստյանը պրպտել, ճարել ու ցուցահանդեսին է ներկայացրել 1978 թ-ին տիեզերքում կնքված ծրարներ։ Բոլոր ապացույցները հավաքել է, հավաստիացել է, որ կնիքն իսկապես տիեզերքում է դրվել, հիմա բերել է ցուցադրության ու ոսկե մեդալով պարգևատրվել։ Չի մանրամասնում, թե ինչպես են բացառիկ ծրարները իր ձեռքն ընկել, այդ հարցին կարճ է պատասխանում՝ մենք էլ ծանոթներ ունենք, գիտենք՝ ինչը որտեղ փնտրել ու գտնել։

Մերուժան Գալստյանը նամականիշեր ու ծրարներ է հավաքում արդեն 50 տարի։ 150 ցուցահանդեսի է մասնակցել։ Իր հոբբին նույնիսկ թոռներին է փոխանցել։ Ասում է՝ ավագ, կոչումավոր ֆիլատելիստ ընկերներն էլ չկան, ինքը բացառիկներից է Սովետական միության, Ռուսաստանի ու Հայաստանի Ֆիլատելիստների միության պատվավոր անդամ է։
Քանի որ իր հավաքածուների հիմնական թեման տիեզերքն է, Մերուժան Գալստյանը նաև Ֆիլատելիստների համաշխարհային ֆեդերացիայի աստղաֆիլատելիայի բաժնի անդամ է։

«Ճարտարապետության թանգարանի համար սա շատ անսովոր ցուցադրություն էր, որովհետև անմիջական կապ չունի ճարտարապետության հետ։ Չնայած ցուցադրված նմուշներից շատերը ճարտարապետական են, նյութեր կան նվիրված հայ ճարտարապետության պատմությանը և այլն»։
Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասում է՝ նման ցուցահանդեսներով ավելի կարևոր խնդիր են լուծում․ ավելացնել մարդկանց հետաքրքրվածությունը թանգարանների նկատմամբ։
Այս ցուցահանդեսը մոտ 2000 այցելու է ունեցել։ Այդ առումով՝ մասնակիցները գոհ են, ասում են՝ կոլեկցիոների համար ամենամեծ հաճույքը իր հավաքածուով հետաքրքրված աչքեր տեսնելն է։

Այս հոբբին նաև եկամտաբեր է։ Միության նախագահ Հովիկ Մուսայելյանն ասում է, որ այսօր մեկ նամականիշը կարող է մինչև 3 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատվել։ Ահա, թե ինչու ֆիլատելիստները չեն հաշվում, թե քանի նամականիշ կա իրենց հավաքածուում։ Այստեղ կարևորը բացառիկությունն է․
«Կարող է դու ունենաս 50 նամականիշ, բայց դրանք էնքան հազվագյուտ լինեն, որ մի ամբողջ կարողություն լինեն, ու միայն այդ հավաքածուի վաճառքից մի քանի սերունդ ապահով կարող են ապրել»։
Նամականիշը նաև պետության հիմնական խորհրդանիշերից մեկն է։ Սրանց միջոցով հնարավոր է իմանալ՝ ինչ մշակութային, քաղաքական, կրոնական իրավիճակ է տիրել երկրում պատմության այս կամ այն ժամանակահատվածում։ Սա ավելի է բորբոքում ֆիլատելիսների հետաքրքրությունն ու ձգտումը՝ գտնել առաջին հայացքից սովորական գունավոր թղթեր, իրականում՝ պատմության վկա բացառիկ նամականիշեր։




