
Մոսկվայում ապրող մեր բազմահազար հայրենակիցները հրաշալի հնարավորություն ունեն առանց Հայաստան ուղևորվելու ծանոթանալ մեր երկրի մշակութային հարստությանը և գիտական նորություններին։
Ռուսաստանի պետական գրադարանի արևելյան գրականության կենտրոնը և ատենախոսությունների բաժինը Մոսկվայի հայկական թանգարանի հետ միասին նախաձեռնել են «Գիտելիք. ճանաչել Հայաստանը» ցուցահանդեսային նախագիծը, որը նվիրված է Հայաստանի գիտական, մշակութային և գրքային ժառանգությանը: Ցուցասրահի առաջին դահլիճում ներկայացված են Պավել Շալնևի աշնանային Երևանում արված լուսանկարները, հաջորդ սրահում արվեստագետներ Գուրգեն Հարությունյանի, Հուռութ Աղաջանյանի, Աննա Սողոմոնյանի, Նելլի Դանիելյանի և Տիգրան Սարապյանի գործերն են։ Այստեղ կարելի է ծանոթանալ նաև ճանաչված արվեստագետների և քաղաքական գործիչների թեկնածուական և դոկտորական դիսերտացիաների ատենախոսություններին։
Նախագծի շրջանակներում կանցկացվեն նաև մի շարք դասախոսություններ։
Առաջին դասախոսությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին։ Այն նվիրված է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությանը, որը կներկայացնի լրագրող, մշակութաբան, հայ արվեստի պատմության մասնագետ Նարինե Էյրամջյանցը։ Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը։




