ԿարևորՀասարակություն

Ռիսկային, հարցեր առաջացնող ծրագիր․ կրթության նոր ռազմավարությունն ընդունվեց

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը։ Այն շահառուների կողմից երկար սպասված փաստաթուղթ է և հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիշը, ուղղորդելով և համակարգելով ոլորտի հետագա բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը: Ծրագիրը անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Մինչև 2030 թվականը նախատեսվում է բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նախադպրոցական ծառայությունները։  Ոչ մի երեխա պետք է դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից:  Բոլոր դպրոցները պետք է համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։

Ուշ, բայց ոչ ուշացած․կրթության նոր ռազմավարությունը ամբողջությամբ ընդունվեց։ Մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմնական ուղղություններն են՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ սկսվել են ծրագրից բխող գործողությունների պլանի մշակման աշխատանքները, և այն շուտով կդրվի հանրային քննարկման։

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը մեր շահառուների կողմից երկար սպասված փաստաթուղթ է և հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիշ՝ ուղղորդելով և համակարգելով ոլորտի հետագա բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը»:

Մինչ կրթական գերատեսչությունը հավակնոտ ծրագիր է խոստանում , պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն դրանում լուրջ ռիսկեր է տեսնում։

«Կոնցեպտուալ առումով էական փոփոխություններ չեն եղել, պարզապես վերջնական տեսքին, որն ընդունվել է ԱԺ կողմից, ես ծանոթ չեմ։ Այնտեղ մի շարք հարցեր, թե կրթության կառավարման, թե ուսումնական հաստատությունների կռավարման, թե ծրագրի ֆինանսավորման ծախսակազմման հետ կապված հարցեր բաց են մնում՝ մեծացնելով ռիսկերը, փոքրացնելով նպատակին հասնելու հնարավորությունները»։  

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:Նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը, ըստ նոր ռազմավարության, 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսի ընդգրկվածության ապահովումն է նախադպրոցական ծրագրերում. նախքան դպրոց ընդունվելն առնվազն մեկ տարի երեխան պետք է մանկապարտեզ հաճախի:

Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթությունից. սա էլ հանրակրթության գլխավոր ուղղությունն է։ Դպրոց հաճախողների ընդգրկվածությունը վերջին տարիներին 90 տոկոս է, չհաճախելու ամենատարածված պատճառներն են` հաշմանդամությունը, ծայրահեղ աղքատությունը, մանկական աշխատանքը, էթնիկ պատկանելությունը և փախստականի կարգավիճակը։ Դրանք առնչվում են նաև տարածաշրջանային և սեռով պայմանավորված անհավասարություններին:

Արտակ Քյուրումյանի կարծիքով՝ այդ ամենը, իհարկե, բարձր է հնչում, բայց ինչ արդյունավետություն ակնկալել մի ռազմավարությունից, որտեղ կառավարմանն առնչվող հստակեցումներ չկան։

«Ցանկանցած համակարգում դու կարող ես ունենալ լավ մասնագետներ, սակայն եթե այդ ամենը լավ չկառավարվի, դրական արդյունքներ ակնկալել, դժվար է։ Անհասկանալի է, թե ինչպես է իրականացվելու ուսումնական հաստատությունների, դպրոցների, բուհերի, կառավարման համակարգի բարեփոխումները։ Ինչպես է կառավարությունը երաշխավորելու, որ ուսումնական հաստատությունները ղեկավարվում են բարձրակարգ մասնագետների կողմից, և մի շարք այլ խնդիրներ»։

Մասնագիտական կրթության ոլորտում ամենաակնառու  խնդիրը շարունակում է մնալ աշխատաշուկայի պահանջարկին մասնագիտական հմտությունների անհամապատասխանությունը: Ռազմավարությամբ ամրագրվում է, որ ուսումնարանն ու քոլեջն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի պետք է անցնի շրջանավարտների առնվազն 90%-ը։

Փորձագետի կարծիքով անհասկանալի է նաև թե ինչպես է կառավարությունը պատրաստվում լուծել գրագողության հետ կապված խնդիրն ու ակադեմիական քաղաքի հարցը։

«Ցեմենտ, ավազ շենքեր կառուցելու համար կճարվի,  բայց արդյոք այդ շենքերը, շինությունները կերաշխավորե՞ն որակյալ բարձրագույն կրթություն։ Իրենք բացատրել են, թե ինչու են տանում Աշտարակ, այլ ոչ թե այլ քաղաք։ Այս առումով շատ բացեր են մնում և ծրագիրն էլ շատ ռիսկային է, որը կարող է լավ ավարտ չունենալ»։

Կրթության զարգացման ծրագրում թերևս ամենաառնցքայինն ու ամենաքննարկվածը բարձրագույն կրթությունն է։ Բուհերի խոշորացումն այլևս անխուսափելի է և դա բխում է հենց որակյալ կրթության շահերից, հավաստիացնում են ծրագրի հեղինակները․ ռազմավարությամբ հստակ ամրագրված է՝ մինչև 2030 թվականը պետական ֆինանսավորմամբ գործելու է առավելագույնը 8 բուհ։

Ամենամեծ ռիսկերը Արտակ Քյուրումյանը հենց այստեղ է տեսնում։

Մի կողմից բուհերի օպտիմալացումը նաև ծախսերի օպտիմալացում է ենթադրում, մյուս կողմից սպառնում է մրցակցությանը, ինչն, ըստ փորձագետի,  կրթության և գիտության բնագավառում պարզապես աղետալի կարող է դառնալ։

Կարդացեք նաև

Back to top button