ԿարևորՄշակույթ

Հնչյուններ ձևավորողն ու հնչյուններ ստեղծողը․ նոր անուններ՝ Ռադիոտան նվիրյալների ճեմուղում

Դուք լսում եք երաժշտություն, իսկ հնչյունային ձևավորողն այն համադրում է հաղորդավարի ձայնին, մշակում ու վերջնական տեսք տալիս․ այն, ինչ այսօր ռադիայում անում ենք ամեն օր, նախորդ դարի 50–ականներին առաջին անգամ հայկական ռադիոյի երաժշտական խմբագրությունում արեց Արամ Սաթունցը։ Հայ կոմպոզիտորին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչին հին ու ներկա ռադիոականները հնչյունային ձևավորման նախահայրն են համարում՝ ասում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը․ հենց նա էր որ «անգույն» ձայնն ավելի գունավորեց։

«Շատերի համար մաեստրո Սաթունցը, իհարկե, նախ և առաջ երաժիշտ է, բայց վստահեցնում եմ, որ այն, ինչ Արամ Սաթունցն անում էր «Ռադիոտանը», պակաս կարևոր ու ծանրակշիռ չէր, քան երաժշտություն գրելը։ Մաեստրո Սաթունցը մի ամբողջ ռադիոական մասնագիտության հիմնադիր է։ Ինձ համար շատ կարևոր է, որ բոլոր այն մարդիկ, որոնք զբազվում են ձայնով, չմոռանան, թե ով է եղել առաջինը, հիշեն, որ այդ մասնագիտության հիմնադիրը լրջագույն կոմպոզիտոր էր»,– ասում է Գարեգին Խումարյանը։

Հանրային ռադիոյի նվիրյալների ճեմուղում բացվում է կոմպոզիտոր Արամ Սաթունցի հուշաքարը։ Բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների, զինվորական քայլերգերի հեղինակը նաև ուսուցիչ էր․ թատերական ինստիտուտում ապագա ռեժիսորներին երաժշտական ձևավորման նրբություններն էր սովորեցնում՝ պատմում է կոմպոզիտորների միության նախագահ, Արամ Սաթունցի որդին Արամ Սաթյանը։

«Միշտ ժպիտով մտնում էր ռադիո, կանանց հաճոյախոսություններ էր անում։ Ինձ համար նա  մաքրության օրինակ էր՝ հարաբերություններում, աշխատանքում։ Երբեք ինձ չի ասել՝ կոմպոզիտոր դարձիր, ասում էր՝ քո գործն է․ չէր խառնվում»։

Ճեմուղու մյուս կողմում կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուշաքարն է։ Հայկական որակյալ երաժշտության բարեկամ, մեծ ուսուցիչ, մաեստրո․ այսպես են բնորոշում երաժշտին։ Գրիգորիչի երգերում հայրենիքի հանդեպ անսպառ սերն է, կյանքն ու կռիվը․․․

Երևանում ծնված, Ստեփանակերտում մեծացած երգահանի կյանքում Արցախը գերակայություն էր․ Արցախյան առաջին պատերազմի օրերին իր ներկայությամբ ու երգերով մարտիկների կողքին էր, այդպես  էր նաև 2020-ին ու դրանից հետո։

«Արթուր Գրիգորյանի երգերը հնչել են Հայաստանի և Արցախի բեմերում, հայկական ֆիլմերում, ռադիոյի ու հեռուստատեսության ամենահայտնի հաղորդումներում, ամենահանդիսավոր առիթներով, ամենատխուր ու ուրախ պահերին։ Արթուր Գրիգորյանի շնորհիվ մեր սերունդը ունեցավ նաև իր երգերը»,– ասում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Արթուր Գրիգորյանի երաժշտությունը կապրի այնքան ժամանակ քանի դեռ մենք լսենք սիրահարվենք, երազնեք, տխրենք ու ուրախանանք նրա երաժշտությունների ներքո։ Շատ լսեք պապայի երգերը․․․»,– ասում է Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը։

«Ռադիոտան» դիմաց՝ Երևանի «աստղային պուրակում», ավելի քան 90 հուշաքար պատմում է  ռադիոյի և հեռուստատեսության ոլորտ բացառիկ ներդրումներ բերած  և բեկումնային փոփոխություններ կատարած մարդկանց մասին։ Այսուհետ նրանց կողքին են նաև հնչյուններ ձևավորողն ու հնչյուններ ստեղծողը։

Կարդացեք նաև

Back to top button