ԿարևորՄիջազգային

Ուկրաինան չի նստի բանակցային սեղանի շուրջ․ քաղաքագետներ

Ի՞նչ զարգացումներ են սպասվում ռուս-ուկրաինական  պատերազմում՝ Խերսոնի վերանվաճումից հետո։ Ոմանք խոսում են բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորության մասին, ոմանք էլ հոռետես են՝ ասելով, որ «կողմերը պատրաստվում են, նոր, ավելի մեծ պատերազմի»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ուկրաինական ուժերի վրահսկողության տակ վերադարձված  Խերսոն։ Նա նպատակ ունի G-20-ի երկրների շարքից դուրս մղել Ռուսաստանը, գրում է BBC-ն։ Զելինսկին խոսել է մի քանի հարյուրի հասնող ռուսական ռազմական հանացագործությունների մասին, խոստացել է պատասխանատվության ենթարկել  հանցագործներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս ընթացքում խոսում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն վերսկսելու մասին։ Խաղաղության պայմանագրի պայմանները պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա, ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Զելենսկին, մինչդեռ, բանակցություններ սկսելու համար հստակ  նախապայմաններ է առաջադրում, մասնավորապես՝ ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։  

Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում էլ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին, այն մարդկանց ու ընկերությունների դեմ, որոնք ռազմական տեխնիկա են տրամադրել Մոսկվային։ ԱՄՆ ֆինանսների նախարարը ասել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են մեղմվել խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում։

Որքանո՞վ է հավանական, որ բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Քաղաքագետ, ազգային շահի փորձագետ Գուրգեն Սիմոնյանը իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է համարում, ներկա դրությամբ բանակցությունները ձեռնտու են միայն Մոսկվային, քանի որ ըստ նրա, ռուսական կողմը ուժասպառ է․

«Անգամ դուք տեսնում եք, որ բալիստիկ հրթիռների համար նրանք դիմում են ԻԻՀ-ին։ Խերսոնի վերանվաճմամբ պատերազմը չի ավարտվում, ազգը կռվեց և արևմուտքի աննախադեպ օգնությունը զանազան սպառազինությունների առաքման միջոցով՝ հարցը  բեկեց։ Ըստ էության Խարկովի ողջ շրջանը ազատագրված է և մարտերը տեղափոխվում են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ։ Սա դուռ է բացում երրորդ ճակատի, երրորդ զարգացմանը։ Ուկրաինային բանակցային գործընթացը ձեռք չի տալիս, նրանք արդեն կապիտուլյացիոն պահանջներ են ներկայացրել Կրեմլին»։

Քաղաքագետի կարծիքով Ուկրաինան անդրդվելի է, և Պուտինը եկող տարի ամենայն հավանականության կհեռանա, կարծում է Սիմոնյանը։

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը ևս քիչ հավանական է համարում բանակցային սեղանի շուրջ նստելու հավանականությունը։ Ավելին, նա համոզված է, որ կողմերը պատրաստվում են նոր, ավելի մեծ պատերազմի․

«Եթե կողմերը որոշեին նստել բանակցային սեղանի շուրջ՝ նոր զորահավաքի և նոր պատերազմի պատրաստման ծրագրեր չէին լինի։ Ես հակված եմ կարծել, որ մոտ ժամանակներում, թեկուզ վեց ամսում կտեսնենք լուրջ առաջընթաց ռուս-ուկրաինական հարաբերություններում, քանի որ կողմերը տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեն խաղաղության համաձայնագրի մասին»։

Գրիգոր Բալասանյան համոզված է, որ ձմեռային որոշակի դադարից հետո, գարնանը նոր ռազմական գործողություններ կսկսվեն։

Ըստ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի՝ Մոսկվան ռազմական գործողությունները բեկելու հնարավորություն այս պահին չունի։ Դրա միակ միջոցը միջուկային զենքն է։ Սակայն արևմուտքը արձագանքել է, որ միջուկային սպառնալիքի դեպքում պատասխանը կլինի արագ և կտրուկ։

Մոսկվայի թուլացմամբ քաղաքագետը ռիսկ  է տեսնում նաև մեզ համար՝ ռուսական ուժերը մեր տարածաշրջանից դուրս բերելու առումով․

«Դա լինելու է, ես բացարձակ կասկած չունեմ։ Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ մեթոդներով պետք է կարողանանք արցախահայերի և Հայաստանի Հանարապետության ֆիզիկական անվտանգությունը պաշտպանել։ Դա կարող է լինել միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմամբ, որը քիչ հավանական եմ համարում այս խառնակ պայմաններում։  Երկրորդ տարբերակը կարող է լինել, այն, որ  հայկական ԶՈՒ-ի անմիջական վերահսկողության տակ վերցվեն այդ տարածքները դաշնակից պետությունների օժանդակությամբ։ Մենք քիչ ժամանակ ունենք և մեր ողջ քաղաքականությունը պետք է միտված լինի հայկական ԶՈՒ-ի կարգի բերումը, մարտունակության բարձրացումը»։

Գուրգեն Սիմոնյանը վստահեցնում է՝ մենք ունակ ենք այնպիսի քայլեր ձեռնարկելու, որ Թուրքիան նստի մեզ հետ բանակցելու, թեկուզ բարձր դիրքերից։ Իսկ հիմա պետականության կորստի վտագի առջև ենք,ասում է, հուշելով՝ պետք է արագ գործել։

«Տեխնիկապես մենք կարող ենք։ Այո, այո Հայաստանը ունակ է այնպիսի ներուժ կուտակել, որը կզսպխի անգամ Թուրքիայի նման պետության ռազմաքաղաքական նկրտումները։ Ունակ լինելը չի նշանակում, որ հիմա ունենա, ունակ լինել՝ նշանակում է, որ մենք այդ պոտենցյալը ունենք, որը կարող են զարգացնել և ունենալ, դա չոր հաշվարկ է։ Եթե Թուրքիան հաշվարկի ու տեսնի, որ Հայաստանի նկատմամբ ռազմական ինտերվենցիայի պայմաններում նրանք կկորցնեն 70-100 հազար ԶՈՒ-եր, կոնտինգենտ՝ նրանք ձեռնպահ կմնան հայկական կողմի ուղղությամբ բիրտ ուժի կրառումից ու կնստեն սեղանի շուրջ բանակցելու»։

Ազգային շահի փորձագետ Գուրգեն Սիմոնյանը 1-2 տարում «Ազգ-բանակ» հայեցակարգով զարգանալու մասին է հուշում, սակայն հստակ, գիտական մոտեցումներով, որ իր ասելով՝ անձամբ է մշակել։

Կարդացեք նաև

Back to top button